Վենետիկի հանձնաժողովը կարծում է, որ Հայաստանի խղճի ազատության օրինագիծը կատարելագործման կարիք ունի

21/10/2011

Երեւան: Մեդիամաքս: ԵԽ Վենետիկի հանձնաժողովը կարծում է, որ Հայաստանի «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների» մասին օրինագիծը հավելյալ կատարելագործման կարիք ունի:
Այս մասին ասվում է Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստի քննարկումների ժամանակ ընդունված՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ եւ Վենետիկյան հանձնաժողովի «Ընդհանուր կարծիքում» (Joint Opinion):

«Ընդհանուր կարծիքի» համաձայն, ողջունելի են իշխանությունների՝ Հայաստանում կրոնական ազատության իրավական սահմանների կատարելագործմանն ուղղված ջանքերը:

Մասնավորապես, Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներն ողջունել են այն հանգամանքը, որ իրավական ուսումնասիրության ներկայացված փաստաթուղթը երաշխավորում է Հայաստանում բնակվող բոլոր անձանց, այդ թվոմ՝ ոչ ՀՀ քաղաքացիների խղճի եւ կրոնի ազատությունը: Բացի այդ, օրինագծի համաձայն, կրոնական կազմակերպությունների փակումը ծայրահեղ կարգի մեթոդ է: Եթե օրինագիծը հավանության արժանանա, այն կներառի ավելի վաղ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ եւ Վենետիկյան հանձնաժողովի «Ընդհանուր կարծիքում» ձեւավորված առանցքային առաջարկությունները:

«Միեւնույն ժամանակ, որպեսզի օրինագիծը լիովին համապատասխանի միջազգային չափանիշներին, այն հավելյալ բարելավումներ է պահանջում: Այսպիսով, պետք է ուշադիր դիտարկվեն եւ հետագա կատարելագործման ենթարկվեն սեփական կրոնը եւ հավատքը ազատ քարոզելու սահմանափակումների պահանջների, պրոզելիտիզմի եւ կրոնական ուղղվածությունների հետ կապված հարցերը, հատուկ պայմաններով դիտարկվեն կրոնական կազմակերպությունների եւ խմբերի գրանցումը, կրոնական կազմակերպությունների փակումը»,- ասվում է ԵԽ Վենետիկի հանձնաժողովի հաղորդագրության մեջ: