«Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ

Տնօրեն
Դավիթ Ղուլյան

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը  փորձաքննությունների կատարման ծառայությունների մատուցման բնագավառում ՀՀ առաջատար կազմակերպություններից մեկն է: Այն գործունեության կեսդարյա պատմություն ունի: Կենտրոնը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի որոշմամբ` «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոն» պետական հիմնարկի վերակազմակերպման արդյունքում: Այնուհանդերձ, Կենտրոնի պատմությունը սկսում է 1959 թվականից, երբ ՀՍՍՀ Մինիսրների Սովետի որոշմամբ ձևավորվեց Երևանի պետական համալսարանի քրեագիտության գիտահետազոտական լաբորատորիան, որն իրականացնում էր նաև դատական փորձաքննությունների կատարման գործառույթ:

Կենտրոնի նպատակներն են՝

փորձագիտության զարգացումը, փորձաքննությունների, այլ գիտահետազոտական, գիտատեխնիկական, գիտամեթոդական աշխատանքների կազմակերպումը և կատարումը,

 հետազոտությունների գործող մեթոդիկաների համակարգումը, նորերի մշակումը, դրանց փորձարկումը և գործունեության համար երաշխավորումը,

 փորձագիտության բնագավառի մասնագետների վերապատրաստումը և կատարելագործումը, ինչպես նաև սահմանված կարգով նրանց որակավորման շնորհումը:

Նշված նպատակներից ելնելով` Կենտրոնն իրականացնում է հետևյալ գործունեությունը․

ա/  պայմանագրային հիմունքներով կատարում է փորձաքննություններ (ինչպես քրեական, վարչական, քաղաքացիական վարույթների շրջանակներում, այնպես էլ` այլ փորձաքննություններ), գիտական, գիտամեթոդական հետազոտություններ և գիտատեխնիկական աշխատանքներ` դրանց կատարումը կազմակերպելով իր հաստիքային և արտահաստիքային աշխատողների ուժերով, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, պայմանագրային հիմունքներով դրանց մասնակից դարձնելով այլ մասնագետների կամ համագործակցելով այլ կազմակերպությունների հետ.

բ/ համակարգում է փորձագիտական հետազոտությունների մեթոդիկաները, մշակում, փորձարկում և գործածության համար երաշխավորում է նոր մեթոդիկաներ.

գ/ կատարում է փորձագիտական պրակտիկայի ամփոփումներ ու դրանց հիման վրա մշակում մեթոդական ցուցումներ, համապատասխան կազմակերպությունների ներկայացնում առաջարկություններ` իրավախախտումների կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու վերաբերյալ.

դ/ կազմակերպում և իրականացնում է մեթոդական և գործնական օգնություն փորձագիտության հարցերով, դրանց վերաբերյալ տալիս մեթոդաբանական բնույթի պարզաբանումներ և  իրականացնում խորհրդատվություն.

ե/ պատրաստում, հրատարակում և իրացնում է փորձագիտությանը վերաբերող ձեռնարկներ, տեղեկագրքեր, մենագրություններ, ժողովածուներ և այլ աշխատություններ.

զ/ մշակում է փորձագիտության հեռանկարային զարգացման  ծրագրեր և դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնին.

է/ սահմանված կարգով իրականացնում է դատական փորձագիտության բնագավառի մասնագետների վերապատրաստումն ու կատարելագործումը, նրանց որակավորման հավաստումը.

ը/ երկկողմ և բազմակողմ ուղղակի կապեր է հաստատում Հայաստանի Հանրապետության ու օտարերկրյա համապատասխան կազմակերպությունների և մասնագետների հետ, իրականացնում է համատեղ միջոցառումներ, կազմակերպում է համաժողովներ, գիտական խորհրդակցություններ, սեմինարներ, մասնակցում այլ կազմակերպությունների կազմակերպած այդպիսի միջոցառումներին, նրանց հետ համատեղ իրականացնում մասնագետների փոխադարձ ստաժավորումներ և կատարում փորձի փոխանակում.

թ/ իրականացնում է իր աշխատողների սոցիալական և կենցաղային պահանջմունքների բավարարմանն ուղղված միջոցառումներ.

Կենտրոնի կառավարումն իրականացնում են ՀՀ կառավարությունը, ՀՀ արդարադատության նախարարը, ինչպես նաև Կենտրոնի տնօրենը` որպես Կենտրոնի գործադիր մարմին: 



Առնչվող օրենսդրություն