Կասեցրել են գրանցումը, սկսել վարույթ
30/11/2011
«Նույն պատմությունն ու խեղկատակությունն է` օգոստոսից արդարադատության նախարարությունը դրանով է զբաղված»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՌԱԿ փոխատենապետ Հարություն Առաքելյանը, որը ՀՌԱԿ ատենապետ ընտրվելու մասին նոյեմբերի 20-ին կայացած համագումարի արձանագրությունները փոխանցել է ՀՀ Արդարադատության նախարարության պետական ռեգիստր:
«Հիմա պետռեգիստրը վարույթ է ընդունում այդ նյութերը եւ նորից պետք է նայեն»,-տեղեկացրեց Հարություն Առաքելյանը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին նա դիմել էր ՀՀ պետական ռեգիստր եւ ներկայացրել ՀՌԱԿ 20-րդ համագումարի արձանագրությունները, որոնցով պետք է անվավեր ճանաչվեն Էդվարդ Անտինյանի` կուսակցության ատենապետի լիազորությունները, եւ իրեն գրանցեն որպես ատենապետ:
ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի եւ ոչ առեւտրային կազմակերպությունների գործունեության օրինականության վերահսկողության բաժնի պետ Արսեն Բաբայանից տեղեկացանք, որ նոյեմբերի 23-ին ՀՌԱԿ ատենապետ Էդվարդ Անտինյանը վարչական բողոք է ներկայացրել` պետական գրանցման գործընթացը սկսելու դեմ:
Նախարարության վերահսկողության բաժինը վարույթ է հարուցել, որովհետեւ ըստ օրենքի՝ մինչեւ վերադասությամբ բողոքարկվող վարչական վարույթը լուծում չստանա, այսինքն, մինչեւ իրենք որոշում չկայացնեն, ստորադաս մարմինը, այս դեպքում՝ պետական ռեգիստրը, իրավունք չունի գրանցման շարունակել գործընթացը, ուստի այն կասեցվում է:
Արսեն Բաբայանը «Ա1+»-ին տեղեկացրեց, որ մեկամսյա ժամկետում, օրենքով նախատեսված կարգով, կավարտվի գործի վարույթը, կընդունվի վարչական ակտ, որից հետո միայն պետական ռեգիստրը իրավունք կունենա շարունակել գրանցման գրոծընթացը:
Ինչ վերաբերում է քրեական գործին, որ հարուցվել է Հարություն Առաքելյանի դեմ` վարչապետին ուղղված մեղադրանքների վերաբերյալ, ՌԱԿ փոխատենապետն ասաց, որ չի ընկճվում:
«Վարչապեին ֆաքսեր եմ ուղարկում՝ մամուլի միջոցով, թող նախապատրաստվի հարցաքննության, մենք քննիչին ներկայացրել ենք 42 սկզբնաղբյուր, թե որտեղից մեզ այդ ինֆորմացիաները, բայց դա լրիվ չէ, էլի ունենք»,-«Ա1+»-ին տեղեկացրեց Առաքելյանը:
Իսկ ե՞րբ կհրապարակեք բոլոր փաստերը,- մեր հարցին, նա պատասխանեց. «Երբ ուզեմ, այն ժամանակ էլ կհրապարակեմ: Տեսնեմ ընթացքն ինչպես կգնա։ 42 սկզբնաղբյուրից ներկայացրած տեղեկատվությունը մի 200 էջ ինֆորմացիա է, երբ մարսեն, երբ հարցաքննեն, այնտեղ անուններ կան եւ այլն, եւ անհրաժշտություն առաջանա, այդ ժամանակ ես պատրաստ եմ իրենց աջակցել. եթե չի բավարարի, էլի կտանք, բաց ֆաքսեր կուղարկենք, նորից թող նայեն, ուսումնասիրեն»:
Իսկ ինչո՞ւ ունենալով այդպիսի ինֆորմացիոն բազա, նման քայլ արեց Հարություն Առաքելյանը հենց ընտրությունների նախօրյակին։ «Այդպես ուզեցի՝ այդպես արեցի, իմ ուզելով չի՞: Ես ազատ քաղաքացի եմ, իրավունք ունեմ ուսումնասիրություններ անել, եզրանգումների գալ եւ իմ եզրահանգումներն էլ դարձնել հանրության սեփականությունը, մանավանդ, որ խոսքը հանրության ունեցվածքի մասին է։ Որեւէ մեկից թույլտվություն չպիտի հարցնեի նման գործունեության համար` համաձայն ՀՀ Սահմանադրության»,-ասաց Հարություն Առաքելյանը: