Հակասական կարծիքներ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագծի վերաբերյալ
12/12/2011
ՀՀ արդարադատության նախարարի օգնական Հայկ Սարգսյան
- 1998 թ. ընդունված և 1999 թ. հունվարի 12-ին օրինական ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը հանրապետությունում իրականացվող դատաիրավական բարեփոխումների առաջին փուլի արդյունքում ընդունված կարևոր իրավական ակտերից է: Այն ընդունման պահին ուներ առաջադիմական բնույթ, քանի որ դրանում ամրագրվեցին արդարադատության իրականացման ժողովրդավարական հիմնական սկզբունքները և անձի իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունն ապահովող կարևորագույն երաշխիքները: Սակայն քրեադատավարական օրենսգրքի ընդունման պահից հետո մեր պետության քաղաքական և հասարակական կյանքում տեղի ունեցան կարևոր իրադարձություններ, որոնք հանգեցրին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում հիմնարար փոփոխությունների կատարմանը: Մասնավորապես 2002 թ. Հայաստանի Հանրապետությունը վավերացրեց Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին 1950 թ. Եվրոպական կոնվենցիան, իսկ 2005 թ. նոյեմբերի 27-ին ՀՀ Սահմանադրությունում կատարվեցին հիմնարար փոփոխություններ: