Մեկնարկեցին նոտարների որակավորման քննությունները

28/11/2011

Այսօր արդարադատության նախարարությունում մեկնարկեցին նոտարների որակավորման քննությունները: Քննություններին մասնակցության դիմում-հայտ էր ներկայացրել 80 հոգի: Նոտարիատի ու ՔԿԱԳ մարմինների գործունեության օրինականության վերահսկողության բաժնի պետ Դանիել Մխեյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ մասնակիցներից մեկն այսօր հայտնել է, թե վատառողջ լինելու պատճառով չի կարող մասնակցել ու խնդրել է հետ վերադարձնել իր դիմումը: Նախարարությունը դիմումը վերադարձրել է:

Նշենք, որ նոտարների թեկնածուների որակավորման ստուգման քննությունների հանձնաժողովի նիստի որոշմամբ` մասնակից Ալմաստ Մանուկյանի դիմումը հետ է վերադարձվել մասնագիտական աշխատանքային ստաժը` նոտարների թեկնածուների որակավորման ստուգման քննություններին մասնակցելու պահանջին չհամապատասխանելու պատճառով, իսկ դիմորդ Հասմիկ Հովսեփյանին որոշվել է թույլ տալ մասնակցել քննությանը` հետագայում աշխատանքային ստաժի հետ կապված հարցում կատարելու պայմանով:

Հարցին,թե ինչո՞ւ է անհրաժեշտություն առաջացել` հանձնաժողովի որոշմամբ ստուգել նոտարների թեկնածուների որակավորման ստուգման քննությունների մասնակիցների որոշ դիպլոմների իսկությունը, Դանիել Մխեյանը պատասխանեց, թե ընթացիկ ստուգվելու են բոլորի անձնական տվյալները, որ ամեն ինչ հավաստի լինի:

«Մեք առաջնորդվում ենք վարչական հիմունքների ու վարչական վարույթի մասին օրենքի պահանջներով, որի համաձայն` քաղաքացու արած հայտարարությունը համարվում է հավաստի, քանի դեռ վարչական մարմինը հակառակը չի ապացուցել: Դիտարկում ենք, որ ներկայացված տվյալները հավաստի են, բայց պիտի ստուգենք, հատկապես, եթե կան կասկածելու հիմքեր»,-ասաց նա:

Այսինքն որևէ մեկի դիպլոմի փաստն, այնուամենայնիվ, կասկածի տեղի՞ք է տվել ճշտմանը բաժնի պետը պատասխանեց, թե «ավելի շատ խնդիրն այն է, որ ձևական առումով էլ անհրաժեշտ է, որ վստահ լինենք` ամեն ինչ նորմալ է»:

Նա նշեց նաև, որ այսօրվա քննությանը որևէ ցանկացած պատճառաբանությամբ չմասնակցող անձը այս փուլում արդեն իսկ չի կարող մեկ այլ օր քննություն քանձնել:

Դ.Մխեյանի խոսքով` թափանցիկություն ապահովելու համար առաջին անգամ ցանկացողները կարող են օնլայն ռեժիմով հետևել քննություններին թե’ www.moj.am կայքում, թե’ նախարարության շենքում:

Այս ֆորմատով քննություն, ըստ էության, նոր խիստ ընթացակարգով է ընթանում` համաձայն կառավարության որոշման փոփոխության:

«Ընթացակարգում թեստավորման հետ կապված առնձնահատկությունն այն է, որ դրանք նախապես չեն հրապարակվել, ինչպես արվել է նախկինում, ու սա հնարավություն է ստուգելու, թե իրականում դիմորդն ունի՞ համապատասխան գիտելիք, թե՞ ոչ»,- ընդգծեց նա:

Քննությունների արդյունքում որակավորում ստացած անձանց լիցենզիան ուժի մեջ է լինելու հինգ տարի:

Քննության արդյունքները հայտնի կդառնան վերջին` երրորդ խմբի քննությունից մեկ ժամ հետո: Արդյունքների հրապարակման պահից կսկսվի նաև դրանց բողոքարկման փուլը: