Հրապարակ օրաթերթ. Ի՞նչ է իրականում ասել Վենետիկի հանձնաժողովը
25/10/2011
Մեր խմբագրությունը պարզաբանում է ստացել արդարադատության նախարարությունից, որով վերջինս պնդում է, թե մեր գնահականը «հիմնավոր չէ»:
«Իրականում ԵԽ Վենետիկի հանձնաժողովն իր եզրակացության վերլուծական մասում փաստել է, որ «Օրենքի նախագիծը ներկայացնում է գործող օրենքի եւ 2009 ու 2010 թվականների նախագծերի զգալիորեն բարելավված տարբերակը: …Մասնավորապես, օրենքի նախագծի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր ոք ունի կրոնի կամ համոզմունքի ազատություն (եւ ոչ միայն ՀՀ քաղաքացիները, ինչը սահմանված է գործող օրենսդրությամբ)։ Ավելին, օրենքի նախագծով հստակորեն երաշխավորվում է կրոնը կամ համոզմունքը փոխելու իրավունքը, կրոնը կամ համոզմունքը՝ ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ արտահայտելու իրավունքը, առօրյա կյանքում սեփական կրոնին եւ համոզմունքներին համաձայն գործելու ազատությունը, եւ ծնողների, եւ խնամակալների` իրենց երեխաների կրոնական դաստիարակությունը սեփական համոզմունքներին համապատասխան ապահովելու ազատությունը, որոնք կրոնի կամ համոզմունքի ազատության հիմնական կողմերն են եւ որոնք ամրագրված չեն գործող օրենքով եւ նախորդ օրենքների նախագծերում»։
Օրինագծի ամբողջական վերլուծությունը, սակայն, այլ բան է փաստում: Թեեւ եզրակացության ներածականում եվրոպացի փորձագետներն ասում են, որ ներկայիս օրինագիծը նախորդների համեմատ էապես բարելավվել է, սակայն նշվում է, որ դրանում շարունակում են մնալ հիմնարար խնդիրներ: Մասնավորապես` եզրակացությունում առկա են 14 հիմնական եւ 9 լրացուցիչ առարկություններ եւ առաջարկություններ: Ավելին` Վենետիկի փորձագետներն ընդգծել են, որ այդ խնդիրներից մի քանիսն արդեն պարզաբանվել են նախկին համատեղ եզրակացությունում` ակնարկելով, որ օրինագծի հեղինակները զլացել են դրանք հաշվի առնել սույն օրինագծում: