Դատապարտյալները բոնուսներ կհավաքեն. Թովմասյանը հանդիպել է Սաքունցին
22/02/2012
Արդարադատության նախարարությունը գիտակցում է, որ կան իրապես լուրջ համակարգային խնդիրներ, որոնք պետք է լուծել: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ հանդիպումից ստացած տպավորությունները արտահայտեց ԱՆ Քրեակատարողական հիմնարկներում դիտորդական խմբի ղեկավար Արթուր Սաքունցը:
«Նախարարությունը գտնում է, որ այս խնդիրների մի մասի համար լուծում տալու հնարավորություն կա , իսկ մի մասի համար էլ գտնում է, որ լուծում տալու հնարավորություն չկա», -հավելեց խմբի ղեկավարը:
Նա ասաց, որ նախարարը հանդիպման ընթացքում դիտորդական խմբին իրազեկել է, թե ինչ խնդիրներ կան, որոնք պետք է այս տարվա ընթացքում լուծվեն: Իսկ այս տարվա առաջնային լուծելիք խնդիրը դատապարտյալներին աշխատանքով ապահովելն է: «Նախարարն ասում է, որ դա մեր առաջնային խնդիրն է և հնարավորին չափով մեռյալ կետից շարժել իրավիճակը», -նկատեց Սաքունցը: Նրա խոսքով, կմշակվեն չափորոշիչներ և դատապարտյալների համար կգործի բոնուսային համակարգը:
«Դատապարտյալը կիմանա, որ եթե բոնուսներ հավաքի, ինքը արժանի կլինի պայմանական վաղաժամկետից օգտվելու», -փոխանցեց դիտորդական խմբի ղեկավարը` նկատելով, որ կան որոշ հարցեր, որոնք պետք է ժամանակի ընթացքում լուծվեն:
Նախարարի հետ հանդիպման ընթացքում ասել են նաև, որ այս ու այլ խնդիրների լուծման համար կմշակվեն իրավական ակտեր, օրենքներում կկատարվեն փոփոխություններ ու կդրվեն հանրային քննարկման:
Նյութն ամբողջությամբ