Ամփոփվել են նոտարների որակավորման ստուգման քննությունների թեսթային փուլի արդյունքները

19/04/2014

 ՀՀ արդարադատության նախարարության նոտարների որակավորման ստուգման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) 2014 թվականի ապրիլի 19-ի նիստում ուսումնասիրեց և ամփոփեց նոտարների որակավորման ստուգման քննությունների թեսթային փուլի արդյունքները:

 Նոտարների թեկնածուների որակավորման ստուգումների առաջին փուլին մասնակցել է 44 դիմորդ, որից 38-ը հաղթահարել են 80 տոկոս ճիշտ պատասխանների շեմը և անցել են որակավորման ստուգման երկրորդ` խնդիրների փուլ:

 Հանձնաժողովը որոշել է  որակավորման ստուգման երկրորդ՝ խնդիրների, փուլը անցկացնել համակարգչի միջոցով` մասնակիցներին հնարավորություն տալով օգտվել նաև տպագիր նյութերից: Արգելված է օգտագործել ցանկացած հեռահաղորդակցության միջոցներ, ներառյալ` ինտերնետը: Թեստավորման ընթացքում օգտագործվող համակար­գիչները կապահովվեն համապատասխան ծրագրերով, ներառյալ` Arlis, MS Word և KDWin: Դիմորդներին արգելվում է ստուգմանը բերել իրենց անձնական համակարգիչները, պլանշետային համակարգիչները, սմարթֆոնները:

 Որակավորման ստուգման խնդիրների փուլի անցկացման վայրն է՝ ք. Երևան, Հալաբյան 41ա, 14-րդ հարկ, սույն թվականի ապրիլի 26, ժամը առավոտյան տասին (10:00) երկու խմբերի համար: Մասնակիցները քննությանը կհրավիրվեն առավոտյան ժամը իննին (9:00):

 Դիմորդները նոտարների որակավորման ստուգմանը պետք է ներկայանան որոշմամբ հաստատված օրը և ժամին, միաժամանակ իրենց հետ ունենալով անձը հաստատող համապատասխան փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, կամ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթուղթ):

 Որակավորման խնդիրների փուլի համար որոշվել է ոչ էական սխալների համար դիմորդի բալը նվազեցնել մեկ միավորով, իսկ գործարքների առոչնչությանը բերող սխալների առկայության դեպքում նշված խնդիրը գնահատել զրո միավոր, անկախ մնացած սխալների առկայությունից:

Էական սխալ կհամարվեն այն բոլոր թերությունները, որոնք հանգեցնում են գործարքի կամ պայմանի անվավերության (առոչինչ և վիճահարույց, օրենքին հակասող գործարքներ), հանգեցնում են գործարքի կնքված չլինելուն, խախտում են նոտարական գործողության էությունը, կողմին կամ կողմերին զրկում են իրավունքներից (սեփականության, ժառանգական և այլն):

 Որակավորման ստուգման երկրորդ փուլը իրական ժամանակով կհեռարձակվի համացանցի միջոցով: Դիտելու հղումները քննության օրվա առավոտը կտեղադրվեն Նախարարության www.moj.am համացանցային էջի համապատասխան հայտարարությանը կից: