Նոր Տարին լավ տոն չէ, եթե տեսնեմ, որ կարելի է օրենքով կարգավորել, կփոխեմ. Հրայր Թովմասյան

27/12/2011

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե իրեն Ձմեռ պապի դերում պատկերացնո՞ւմ է, Հրայր Թովմասյանը բացասական պատասխան տվեց ու ասաց, որ Նոր Տարին էլ չի սիրում: “Լավ տոն չէ, պետք է փոխել, եթե տեսնեմ, որ կարելի է օրենքով կարգավորել, կփոխեմ: Հոգսաշատ տոն է, որոշակի պարտավորեցնող տոն է կամ էլ` մենք ենք այդպես ընկալում: Դու չես կարողանում ոչ ուրախանալ, ոչ մարդկանց նորմալ հյուրասիրել: Ինչ –որ պարտականություն է` գնացին, եկան…”,-ասաց նախարարն ու հավելեց, որ Նոր Տարին պետք է ավելի ուրախ տոն լինի:

“Ես սիրում եմ հավաքվել ընկերներով, բարեկամներով, միանգամից ուրախանալ եւ նշել: Փորձում եմ դա անել, բայց դեռեւս չի ստացվում”,-անկեղծացավ նա: Արդարադատության նախարարի պաշտոնը Հրայր Թովմասյանին զրկել է ամանորյա գնումներ կատարելու հաճույքից: Գնումները կատարում է նրա տիկինը: “Տասնյոթ տարի գնումները ես եմ արել, վերջին մեկ տարին կինս է անում: Կատակով նկատում եմ` եթե կարող էիր անել, այս տասնյոթ տարին ինչո՞ւ էի ես անում: Ինքն ինձնից լավ է այդ գնումներն անում”,-մեզ հետ զրույցում շարունակեց արդարադատության նախարարը:

Հրայր Թովմասյանի որդին, որ վեց ու կես տարեկան է, Ձմեռ պապի մասին նախարար հայրիկի պատմած հեքիաթներին էլ չի հավատում : “Ինքը նյութապաշտ է, iPad է ուզում”,-կրկին անկեղծացավ նախարարն ու նկատեց.”Ես չորս տարեկանից չեմ հավատացել Ձմեռ պապիկին: Գիշերն ինձ քնածի տեղ էի դնում, բայց գիտեի, թե ովքեր են նվերներ բերում”:

Արդարադատության նախարարն ասում է, որ կառավարությունում միմյանց այցելելու ավանդույթ չկա: “Մենք կառավարությունով հավաքվում ենք` նախագահի գլխավորությամբ, միասին նշում ենք , իսկ Ամանորին, պարզապես զանգահարում եւ նորից շնորհավորում ենք ”: