Պատժե՞լ դատավորին, թե՞ փոխել օրենքը

13/03/2012

Մինչ օրս 32 վճիռ է ընդունել Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ԵԴ) ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Վերջին երկուսն ընդունվել են այս տարվա հունվարին եւ դեռեւս ուժի մեջ չեն մտել: Իսկ մինչ օրս ՄԻԵԴ-ի վարույթ ընդդեմ ՀՀ-ի 949 գործ է ընդունվել: Ի՞նչ անել, որպեսզի ՄԻԵԴ-ի որոշումների հիման վրա բավականին խոշոր գումարներ դուրս չգան պետական բյուջեից: Այս խնդրի մասին ԵՐԿԻՐԸ զրուցեց ՀՀ արդարադատության փոխնախարար Ռուբեն Մելիքյանի հետ:
Վերջերս առաջարկ եղավ պատժել այն դատավորներին (զրկելով նրանց 3-4 տարի իրենց պաշտոնում աշխատելու իրավունքից), ովքեր սխալ ակտեր են ընդունում եւ դրանց արդյունքում ԵԴ-ի որոշմամբ պետբյուջեից տարեկան մինչեւ 40 հազար եվրո է վճարվում: Ի՞նչ կասեք սրա մասին:

- Նախ` ՄԻԵԴ-ի ընդունած վճիռները երկու հետեւանք են ունենում. առաջինի դեպքում դատարանը նշում է, թե պետությունն ինչպես պետք է վերացնի կոնկրետ անձի նկատամամբ թույլ տրված խախտումը, որը հիմնականում վճարման ձեւով է կատարվում:

Երկրորդի դեպքում վճիռն ընդհանրական բնույթ է ունենում` նշվում է, թե պետությունը օրենսդրական ինչ միջոցներ պետք է ձեռնարկի, որպեսզի խախտումը չկրկնվի: Ինչ վերաբերում է խախտումներ թույլ տված կոնկրետ պաշտոնյաների նկատմամբ պատասխանատվություն կիրառելուն, ապա մենք Եվրախորհրդի եւ մասնավորպես ԵԴ-ի վճիռների կատարումը վերահսկող ԵԽ նախարարների կոմիտեի առջեւ որեւէ պարտավորություն չունենք:

Երբ ես աչքի էի անցկացնում մեր դեմ կայացված որոշումներով գործերը, նկատեցի, որ ավելի շատ են այն գործերը, որոնց դեպքում պաշտոնյաները թույլ չեն տվել այնպիսի խախտում, որը հանգեցրել է Կոնվենցիայի (Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիա) խախտման, պատճառը եղել են մեր օրենսդրական եւ նորմատիվային բնույթի խնդիրները:

Սակայն մեր օրենսդրությունն արդեն իսկ նախատեսում է ընթացակարգ դատավորի կողմից ակնհայտ եւ կոպիտ խախտում թույլ տալու համար. արդարադատության խորհուրդը կարգապահական վարույթ է հարուցում դատավորի նկատմամբ, որի արդյունքում նկատողություն եւ խիստ նկատողություն ստացած դատավորների աշխատավարձի մինչեւ 25 տոկոսը կարող է պահվել վեց ամսից մինչեւ մեկ տարի ժամկետով:

-Իսկ եղե՞լ են նախադեպեր, որ դատավորների աշխատավարձից պահումներ արվեն:

-Եղել են նախադեպեր, բայց դրանք հիմնականում ուղղակիորեն կապված չեն եղել ԵԴ-ի որոշումների հետ: Միայն մեկ դեպք եղել է, երբ դատավորը ԵԴ-ի վճռից հետո է պատասխանատվության ենթարկվել: Ասեմ նաեւ, որ մենք դատական օրենսգրքում հատուկ նորմ ենք մտցրել, համաձայն որի` Եվրադատարանի վճռի հիմքով կարելի է կարգապահական վարույթ հարուցել:

Նյութն ամբողջությամբ