Դատաիրավական բարեփոխումներին նվիրված դասընթաց
14/10/2013
Հոկտեմբերի 12-13-ը Աղվերանում անցկացվել է երկօրյա դասընթաց՝ նվիրված դատաիրավական բարեփոխումների շրջանակներում իրականացվող աշխատանքներին:
ԶԼՄ ներկայացուցիչների համար նախատեսված այս դասընթացի ժամանակ ներկայացվել են լրագրողների և դատական համակարգի միջև հարաբերությունների իրավական կողմերը, ինչպես նաև հանրային ծառայության բարեփոխումները՝ մասնավորապես ռազմավարությունն ու ձեռքբերումները:
Մանրամասն ներկայացվել են իրավաբանական անձանց գրանցման, լուծարման ընթացակարգերի բարեփոխումները, ՔԿԱԳ բազայի թվայնացման ուղղությամբ տարվող աշխատանքները, անդրադարձել են ՄԻԵԴ որոշումների ազդեցությանը արդարադատության որակի և ներպետական իրավական համակարգի վրա:
Դասընթացի ժամանակ հայտարարվել է ԶԼՄ ներկայացուցիչների շրջանում կազմակերպվող մրցույթի մասին. հրապարակումները պետք է լինեն սեմինարի ընթացքում քննարկված թեմաների շուրջ:
Դասընթացին մասնակցել են նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներ Արամ Օրբելյանը, Ռուբեն Մելիքյանը, նախարարի խորհրդական Նորա Սարգսյանը: Նրանք անդրադարձել են լրագրողներին հուզող խնդիրներին, պատասխանել նրանց հարցերին:
Սեմինարը կազմակերպել էր «Իրավունքի հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունը Արդարադատության նախարարության հետ համատեղ` «Գերմանիայի միջազգային համագործակցություն» ընկերության Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն ծրագրի օժանդակությամբ: