Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, կապի միջոցներ

 ՀՀ արդարադատության նախարարության  Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության դատարանների, արբիտրաժային տրիբունալների, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների, ինչպես նաև ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում՝ միջազգային և օտարերկրյա դատարանների և արբիտրաժային տրիբունալների ակտերի հարկադիր կատարումն այն դեպքում, երբ դրանք կամավոր չեն կատարվում:

 Սակայն անկախ նրանից, թե որ մարմնի ակտն է հարկադրաբար կատարվում, հարկադիր կատարման հիմքը ՀՀ դատարանների կողմից տրված կատարողական թերթն է: Ընդ որում, հարկադիր կատարում կարող է նախաձեռնել միայն պահանջատերը՝ օրենքով սահմանված ժամկետում հարկադիր կատարման ներկայացնելով դատարանի կողմից տրված կատարողական թերթը:

 Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն իր գործառույթներն  իրականացնելու նպատակով կիրառում է հարկադիր կատարման միջոցներ, ինչպիսիք են՝  պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը՝ դրա իրացումից ստացված գումարը պահանջի բավարարմանն ուղղելով, ծառայության միջոցներով պարտապանի հաշվին ոչ գույքային բնույթի պահանջները կատարելը, պարտավորությունները չկատարելու համար պարտապանի նկատմամբ պատասխանատվության միջոցներ նախաձեռնելը և այլն:   

 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը գույքի նկատմամբ արգելանքի կիրառման գործընթացում քաղաքացիներին ու իրավաբանական անձանց պատճառվող անհարմարությունները նվազեցնելու, սպասարկման որակի բարձրացման և սպասարկման կենտրոններում կուտակումները բացառելու նպատակով ձևավորել է #Քո_Արգելանքը արագ արձագանքման հատուկ խումբ:

Այսուհետ, օրենքով թույլատրելի դեպքերում առանց Ծառայություն այցելելու կամ գրավոր դիմում ներկայացնելու կարող եք ստանալ ամբողջական տեղեկատվություն Ձեր կամ Ձեր վստահորդի նկատմամբ կիրառված արգելանքների վերաբերյալ և հնարավորինս արագ լուծել հետևյալ խնդիրները․ 

  • կատարված վճարումների ճշգրտումը և արգելանքը չվերացնելու պատճառների պարզումը,
  • կիրառված արգելանքները կատարված պարտավորություններին համաչափ վերանայելը,
  • անհիմն կիրառված կամ պահպանված արգելանքը վերացնելը,
  • բռնագանձման ոչ ենթակա դրամական միջոցների ապաարգելադրումը,
  • աշխատավարձը կամ այլ եկամուտն արգելանքից հանելը կամ արգելանքի չափը վերանայելը,
  • բանկերում սառեցված գումարները գանձելը, կիրառված այլ արգելանքները վերացնելը և վարույթը կարճելը,
  • հայցի ապահովման հետ կապված միջանկյալ դատական ակտերի կատարման ընթացքի մասին տեղեկատվություն ստանալը։

#Քո_Արգելանքը խմբի հետ կապ հաստատելու նպատակով կարող եք զանգահարել (077), (091), (055) 713-437 հեռախոսահամարներով կամ էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկել argelanq@harkadir.am էլեկտրոնային փոստին։ 

Այլ խնդիրների դեպքում Ծառայության հետ կարող եք կապ հաստատել 060 713-435 հեռախոսահամարով կամ e-request.am հարցումների միասնական հարթակի միջոցով։

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի և մարզային բաժինների հասցեներն ու հեռախոսահամարները՝ այստեղ: