Այսուհետ «Հեպատիտ C» ախտորոշմամբ յուրաքանչյուր ազատազրկված անձ կարող է վստահ լինել, որ իրեն կտրամադրվի բուժման լիարժեք կուրս

25/04/2022

Տարիներ շարունակ «Հեպատիտ C» ախտորոշմամբ ազատազրկված անձինք հնարավորություն են ունեցել ստանալ լիարժեք բուժում միայն սեփական միջոցների հաշվին, ինչը բավականին թանկարժեք է:

Հաշվի առնելով բանտային առողջապահության ոլորտում Կառավարության քաղաքականությունը՝ շարունակաբար քայլեր են ձեռնարկվում բանտային առողջապահությունն ազգային առողջապահական համակարգ ինտեգրելու և ազատությունից  զրկված անձանց համար որակյալ բժշկական օգնություն ու սպասարկում ապահովելու ուղղությամբ:

Արդարադատության նախարարության և Առողջապահության նախարարության բարձր համագործակցության արդյունքում՝ սույն թվականի ապրիլ ամսից արդեն իսկ մեկնարկել է քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ գտնվող, «Հեպատիտ C» ախտորոշմամբ անձանց հետազոտման և բուժման ծրագիրը: Այս վերջնարդյունքին հասնելու համար իրականացվել են մի շարք ուսումնասիրություններ, քննարկումներ, որոնք տվել են իրենց արդյունքը:

Սույն թվականի ապրիլի 25-ի դրությամբ թվով 69 ազատազրկված անձանց շրջանում ավարտվել են «Հեպատիտ C» բուժումն սկսելու համար անհրաժեշտ լրահետազոտությունները: «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ կողմից արդեն իսկ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին տրամադրվել են վերջիններիս բուժման համար անհրաժեշտ դեղամիջոցները:

Վերոնշյալ 69 անձանցից 19-ի բուժումն արդեն իսկ սկսվել է «Դատապարտյալների հիվանդանոց» և «Նուբարաշեն» ստորաբաժանումներում, որտեղ նրանց տրամադրվում է վիրուսային «Հեպատիտ C» սպեցիֆիկ, ուղղակի ազդեցության դեղորայքային բուժում՝ ըստ սխեմայի: Լրահետազոտված մնացյալ ազատազրկված անձանց, որոնք ներկայումս գտնվում են «Նուբարաշեն», «Վարդաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում, բուժումը կտրամադրվի մինչև ապրիլի 30-ը՝ փուլային կարգով: Մնացած ՔԿՀ-ներում պահվող ազատազրկված անձանց շրջանում անհրաժեշտ հետազոտությունները և բուժումը կիրականացվի փուլային եղանակով:

Հատկանշական է, որ սույն թվականի ապրիլի 1-ի դրությամբ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ստորաբաժանումներում բժշկական անձնակազմի հսկողության տակ «Հակա-HCV դրական հակամարմիններ» ախտորոշմամբ գտնվող ազատազրկված անձանց թիվը կազմում է 313:

Ազատազրկված 313 անձանցից լրահետազոտության արդյունքում «Վիրուսային հեպատիտ «C» ախտորոշվածներին սպեցիֆիկ, ուղղակի ազդեցության դեղորայքային բուժումը նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ:

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի միջև համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ և, հետայսու, ՔԿՀ-ներում «Հեպատիտ C» ախտորոշմամբ յուրաքանչյուր ազատազրկված անձ կարող է վստահ լինել, որ վերոնշյալ ծրագրի շրջանակում իրեն կտրամադրվի «Հեպատիտ C» բուժման լիարժեք կուրս: