ՔԿԱԳ ծառայություններ

Հայրության ճանաչման պետական գրանցման հիմքերը

  1. Հայրության ճանաչման պետական գրանցման հիմքերն են՝

1) երեխայի ծննդյան պահին ամուսնության մեջ չգտնվող մոր և երեխայի նկատմամբ իրեն հայր ճանաչող անձի համատեղ հայտարարությունն առ այն, որ երեխան սերվել է հայտարարություն ներկայացնող անձից.

2) սույն օրենքով նախատեսված դեպքերում մոր հետ ամուսնության մեջ չգտնվող՝ երեխայի նկատմամբ իրեն հայր ճանաչող անձի հայտարարությունն առ այն, որ երեխան սերվել է իրենից.

3) «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված կարգով նոտարի հաստատած իրավաբանական փաստի մասին նոտարական ակտը կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած համապատասխան վճիռը:

  1. Հայրության ճանաչման գրանցումը կատարվում է առանց անձի տարիքային սահմանափակման, որի նկատմամբ այն ճանաչվում է:

Հայրության ճանաչման պետական գրանցման համար դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը․

  1. Հայրության ճանաչման պետական գրանցման համար երեխայի մոր և երեխայի նկատմամբ հայր ճանաչող անձի համատեղ դիմումը կարող է տրվել երեխայի մոր հղիության ընթացքում, ծննդի պետական գրանցման ժամանակ կամ դրանից հետո:
  2. «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված կարգով նոտարի հաստատած իրավաբանական փաստի մասին նոտարական ակտի կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած համապատասխան վճռի հիման վրա հայրության ճանաչման պետական գրանցման համար դիմումը կարող է ներկայացվել բացառապես երեխայի ծննդի պետական գրանցումից հետո՝ շահագրգիռ անձի կողմից:
  3. Հայրության ճանաչման պետական գրանցման համար ներկայացվում են՝

1) համատեղ դիմումի դեպքում՝ երեխայի նկատմամբ իրեն հայր ճանաչող անձի և երեխայի մոր անձը հաստատող փաստաթղթերը.

2) երեխայի ծննդի գրանցման մասին վկայականը կամ ակտային գրանցման տվյալները, եթե հայրության ճանաչման գրանցումը կատարվում է երեխայի ծննդի պետական գրանցումից հետո.

3) երեխայի մոր հղիությունը հաստատող բժշկական տեղեկանքը, եթե հայրության ճանաչման մասին դիմումը ներկայացվում է մինչև երեխայի ծնվելը.

4) երեխայի նկատմամբ իրեն հայր ճանաչող անձի անձը հաստատող փաստաթուղթը և երեխայի մոր բացակայության մասին իրավասու մարմնի տված փաստաթուղթը (մոր մահվան վկայականը կամ տեղեկանքը, նրան անգործունակ ճանաչելու կամ մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու կամ նրան ծնողական իրավունքներից զրկելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը) և երեխայի կենսաբանական հայր հանդիսանալու վերաբերյալ ԴՆԹ-ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) որոշումը.

5) չափահաս անձի համաձայնությունը՝ իր նկատմամբ հայրություն ճանաչելու դեպքում.

6) տասը տարին լրացած երեխայի համաձայնությունը, եթե հայրության ճանաչման պետական գրանցման հետևանքով նախատեսվում է փոխել նաև նրա անունը կամ ազգանունը.

7) «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված կարգով նոտարի հաստատած իրավաբանական փաստի մասին նոտարական ակտը կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած համապատասխան վճիռը և դիմողի անձը հաստատող փաստաթուղթը:

  1. Հայրության ճանաչման մասին դիմումի մեջ նշվում են հետևյալ տեղեկությունները.

1) երեխայի ազգանունը, անունը, հայրանունը (մինչև հայրության ճանաչումը), սեռը, ծննդյան վայրը և ժամանակը, երեխայի ծննդի ակտային գրանցման ժամանակը և համարը.

2) հայրության ճանաչումից հետո երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, եթե դիմողը ցանկանում է դրանք փոխել.

3) երեխայի հոր մասին տեղեկություններ՝ անունը, հայրանունը, ազգանունը, ինչպես նաև ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը, ազգությունը՝ ըստ ցանկության.

4) երեխայի մոր տվյալները՝ համաձայն երեխայի ծննդի ակտային գրանցման.

5) երեխայի ծնողների անձը հաստատող փաստաթղթի տվյալները.

6) հայրության ճանաչման համար հիմք հանդիսացող փաստաթղթի տեսակը և տվյալները:

Հայրության ճանաչման պետական գրանցման կարգը

  1. Հայրության ճանաչման պետական գրանցումը կատարում է գործակալությունը: Դիմումները ներկայացվում են սպասարկման կենտրոնների միջոցով:
  2. Հայրության ճանաչման պետական գրանցումը կատարվում է դիմումը և փաստաթղթերը ներկայացնելու նույն աշխատանքային օրը:
  3. Հայրության ճանաչման ակտային գրանցման հիման վրա երեխայի ծննդի ակտային գրանցման մեջ կատարվում են այն բոլոր տվյալների փոփոխությունները, որոնք բխում են հայրության ճանաչման ակտային գրանցման տվյալներից:
  4. Երեխայի հայրության ճանաչման պետական գրանցման տեղեկությունները էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով անհապաղ փոխանցվում են սոցիալական ծառայություններ տրամադրող մարմին:
  5. Եթե երեխայի ծնունդը գրանցել է օտարերկրյա պետությունը, ապա հայրության ճանաչման պետական գրանցումը կարող է կատարվել Հայաստանի Հանրապետությունում, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով: Օտարերկրյա պետության գրանցած ծննդյան ակտային գրանցման հիման վրա կատարված հայրության ճանաչման պետական գրանցման դեպքում դիմողին տրամադրվում է հայրության ճանաչման վկայական, և կատարված հայրության ճանաչման պետական գրանցման մասին հաղորդվում է երեխայի ծննդի ակտային գրանցման վայր՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով:

6․      Հայրության ճանաչման վկայականի հետ տրամադրվում է նաև երեխայի ծննդի մասին նոր վկայականը:

  1. Օտարերկրյա պետության ՔԿԱԳ տարածքային մարմնի ուղարկած հայրության ճանաչման վկայականն ստանալու դեպքում գործակալությունն այն երկու աշխատանքային օրվա ընթացքում փոստային ծառայության միջոցով ուղարկում է դիմումում նշված հասցեով կամ տրամադրում է դիմողին՝ առձեռն:

Հայրության ճանաչման պետական գրանցում կատարում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունը։

Հայրության ճանաչման վկայականը դիմումատուին տրվում է էլեկտրոնային եղանակով՝ դիմումատուի կողմից տրամադրած էլեկտրոնային փոստի միջոցով կամ թղթային կրիչի վրա։

Պետական տուրքի դրույքաչափը

  • հայրություն (մայրություն) ճանաչելու համար գանձվում է պետական տուրք՝ բազային տուրքի տասնապատիկի ՝ 10 000․00 ՀՀ դրամի չափով։