Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի 5 անդամների մրցույթ․ Հայտարարություն

23/02/2022

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻ

ՀՀ վարչապետի 2022 թվականի հունվարի 27-ի N 111-Ա որոշման (այսուհետ՝  Որոշում) համաձայն՝ մեկնարկել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) ստեղծման գործընթացը: 

Որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածի (այսուհետ՝ Հավելված) 37-րդ կետի համաձայն՝ Հանձնաժողովի գործառույթների մեջ է մտնում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի մշակումը և ներկայացումը Սահմանադրական բարեփոխումների խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ)   հաստատմանը, Խորհրդի առաջարկությունների և (կամ) առարկությունների հաշվառմամբ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի լրամշակումը, սահմանադրական բարեփոխումների նախագծի մշակումը, լրամշակումը, հանրային քննարկումների իրականացումը և այլն: 

Հավելվածի 31-րդ կետի համաձայն՝ Հանձնաժողովի անդամների վարձատրությունն ապահովվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից: 

Ըստ վերոնշյալ որոշման՝ ստեղծվելիք հանձնաժողովի կազմում մրցութային ընթացակարգով ընդգրկվելու են հինգ անդամներ, որոնց ընտրության համար Սահմանադրական բարեփոխումների Խորհուրդը հայտարարում է մրցույթ:

 

Թեկնածուների  հայտերի ներկայացման կարգ.

1. Սահմանված ձևով կազմված հայտերը թեկնածուների կողմից ներկայացվում են սույն հայտարարությունը հրապարակվելու հաջորդ օրվանից սկսած՝ երկշաբաթյա ժամկետում:

2.  Հայտ կարող են ներկայացնել՝

1) իրավաբանական գիտությունների դոկտորի, իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան կամ օտարերկրյա պետությունում մագիստրոսի որակավորման աստիճան ունեցող, և

2) իրավունքի ոլորտում առնվազն յոթ տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն ունեցող անձինք:

3. Հայտին կից ներկայացվում են`

1) մասնագիտական աշխատանքային փորձառությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճենները և ինքնակենսագրությունը (այդ թվում՝ մասնագիտական գործունեության նկարագրությամբ),

2) կրթությունը և գիտական աստիճանը հավաստող փաստաթղթերի լուսապատճենները,

3) հրապարակումների, գիտական աշխատությունների, մասնավորապես՝ գիտական հոդվածների, մենագրությունների, ատենախոսությունների, ձեռնարկների և այլ աշխատանքների լուսապատճենները և ցանկը՝ առկայության դեպքում դրանց հղումներով.

4) հայտարարություն՝ համաձայն սահմանված ձևի.

5) հայտարարություն՝ դատվածության բացակայության վերաբերյալ (համաձայն սահմանված ձևի).

6) թեկնածուի ցանկությամբ՝ այլ փաստաթղթեր:

4. Հայտը և կից ներկայացվող փաստաթղթերը (այսուհետ՝ փաստաթղթեր) անհրաժեշտ է ուղարկել constitutional@moj.am էլեկտրոնային փոստի հասցեին՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և սկանավորված:

5. Ուղարկված փաստաթղթերի ստացման վերաբերյալ հայտ ներկայացնողը ծանուցվում է փաստաթղթերն ստանալուն հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ իր կողմից ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեով: 

6. Հանձնաժողովի կազմում ներգրավումն իրականացվում է երկու փուլով: Առաջին փուլում Խորհրդի կողմից Խորհրդի քարտուղարության միջոցով ստուգվում է ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունը և համապատասխանությունը:

7. Փաստաթղթերը թերի լինելու կամ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանելու դեպքերում թեկնածուն դրա մասին ծանուցվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում (հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով), և նրան տրամադրվում է մինչև երկու աշխատանքային օր թերությունները շտկելու համար:

8. Սահմանված ժամկետում թերությունները չշտկելու դեպքում ներկայացված հայտին ընթացք չի տրվում:

9. Երկրորդ փուլում մասնակցության հայտ ներկայացրած թեկնածուները, որոնք բավարարում են մատնանշված չափանիշներին հրավիրվում են մասնակցելու հարցազրույցի: Հարցազրույցի անցկացման նպատակով գումարվող Խորհրդի նիստերը դռնփակ են: Հարցազրույցի անցկացման նպատակով գումարվող Խորհրդի նիստի ողջ ընթացքը տեսաձայնագրվում է, որը Խորհրդի որոշմամբ կարող է տրամադրվել այլ անձանց՝ վերջիններիս պահանջով: Խորհրդի յուրաքանչյուր անդամ ազատ է թեկնածուին ուղղելու հարցադրումներ՝ բացահայտելու համար թեկնածուի բարեվարքությունը և մասնագիտական որակները:

10. Մրցույթի անցկացման մանրամասները սահմանված են Խորհրդի 16.02.2022 թվականի որոշմամբ:

11. Թեկնածություն ներկայացրած անձանց ցանկը (անուն, ազգանուն) ենթակա է հրապարակման ՀՀ արդարադատության նախարարության կայքէջում:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է մարտի 10-ը ներառյալ։

Հարցերի համար՝ հեռ.՝ 010594053