- Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ
- Պետական ծառայությունների մատուցման գրասենյակներ
- Քաղաքացիական կացության ակտերի գրանցում
- Իրավաբանական անձանց գրանցում և որպես ԱՁ հաշվառում
- Փաստաթղթերի միջազգային վավերացում (Ապոստիլ)
- Հարկադիր կատարման ծառայություն
- Պատիժների և հարկադրանքի միջոցների կիրառում
- Սնանկություն
- Արտոնագրված հաշտարարների ռեեստր
- Որակավորման ստուգում
- Նոտարիատ
- Դիտորդների խումբ
- Անվճար իրավաբանական օգնություն, հասցեներ
- Տուրքեր և վճարներ
- Դիմումների առցանց պատրաստում
- Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք
- Ամուսնության գրանցում
- Ծննդյան գրանցում
- Ամուսնալուծության գրանցում
Ի՞նչ կարգով է իրականացվում որդեգրումը
Որդեգրում (դստերագրում) (այսուհետ՝ որդեգրումը) թույլատրվում է միայն մինչև 18 տարեկան անձանց նկատմամբ և ելնելով նրանց շահերից՝ հաշվի առնելով երեխաների լիարժեք ֆիզիկական, հոգեկան, հոգևոր և բարոյական զարգացումն ապահովելու հնարավորությունները։ Որդեգրումը հաստատվում է դատարանի կողմից և դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո որդեգրումը ենթակա է պարտադիր պետական գրանցման ՔԿԱԳ տարածքային մարմնում:
Ո՞վ կարող է լինել որդեգրող
Որդեգրողներ կարող են լինել չափահաս անձինք, բացառությամբ՝
1) դատարանի կողմից անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց. 2) ամուսինների, որոնցից մեկը դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
3) դատական կարգով ծնողական իրավունքներից զրկված կամ ծնողական իրավունքները սահմանափակված անձանց.
4) օրենքով իրենց վրա դրված պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար խնամակալի (հոգաբարձուի) պարտականություններից հեռացված անձանց.
5) նախկին որդեգրողների, եթե որդեգրումը դատարանով վերացվել է նրանց մեղքով.
6) այն անձանց, որոնք առողջական վիճակի պատճառով չեն կարող իրականացնել ծնողական իրավունքներ։ Համապատասխան հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում անձը չի կարող երեխա որդեգրել, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
7) այն անձանց, որոնք որդեգրման պահին չունեն այնպիսի եկամուտ, որը կապահովի որդեգրվող երեխայի նվազագույն կենսապայմանները.
8) այն անձանց, որոնք չունեն մշտական բնակության վայր, ինչպես նաև այնպիսի բնակելի տարածություն, որը համապատասխանում է սանիտարական և տեխնիկական սահմանված պահանջներին.
9) որդեգրման պահին մարդու դեմ ուղղված կամ հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատվածություն ունեցող անձանց։
Ամուսնության մեջ չգտնվող անձինք չեն կարող համատեղ որդեգրել միևնույն երեխային։
Միևնույն երեխային միաժամանակ որդեգրել ցանկացող մի քանի անձանց առկայության դեպքում նախապատվության իրավունք տրվում է երեխայի ազգականներին և խորթ ծնողներին՝ վերոհիշյալ պահանջների հաշվառմամբ։
Եթե որդեգրողը ամուսնության մեջ չի գտնվում, նրա և որդեգրվող երեխայի տարիքային տարբերությունը պետք է լինի առնվազն տասնութ տարի։
Երեխային խորթ հոր (խորթ մոր) կողմից որդեգրելիս տարիքային տարբերության սահմանափակում չի նախատեսվում։
Ո՞ր մարմինն է կատարում որդեգրման պետական գրանցումը
Որդեգրման պետական գրանցումն իրականացնում են.
1) որդեգրման մասին վճիռ կայացրած դատարանի գտնվելու վայրի ՔԿԱԳ մարմինը կամ
2) որդեգրողների /որդեգրողի/ բնակության վայրի ՔԿԱԳ մարմինը։
ՔԿԱԳ մարմինը գրանցում է որդեգրումն անկախ այն ժամկետից, որն անցել է որդեգրման մասին իրավասու մարմնի որոշումն ընդունելուց հետո և անկախ այն տարիքից, որին հասել է որդեգրվողը որդեգրման գրանցման պահին:
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ որդեգրման պետական գրանցման համար
Որդեգրման պետական գրանցումն իրականացնելու համար անհրաժեշտ է.
1) որդեգրողների /որդեգրողի/ կամ նրանց կողմից լիազորված անձի գրավոր դիմումը (դիմումի ձևանմուշը կարող եք ձեռք բերել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կայքից՝ www.moj.am հասցեով կամ ՔԿԱԳ մարմնից).
2) որդեգրման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը,
3) որդեգրողների /որդեգրողի/ անձը հաստատող փաստաթղթերը,
4) որդեգրողների ամուսնության վկայականը
5) որդեգրվողի ծննդյան վկայականը։
Ի՞նչ ժամկետում է կատարվում որդեգրման պետական գրանցումը
Որդեգրման պետական գրանցումը կատարվում է ՔԿԱԳ մարմին դիմումը ներկայացնելու օրը:
Այն դեպքում, երբ որդեգրվող երեխայի ծննդյան ակտային գրանցումը գտնվում է մեկ այլ ՔԿԱԳ մարմնում, որդեգրումը գրանցող ՔԿԱԳ մարմինը մեկօրյա ժամկետում հարցում է կատարում ծննդի գրանցման վայրի ՔԿԱԳ մարմին՝ ակտային գրանցման պատճենը ստանալու համար։ Այդ փաստաթուղթը ստանալուց հետո այն ուսումնասիրվում է ՔԿԱԳ մարմնի կողմից (կան արդյո՞ք այլ նշումներ՝ որդեգրման, չեղյալ համարելու և այլն), որից հետո,մեկօրյա ժամկետում կատարվում է որդեգրման գրանցում։
Ի՞նչպիսի իրավական հետևանքներ է առաջացնում որդեգրումը
Որդեգրված երեխաներն ու նրանց սերունդը որդեգրողների և նրանց ազգականների նկատմամբ, իսկ որդեգրողներն ու նրանց ազգականները որդեգրված երեխաների ու նրանց սերնդի նկատմամբ իրենց անձնական ոչ գույքային և գույքային իրավունքներով ու պարտականություններով հավասարեցվում են ծագումով ազգականներին։
Որդեգրվածներն իրենց ծնողների (ազգականների) նկատմամբ կորցնում են անձնական ոչ գույքային և գույքային իրավունքները և ազատվում են պարտականություններից։
Որդեգրված երեխայի հարաբերությունները ծնողներից մեկի կամ մահացած ծնողի ազգականների հետ պահպանելու մասին նշվում է երեխային որդեգրելու մասին դատարանի վճռի մեջ։
Նորածին երեխա որդեգրած կինն ունի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված հետծննդյան արձակուրդի և սահմանված այլ արտոնությունների իրավունք։
Որքա՞ն է կազմում պետական տուրքի դրույքաչափը
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից որդեգրման պետական գրանցման, ներառյալ վկայական տալու համար պետական տուրք չի գանձվում։
Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից որդեգրման պետական գրանցման, ներառյալ վկայական տալու համար գանձվում է պետական տուրք՝ 30000 ՀՀ դրամ: