Զոռով որսի տարած շունը որս չի անի...

20/03/2012

րդեն ՀՀԿ շարքերն անցած արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրուցելիս անդրադարձավ այն հանգամանքին, որ իր` նախարար դառնալիս պայմանավորվածություն կար, որ ինքը կուսակցական չի դառնալու, սակայն պայմանավորվածությունը, փաստորեն, խախտվել է:

«Պայմանավորվածությունը չի խախտվել»,- ասել է Հրայր Թովմասյանն ու նշել է, որ այնպես չէ, որ իրեն ինչ-որ բան պարտադրվել է. «Մեկ տարի ժամանակը, որոշակի ժամանակահատված է, որ ինքդ քո համար որոշումներ կայացնես: Մեկ տարվա ընթացքում իմ մեջ երկու մարդու կռիվ էր` Հրայր Թովմասյան տեսաբան, իրավաբան, փորձագետ և Հրայր Թովմասյան` քաղաքական գործիչ, նախարար: Ես գիտեի, որ այս երկուսի պայքարում, գերիշխողն ինձ համար սկսելու է դառնալ քաղաքական գործիչ Հրայր Թովմասյանը»:

Իսկ հարցին, թե արդյոք նրան ստիպե՞լ են դառնալ կուսակցական, նախարարը պատասխանեց. «Ժողովրդական խոսք կա`զոռով որսի տարած շունը, որս չի անի... Զոռով կուսակցական դարձած ո'չ նախարարը, ո'չ պատգամավորը ոչ մեկին պետք չէ»:

Հարցին, թե ինչո՞ւ հենց ընտրություններից անմիջապես առաջ դարձավ ՀՀԿ-ական, Թովմասյանը վստահեցրեց, որ ընտրություններից հետո ամեն ինչ շատ ավելի հեշտ կլիներ, իսկ շահարկումները` շատ, քանի որ պարզ կլիներ քաղաքական դաշտի պատկերը: Այսօր կուսակցական դառնալը, ըստ Թովմասյանի, կրում է որոշակի պատասխանատվություն:

«Հանրապետության նախագահից ՀՀԿ անդամատոմսը ստանալուց հետո նրան ասացի, որ առաջին դեպքն է, երբ դիմում եմ ոչ որպես ՀՀ նախագահի, այլ որպես կուսակցության նախագահի, եւ ես հիմա ոչ թե նախարար եմ, այլ կուսակցական»,- նշեց նախարարը:

Նախարարը վստահեցրեց, որ ամենեւին էլ իրեն վատ չի զգում, որ մի ցուցակում է, ուր տեղ ունեն Արտաշես Գեղամյանը, Շուշան Պետրոսյանը, Խոսրով Հարությունյանը: Արտաշես Գեղամյանի գիրքը, որի շնորհանդեսին ներկա էր նաեւ ՀՀ նախագահը, Թովմասյանը դեռ չի կարդացել, ժամանակ չունի, երբ ունենա` կկարդա: