Ճանապարհ դեպի երազանքների դատական համակարգ․ ի՞նչ բարեփոխումներ են իրականացվում դատաիրավական ոլորտում

10/08/2021

Քայլ՝ դեպի երազանքների դատական համակարգ։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսպես բնորոշեց Կառավարության որոշումը, ըստ որի՝ Հայաստանում գործող դատավորների թիվը 20-ով կավելանա։ Փաշինյանն ընդգծեց՝ սա դատական համակարգի բովանդակային բարեփոխման միջոց է։ «Հույս ունենք, որ այս համալրումներով մենք կուժեղացնենք դատական համակարգում առկա լավագույն փորձը և մյուս կողմից թարմ հայացք, թարմ ուժեր կներգրավենք դատական համակարգ՝ ի վերջո ստանալով մեր երազած դատական համակարգը, որի որոշումները հենց իրենց բնույթով, էությամբ և ծագմամբ կհամարվեն արդարադատության մարմնավորում և դրսևորում»,- նշեց Փաշինյանը։ Իսկ ո՞րն է իշխանությունների «երազանքների դատական համակարգը»։ Սա արդեն հստակեցրեց արդարադատության նախարարը։ «Երազանքների դատարանը բարեվարք, պրոֆեսիոնալ դատավորներից կազմված դատարանն է, որտեղ պրոցեսներն արագ են տեղի ունենում և կա բարձր հանրային վստահություն դատական ակտերի նկատմամբ»,- Ռուստամ Բադասյանը։ Դատավորների թվի ավելացումը դատարանների անկախության ու արդյունավետության երաշխավորման ուղղություններից մեկն է միայն, որն ամրագրված է Դատաիրավական համակարգի բարեփոխումների ռազմավարության մեջ։ Դեռևս 2017 թվականին ստորագրված և այս տարի ուժի մեջ մտած Եվրամիության և Հայաստանի միջև Համապարփակ և ընլայնված գործընկերության համաձայնագրով Հայաստանը պարտավորվել է ապահովել դատական և իրավական բարեփոխումների հետագա առաջընթացն այնպես, որ երաշխավորվի դատական համակարգի, քրեական հետապնդման և իրավապահ համակարգի անկախությունը, որակն ու արդյունավետությունը։ Համաձայնագրի ստորագրումից հետո hայկական կողմը մշակեց և ներկայացրեց նշված նպատակներին հասնելու ճանապարհային քարտեզը։ Գործողություններից առաջինը դատաիրավական ոլորտի բարեփոխումների ռազմավարության հաստատումն էր, որը տեղի ունեցավ 2019 թվականի հոկտեմբերին։ Մեկ այլ համաձայնագրով՝ Եվրամիությունը Հայաստանին 30 մլն եվրո ուղղակի բյուջետային աջակցություն հատկացրեց դատաիրավական համակարգի բարեփոխումները կյանքի կոչելու համար։ Բացի դատավորների թվի ավելացումից՝ այս բարեփոխումների ռազմավարության մեջ են ներառված մի շարք այլ ուղղություններ․ դատավորների բարեվարքության գնահատում, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մեխանիզմների ստեղծում, դատավորների թեկնածուների հավակնորդների որակավորման ստուգման նոր՝ միջազգային չափանիշներին համապատասխան ընթացակարգերի ներդրում, դատավորների և նրանց աշխատակազմի վարձատրության բարձրացում և այլն։ Արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանն ընդգծում է՝ սա պրոցես է, որը հնարավոր չէ մեկ օրում լուծել։ Հետևողական, հարցերին բազմակողմանի մոտենալու աշխատանք է պահանջում, ինչն էլ արվում է։ «Մենք մասնագիտություն մտնող նոր դատավորների դեպքում իրականացնում ենք լուրջ, ինստիտուցիոնալ ստուգում և օրենսդրական բոլոր երաշխիքներով և սա շատ կարևոր հանգամանք է, որ նոր մտնող դատավորները ունեն բարեվարքության բարձր մակարդակ և որևէ մեկը կասկածի տակ դնելու հիմքերը չունի»,- նշեց փոխնախարարը։ Բարեփոխումների մյուս ուղղությունը գործող դատավորների գույքային դրության ստուգումներն են։ «Սխալ է ասել, որ որևէ արդյունքներ չկան։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից իրականացվել է գործող դատավորների գույքային դրության ստուգում հայտարարգրերի հիման վրա և բավականին թվով վարույթներ են իրականացվել, որոնք ընթացքի մեջ են»,- նշեց նա։ Փոխնախարարը հիշեցնում է նաև դատավորների նկատմամբ կիրառվող կարգապահական վարույթների մասին։ Նրա խոսքով՝ վերջին 2 տարիների ընթացքում աննախադեպ թվով կարգապահական վարույթներ են հարուցվել․ «Մյուս ուղղությունը արդարադատության նախարարի կողմից կարգապահական վարույթի շրջանակում որոշակի դատավորների վարքագծի հարցերը ԲԴԽ-ի առջև բերելու մոտեցումն է։ Վերջին 2 տարիների ընթացքում գործող նախարարը աննախադեպ թվով կարգապահական վարույթներ է հարուցել։ Մի քանի դեպքերում ունենք զգուշացումներ, որոշ դեպքերում՝ պաշտոնից հեռացումներ»,- եզրափակեց Գրիգորյանը։ 

Սկզբնաղբյուրը՝ այստեղ: