- Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ
- Պետական ծառայությունների մատուցման գրասենյակներ
- Քաղաքացիական կացության ակտերի գրանցում
- Իրավաբանական անձանց գրանցում և որպես ԱՁ հաշվառում
- Փաստաթղթերի միջազգային վավերացում (Ապոստիլ)
- Հարկադիր կատարման ծառայություն
- Պատիժների և հարկադրանքի միջոցների կիրառում
- Սնանկություն
- Արտոնագրված հաշտարարների ռեեստր
- Որակավորման ստուգում
- Նոտարիատ
- Դիտորդների խումբ
- Անվճար իրավաբանական օգնություն, հասցեներ
- Տուրքեր և վճարներ
- Դիմումների առցանց պատրաստում
- Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք
- Ամուսնության գրանցում
- Ծննդյան գրանցում
- Ամուսնալուծության գրանցում
Ի՞նչ կարգով է իրականացվում անվան փոխման պետական գրանցումը
Տասնվեց տարին լրացած անձն իրավունք ունի սահմանված կարգով փոխելու իր անունը, որը ներառում է անունը, հայրանունը և ազգանունը։
Մինչև 16 տարեկան երեխաների անվան փոխման մասին դիմումը տրվում է նրա ծնողի /ծնողների/ կամ օրինական ներկայացուցիչների կողմից։ 10 տարին լրացած երեխայի անվան փոխման դեպքում անհրաժեշտ է նրա համաձայնությունը։
Մինչև 16 տարեկան երեխաների անվան, հայրանվան և ազգանվան փոխման գրանցում կատարել թույլատրվում է հետևյալ հարգելի պատճառների առկայության դեպքում`
ա) անվան, ազգանվան անբարեհնչունության.
բ) անվան, ազգանվան արտասանության դժվարության.
գ) ծնողների համաձայնությամբ մյուս ծնողի ազգանուն կրելու.
դ) եթե ծնունդ գրանցելիս երեխային ազգանուն կամ անուն է տրվել առանց ծնողների ցանկությունը հաշվի առնելու.
ե) եթե երեխան փաստացի կրում է իր ծննդյան գրանցման մեջ նշված անունից տարբերվող անուն՝ ելնելով երեխայի շահերից.
զ) եթե ծննդի գրանցման մեջ նշված է երեխայի թերի անունը (փաղաքշական, կրճատ, փոքրացնող)։
16 տարեկանից բարձր անձանց անվան, հայրանվան և ազգանվան փոխման գրանցում կատարել թույլատրվում է հետևյալ հարգելի պատճառների առկայության դեպքում՝
ա) անվան, հայրանվան, ազգանվան անբարեհնչունության.
բ) անվան, հայրանվան, ազգանվան արտասանության դժվարության.
գ) ամուսնու ցանկության՝ մյուս ամուսնու հետ միասին մեկ ընդհանուր ազգանուն կրելու.
դ) մինչամուսնական ազգանունը կրելու ցանկության.
ե) երեխաների հետ միասին ընդհանուր ազգանուն կրելու ցանկության, եթե ամուսինը մահացել է, իսկ դիմողը եղել է մինչամուսնական ազգանունով.
զ) դիմողի` փաստորեն դաստիարակող անձի անունով հայրանուն և ազգանուն կրելու ցանկության.
է) դիմողի ազգությանը համապատասխան ազգանուն և անուն կրելու ցանկության.
ը) դիմողի տոհմական ազգանունը կրելու ցանկության.
թ) եթե անձը փաստացի կրում է իր ծննդյան գրանցման մեջ նշված անունից տարբերվող անուն։
Մյուս դեպքերում անվան փոխում թույլատրվում է միայն բացառության կարգով` յուրաքանչյուր դեպքում հաշվի առնելով քաղաքացու խնդրանքը հիմնավորող փաստաթղթերը։
Անվան փոխման գրանցումը ՔԿԱԳ-ի մարմինների կողմից մերժվում է, եթե.
• ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում «Քաղաքացիական կացության ակտերի
• մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և այլ իրավական ակտերի պահանջներին,
• անունը փոխել ցանկացող անձի նկատմամբ հարուցված է քրեական գործ,
• անունը փոխել ցանկացող անձը կրում է քրեական պատիժ, ունի դատվածություն։
Անվան փոխման գրանցումը մերժելու մասին ՔԿԱԳ-ի տարածքային մարմնի կողմից քաղաքացուն տրվում է գրավոր պարզաբանում մերժման պատճառների մասին։ Քաղաքացուն բացատրվում է մերժումը բողոքարկելու կարգը և նրա կողմից ներկայացված փաստաթղթերի բնօրինակները վերադարձվում են իրեն, իսկ լուսապատճենները և դիմումը պահվում են ՔԿԱԳ-ի մարմնում։ Անվան փոխման գրանցման մերժումը կարող է բողոքարկվել դատական կարգով։
Ո՞ր մարմինն է կատարում անվան փոխման պետական գրանցումը
Անվան փոխման պետական գրանցումը կատարվում է անունը փոխել ցանկացող անձի մշտական բնակության կամ ծննդի պետական գրանցման վայրի ՔԿԱԳ մարմնում` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համաձայնությամբ։
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ անվան փոխման պետական գրանցման համար
Անվան փոխման գրանցման համար պետք է ներկայացվեն`
1. 1. դիմում (դիմումի ձևանմուշը կարող եք ձեռք բերել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կայքից՝ www.moj.am հասցեով կամ ՔԿԱԳ մարմնից).
2. 2. դիմողի անձը հաստատող փաստաթուղթը,
3. 3. տեղեկանք բնակության մասին, եթե անձնագրում բացակայում է հաշվառման մասին նշումը.
4. 4. ՔԿԱԳ-ի այն վկայականները, որոնք փոխվելու են անվան փոխման հետևանքով,
5. 5. դիմողի ամուսնության վկայականը, եթե դիմողն ամուսնացած է.
6. 6. դիմողի անչափահաս երեխաներից յուրաքանչյուրի ծննդյան վկայականը.
7. 7. 16-18 տարեկան անձանց դեպքում՝ անձի ծնողների կամ օրինական ներկայացուցիչներիհամաձայնությունն անվան փոխման մասին,
8. 8. դիմողի խնդրանքը հիմնավորող փաստաթղթեր, որոնք ապացուցում են անվան փոխման համար հիմք հանդիսացող վերոհիշյալ հարգելի պատճառների առկայությունը.
9. 9. զորամասից (զինվորական կառավարման մարմնից) ծառայության մասին տեղեկանք՝զինծառայողների դեպքում։
Ի՞նչ ժամկետում է կատարվում անվան փոխման պետական գրանցումը
Անվան փոխման մասին դիմումը ՔԿԱԳ-ի տարածքային մարմնի կողմից քննության է առնվում դիմումը տալու օրվանից երկամսյա ժամկետում։ Հարգելի պատճառների առկայության դեպքում այդ ժամկետը ՔԿԱԳ-ի տարածքային մարմնի ղեկավարը կարող է երկարաձգել առավելագույնը` մեկ ամսով, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ-ի գործակալության պետը՝ առավելագույնը` 2 ամսով՝ ՔԿԱԳ-ի տարածքային մարմնի ղեկավարի միջնորդագրի հիման վրա։
Անուն փոխել ցանկացող` 16 տարեկանից բարձր տարիք ունեցող անձի դիմումը մյուս փաստաթղթերի հետ միասին ուղարկվում է նրա մշտական բնակության վայրի ոստիկանություն՝ քրեական գործ հարուցված լինելու, քրեական պատիժ կրելու, նրա դատվածության և հետախուզման մեջ գտնվելու մասին եզրակացություն ստանալու նպատակով։ Ոստիկանության մարմինները պարտավոր են եզրակացություն տալ 15-օրյա ժամկետում:
ՔԿԱԳ մարմինը, ստանալով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, անվան փոխման վերաբերյալ կազմում է եզրակացություն ոչ ուշ, քան դիմումն ստանալու օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում, և համապատասխան գործի մյուս փաստաթղթերի հետ միաժամանակ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ գրանցման թույլտվություն ստանալու համար: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ-ի գործակալության եզրակացությունը ստանալուց հետո ՔԿԱԳ-ի տարածքային մարմինը 10-օրյա ժամկետում անվան փոխման համար դիմած անձին գրավոր տեղեկացնում է նրա խնդրանքը բավարարելու կամ մերժելու մասին։
Անվան փոխման խնդրանքը բավարարելու դեպքում քաղաքացին պարտավոր է մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՔԿԱԳ-ի տարածքային մարմին` անվան փոխման գրանցումը կատարելու համար։ Նշված ժամկետը բաց թողնելու դեպքում քաղաքացու կրկնակի միջնորդությունը ՔԿԱԳ-ի տարածքային մարմնի կողմից ընդունվում և քննարկվում է ընդհանուր կարգով։
Ի՞նչպիսի իրավական հետևանքներ է առաջացնում անվան փոխման պետական գրանցումը
Անվան փոխման ակտի գրառման հիման վրա անունը փոխած անձի վերաբերյալ նախկինում կատարված քաղաքացիական կացության ակտերի գրառումների մեջ սահմանված կարգով կատարվում են փոփոխություններ, և դրանց հիման վրա տրվում են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման նոր վկայականներ։
Անձին տրվում է նաև անվան փոխման վկայական, որը հիմք է այլ պետական և ոչ պետական մարմինների ու կազմակերպությունների համար՝ անձի անվամբ տրված փաստաթղթերը փոխելու համար:
Որքա՞ն է կազմում պետական տուրքի դրույքաչափը
Անվան, հայրանվան, ազգանվան փոխման համար գանձվում է պետական տուրք` 5000 դրամ։ Եթե անձը ցանկանում է սահմանված ժամկետից շուտ ստանալ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության անվան, հայրանվան, ազգանվան փոխման վերաբերյալ եզրակացությունը, ապա կառավարության որոշմամբ սահմանված է լրացուցիչ արտաբյուջետային գումար հետևյալ դրույքաչափերով`
• երեք աշխատանքային օրվա ընթացքում` 50000 դրամ,
• հինգ աշխատանքային օրվա ընթացքում` 30000 դրամ,
• տասը աշխատանքային օրվա ընթացքում` 20000 դրամ։