Հայտարարություն՝ Արդարադատության նախարարությունը հայտարարում է նոտարների թեկնածուների որակավորման ստուգում

02/04/2024

«Լոռու մարզ» նոտարական տարածքի (նստավայր՝ քաղաք Վանաձոր),
«Լոռու մարզ» նոտարական տարածքի (նստավայր՝ քաղաք Ստեփանավան),  
«Տավուշի մարզ» նոտարական տարածքի (նստավայր՝ քաղաք Դիլիջան),
«Արարատի մարզ» նոտարական տարածքի (նստավայր՝ քաղաք Արտաշատ),
«Շիրակի մարզ» նոտարական տարածքի (նստավայր՝ գյուղ Ախուրյան),
«Սյունիքի մարզ» նոտարական տարածքի (նստավայր՝ քաղաք Սիսիան),
«Սյունիքի մարզ» նոտարական տարածքի (նստավայր՝ քաղաք Կապան) և
«Երևան» նոտարական տարածքի (նստավայր՝ Դավթաշեն)
նոտարի թափուր պաշտոնները համալրելու մասին
«Լոռու մարզ» նոտարական տարածքի (նստավայր՝ քաղաք Վանաձոր), «Լոռու մարզ» նոտարական տարածքի (նստավայր՝ քաղաք Ստեփանավան), «Տավուշի մարզ» նոտարական տարածքի (նստավայր՝ քաղաք Դիլիջան), «Արարատի մարզ» նոտարական տարածքի (նստավայր՝ քաղաք Արտաշատ), «Շիրակի մարզ» նոտարական տարածքի (նստավայր՝ գյուղ Ախուրյան), «Սյունիքի մարզ» նոտարական տարածքի (նստավայր՝ քաղաք Սիսիան), «Սյունիքի մարզ» նոտարական տարածքի (նստավայր՝ քաղաք Կապան) և «Երևան» նոտարական տարածքի (նստավայր՝ Դավթաշեն) նոտարական տարածքներում նոտարի թափուր պաշտոնը համալրելու համար Արդարադատության նախարարությունը հայտարարում է նոտարների թեկնածուների որակավորման ստուգում (այսուհետ՝ ստուգում):
Ստուգմանը մասնակցելու համար կարող է դիմել 25 տարին լրացած Հայաստանի Հանրապետության գործունակ յուրաքանչյուր քաղաքացի, որն ունի իրավաբան բակալավրի կամ իրավաբան դիպլոմավորված մասնագետի որակավորում, չունի դատվածություն և`
1) անցել է նոտարական գործունեության առնվազն 1 տարվա ստաժավորում առնվազն 3 տարվա՝ նոտարի գործունեության աշխատանքային ստաժ ունեցող նոտարի մոտ, կամ՝
2) ունի 3 տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան և անցել է նոտարական գործունեության առնվազն 3 ամսվա ստաժավորում, կամ՝
3) չի անցել նոտարական գործունեության ստաժավորում, սակայն ունի իրավաբանի առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան:
Դիմորդը ստուգմանը մասնակցելու համար առձեռն արդարադատության նախարարություն (հասցե` ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8) է ներկայացնում՝
1) դիմում, որտեղ պետք է նշվեն`
ա. դիմորդի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում),
բ. դիմորդի ծննդյան օրը, ամիսը, տարին, հաշվառման վայրի հասցեն, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման վայրի հասցեից), հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն.
2) 2 գունավոր լուսանկար` 3 x 4 չափսի.
3) անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
4) բարձրագույն իրավաբանական կրթության վկայականի (դիպլոմի) պատճենը.
5) նոտարական գործունեության ստաժավորում անցած լինելու դեպքում ստաժավորումը ղեկավարող նոտարի եզրակացությունը, որում պետք է նշված լինեն ստաժավորման ժամկետի սկիզբը և ավարտը, ստաժորի կողմից ստաժավորման ընթացքում կատարած` «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գործողությունները, դրույթ այն մասին, որ նոտարը երաշխավորում է, որ ստաժորը լիարժեք անցել է «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված ստաժավորումը, որի արդյունքում լիովին տիրապետում է նոտարական գործողություններ կատարելու համար անհրաժեշտ գիտելիքներին և (կամ) Կառավարության 06.06.2002 թվականի թիվ 789-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետի 2-րդ կամ 3-րդ ենթակետերում նշված իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժը հավաստող փաստաթուղթ կամ իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճանի վկայական.
6) դատվածության բացակայության մասին տեղեկանք․
7) ստուգման համար օրենքով սահմանված չափով` 20.000 ՀՀ դրամ, թիվ 900005163622 հաշվեհամարին վճարված պետական տուրքի անդորրագիրը:
Դիմումին կից փաստաթղթերի պատճենները ներկայացնելիս դրանց բնօրինակը պետք է լինի դիմորդի մոտ՝ փաստաթղթերը հանձնելու պահին: Օտար լեզվով ներկայացվող փաստաթղթերը պետք է նոտարական կարգով թարգմանված լինեն հայերեն:
Դիմումը և կից փատաթղթերը հանձնելուց հետո դիմորդը ստորագրում է փաստաթղթերի հանձնումն ու ընդունումը հավաստող փաստաթուղթ (ստացական):
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2024 թվականի ապրիլի 12-ը, մինչև ժամը 16.00:
Փաստաթղթերը կարող են ներկայացվել յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 9.30-12.30 և 14.00-17.00:
Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման առաջին` գործնական խնդիրների լուծման փուլը, կանցկացվի 2024 թվականի ապրիլի 26-ին, ժամը 10:00-ին, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3 հասցեում (վայրի փոփոխության դեպքում դիմորդները լրացուցիչ կծանուցվեն):
Գործնական խնդիրների լուծման փուլում դիմորդին տրվում են նոտարական գործողություններին առնչվող խնդիրներ՝ վերջինիս գիտելիքները հետևյալ բնագավառներում ստուգելու համար՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք.
2) Հայաստանի Հանրապետության հողային օրենսգիրք.
3) «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք.
4) «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք.
5) նոտարական գործունեությունը կարգավորող այլ իրավական ակտեր:
Նոտարների թեկնածուների որակավորման երկրորդ` հարցազրույցի փուլի անցկացման օրվա, ժամի, տեղի մասին տեղեկատվությունը լրացուցիչ կրհապարակվի Արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում (www.moj.am), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային (www.azdarar.am) կայքէջում:
Որակավորման ստուգման յուրաքանչյուր փուլի անցկացումից առնվազն յոթ օր առաջ ստուգման անցկացման օրվա, ժամի, տեղի մասին տեղեկատվությունը լրացուցիչ կներկայացվի դիմորդներին՝ վերջիններիս կողմից տրամադրված էլեկտրոնային փոստի միջոցով:
Դիմումների ներկայացման, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել  (010) 59-40-76) և (010) 59-41-09) հեռախոսահամարներով: