Դատաիրավական բարեփոխումներ

23/06/2012

Հայաստանի Հանրապետությունը, անդամակցելով միջազգային ամենատարբեր կառույցներին և հատկապես Եվրոպական խորհրդին, ստանձնեց մի շարք պարտավորություններ, որոնցում իր կարևոր դերն ու նշանակությունն ունեցան դատաիրավական բարեփոխումները: Հարկ եղավ խորհրդային դատական համակարգը և դատավարությունը փոխարինել սկզբունքորեն նոր մոտեցումներով` նպաստելով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների դերի բարձրացմանը: Այս առումով ՀՀ արդարադատության նախարարությունն իր կարևոր դերն ունեցավ` անցկացնելով մի շարք միջոցառումներ և իրականացնելով օրենքների մշակման գործառույթներ: 1995թ. հուլիսի 5-ի ՀՀ Սահմանադրության ընդունմամբ հիմք դրվեց դատական բարեփոխումների բուն գործընթացին: դատաիրավական բարեփոխումների հիմքում դրվեցին դատավարության կողմերի իրավահավասարության և մրցակցության, անմեղության կանխավարկածի, դատավորի անկախության, անաչառության, անփոփոխելիության և այլ ժողովրդավարական սկզբունքներ:

 

ՀՀ Սահմանադրության ընդունումից հետո նպատակաուղղված աշխատանքներ են տարվել դատաիրավական բարեփոխումների իրականացման նորմատիվային հիմքը ձևավորելու ուղղությամբ: Սկսած 1998 թվականից ընդունվեցին մի շարք օրենքներ, որոնք ամրագրեցին ՀՀ դատական նոր համակարգի ստեղծման և գործունեության հիմունքները: Այդպիսի դերակատարում ունեցան, մասնավորապես` քաղաքացիական և քրեական դատավարության օրենսգրքերը, «Դատարանակազմության մասին», «Դատավորի կարգավիճակի մասին», «Փաստաբանական գործունեության մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները:

 

Դատաիրավական բարեփոխումների իրականացումն ընթացավ երկու փուլով, որից առաջին փուլի իրագործման սկիզբը կարելի է համարել 1999թ. հունվարի 12-ը, երբ ուժի մեջ մտան նշված իրավական ակտերը: Հայաստանի Հանրապետությում ներդրվեց եռաստիճան դատական համակարգը, սկսեց գործել վերաքննության ինստիտուտը, որը խորհրդային ժամանակաշրջանում չկար, իսկ 2001թ. հոկտեմբերին ստեղծվեց ՀՀ տնտեսական դատարանը: Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործում են առաջին ատյանի, տնտեսական, վերաքննիչ և վճռաբեկ դատարանները:

 

Այսoր արդեն oրենսդրության կիրարկումը և պրակտիկայի ուսումնասիրությունը ցույց են տալիս, որ դատաիրավական բարեփոխումների գործընթացն ավարտել է իր առաջին հիմնական փուլը և թևակոխել է երկրորդ փուլ` երաշխավորելու Հայաստանի Հանրապետությունում դատական համակարգի լիարժեք անկախությունը և կառուցելու ժողովրդավարական զարգացած երկրներին բնորոշ և միջազգային չափանիշներին համապատասխան դատական համակարգ:

 

Դատաիրավական բարեփոխումների երկրորդ փուլի խթանը, նախ և առաջ սահմանադրական բարեփոխումներն են, որոնք միտված են ապահովելու դատական իշխանության լիարժեք անկախությունը իշխանության մյուս թևերից, դատական իշխանության հետ փոխհարաբերություններում Արդարադատության խորհրդի տեղի և դերի հստակեցումը և բարձրացումը: Դատաիրավական բարեփոխումների կարևոր ուղղություններից են դատական ինքնակառավարման մարմինների ներդրումը` դատական իշխանության առջև կանգնած խնդիրների առավել արդյունավետ և ինքնուրույն լուծման նպատակով, դատական դպրոցի հիմնադրումը` դատական համակարգի կադրերի պատրաստման և նրանց շարունակական վերապատրաստման կազմակերպման համար, դատական համակարգի թափանցիկության և հասարակայնության հետ կապերի խթանումը, դատարաններում գործերի, այդ թվում էլեկտրոնային եղանակով գործերի ստացման և դրանց բաշխման համակարգի բարելավումը և այլն:

 

ՀՀ արդարադատության նախարարությունն, իրականացնելով իր լիազորությունների շրջանակներում նախատեսված մի շարք կարևոր գործառույթներ դատական իշխանության հետ հարաբերություններում, իր գործուն դերակատարումն ունի դատական բարեփոխումների գործընթացի կազմակերպման և ուղղորդման գործընթացում:

Այդ գործառույթների շրջանակներում կազմվեցին մի շարք օրենսդրական ակտերի նախագծեր, որոնց մի մասն արդեն իսկ մտել է ուժի մեջ և որոնցով լուծվում է դատաիրավական բարեփոխումների 2-րդ փոլի հիմնական խնդիրները:

Մասնավորապես, այդպիսիք են`

- ՀՀ դատական օրենսգիրքը, որը կարգավորում է դատական իշխանության կազմակերպման և գործունեության հետ կապված հարաբերությունները,

- «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքը, որը կարգավորում է քրեակատարողական գործառույթներ իրականացնող պետական լիազոր մարմնում քրեակատարողական ծառայության հիմնական uկզբունքները, քրեակատարողական ծառայության մարմինների և հիմնարկների համակարգը, դրանց գործունեության կազմակերպման հիմունքները, ծառայություն անցնելու կարգը և պայմանները, պաշտոնների ու կոչումների դասակարգումը, ծառայողների իրավունքները, պարտականությունները, պատաuխանատվությունը, իրավական ու uոցիալական երաշխիքները, ծառայության հետ կապված այլ հարաբերություններ,

- «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքը, որով ստեղծվեծ դատական ծառայույունը, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական ծառայության մասն է։ Նուն օրենքով ստեղծվեց ՀՀ դատական դեպարտամենտ, որը պետական կառավարչական հիմնարկ է, որն ապահովում է դատարաններին, դատավորների ընդհանուր ժողովին, դատարանների նախագահների խորհրդին և արդարադատության խորհրդին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումն ու քաղաքացիական իրավահարաբերություններին նրանց մաuնակցությունը և մի շարք այլ կարևոր գործառույթներ,

- «Դատախազության մասին» ՀՀ օրենքը, որով դատախազությունից առանձնացվեց նախաքննությունը: Սահմանադրության 103 հոդվածին համապատասխան` դատախազությունը օրենքով նախատեսված դեպքերում և կարգով`

1) հարուցում է քրեական հետապնդում.

2) հսկողություն է իրականացնում հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ.

3) դատարանում պաշտպանում է մեղադրանքը.

4) պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան.

5) բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները.

6) հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ:

 

- «Փաստաբանական գործունեության մասին» ՀՀ օրենքը, որը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում փաստաբանական գործունեության կազմակերպման և իրականացման կարգը։

- «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը, որը սահմանում է վարչարարկան հիմունքները և կարգավորվում է վարչական ակտեր ընդունելու, վարչական ակտերը, վարչական մարմինների գործողությունները և անգործությունը բողոքարկելու, վարչական ակտի կատարման, վարչական ծախսերի, ինչպես նաև վարչարարությամբ հասցված վնասի հատուցման հետ կապված` վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջև ծագած հարաբերությունները:

- «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքը, որով կարգավորվում է դատական ակտերի հարկադիր կատարման գործառույթներ իրականացնող պետական լիազոր մարմնում ծառայության հիմնական սկզբունքները, ծառայության անցնելու կարգը և պայմանները, պաշտոնների ու կոչումների դասակարգումը, ծառայողների իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը, իրավական ու սոցիալական երաշխիքները, ծառայության հետ կապված այլ հարաբերություններ:

Իրականացվեցին նաև մի շարք կարևոր նշանակություն ունեցող փոփոխություններ և լրացումներ քրեական, քաղաքացիական, քրեական դատավարության, քաղաքացիական դատավարության օրենսգրքերում, ինչպես նաև բազմաթիվ իրավական ակտերում:

Բարեփոխումների արդյունքում վերափոխվեց նաև արդարադատության խորհուրդը` ձեռք բերելով լիարժեք անկախություն և արդյունավետ գործունեության կարգ:

Ներկայումս մշակման փուլում են Հայաստանի Հանրապետության քրեական, վարչական և քաղաքացիական դատավարության օրենսգքերի նախագծերը:

Դատական իշխանության անկախության ուղղությամբ կարևոր քայլ արվեց նաև Արդարադատության խորհրդի կազմավորման և կարգավիճակի հիմունքների վերանայմամբ: Արդարադատության խորհուրդն անկախ մարմին է, որը ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված իր լիազորություններն իրականացնում է ՀՀ դատական օրենսգրքով նախատեսված կարգով:

 

ՀՀ Սահմանադրության 94.1-րդ հոդվածի համաձայն՝ Արդարադատության խորհրդի կազմի մեջ մտնում են Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից գաղտնի քվեարկությամբ հինգ տարի ժամկետով օրենքով սահմանված կարգով ընտրված ինը դատավորներ, Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի կողմից նշանակված երկուական իրավաբան-գիտնականներ։

 

ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածի համաձայն՝ Արդարադատության խորհուրդը՝

 

1. կազմում և Հանրապետության Նախագահի հաստատմանն է ներկայացնում դատավորների թեկնածությունների ցուցակը և դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակները, որոնց հիման վրա կատարվում են նշանակումները.

2. եզրակացություն է տալիս ներկայացված դատավորների թեկնածությունների վերաբերյալ.

3. առաջարկում է Վճռաբեկ դատարանի, նրա պալատների նախագահների և դատավորների, վերաքննիչ, առաջին ատյանի և մասնագիտացված դատարանների նախագահների թեկնածությունները.

4. Հանրապետության Նախագահի հարցմամբ կարծիք է հայտնում ներման հարցերի վերաբերյալ.

5. դատավորներին ենթարկում է կարգապահական պատասխանատվու-թյան, առաջարկ է ներկայացնում Հանրապետության Նախագահին դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին, դատավորին կալանավորելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մասին։

 

Խորհուրդն իր լիազորություններն իրականացնելիս ընդունում է որոշումներ, տալիս եզրակացություններ: Արդարադատության խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով։ Խորհրդի նիստը իրավազոր է, եթե դրան մասնակցում են խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Արդարադատության խորհրդի նիստերը վարում է Վճռաբեկ դատարանի նախագահը՝ առանց քվեարկության իրավունքի։

Արդարադատության խորհուրդը մեկ տարի ժամկետով ձևավորում է խորհրդի երեք անդամներից կազմված կարգապահական հանձնաժողով։ Կարգապահական հանձնաժողովի կազմի մեջ մտնում են խորհրդի անդամ երկու դատավորներ և մեկ իրավաբան-գիտնական։ Կարգապահական հանձնաժողովի կազմը ձևավորվում է ռոտացիոն կարգով՝ հիմք ընդունելով խորհրդի անդամի ընտրության կամ նշանակման ամսաթիվը։ Կարգապահական հանձնաժողովի կազմի մեջ մտնում են ավելի վաղ ընտրված կամ նշանակված խորհրդի անդամները։ Խորհրդի անդամների ընտրության կամ նշանակման ամսաթվերի համընկնման դեպքում կարգապահական հանձնաժողովի կազմը ձևավորվում է խորհրդի անդամների ազգանունների այբբենական հերթականությամբ։

 

Կարգապահական հանձնաժողովն իրավունք ունի՝

 

1. կարգապահական վարույթ հարուցելու առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների դատավորի և դատարանի նախագահի նկատմամբ և համապատասխան միջնորդությամբ դիմելու Արդարադատության խորհուրդ.

2. ՀՀ դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովի դիմումի հիման վրա կարգապահական վարույթ հարուցելու Վճռաբեկ դատարանի դատավորի և պալատի նախագահի, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի նախագահի նկատմամբ և համապատասխան միջնորդությամբ դիմելու Արդարադատության խորհուրդ։