Անկախությունը տվեց քո ճակատագիրն ինքնուրույն որոշելու հնարավորություն. Հրայր Թովմասյան

16/09/2011

mardik.am

ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ հարցազրույց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ, ով, ի դեպ, ներկա էր նախարարության կողմից տոնի առթիվ կազմակերպած ակցիային: Հավելենք, որ ակցիայի ժամանակ անցորդներին նվիրում էին սկավառակներ և գրքեր, որոնցում զետեղված է 20-ամյա օրենսդրական դաշտը:

Mardik.am- ՀՀ-ն իրավական տեսանկյունից որքանո՞վ է մրցունակ ավելի երկար ժամանակ պետականություն ունեցող երկրների հետ:

Հրայր Թովմասյան- Բացարձակ համեմատություն չի կարելի անել: Մենք պետք է համեմատություն կատարենք 20-ամյա պետականություն ունեցող երկրների հետ: Այստեղ կտեսնենք, որ բավականին շահեկան վիճակում ենք: Մեր օրենսդրությունում, իհարկե, կան բացեր, հակասություններ, բայց, այնուամենայնիվ, այն այսօր հնարավորություն է տալիս ընթացակարգերը, իրավունքներն ու պարտականությունները հստակ պատկերացնելու: Աստիճանաբար սա պետք է կատարելագործվի, որովհետև մենք սովորում էինք ընթացքում, փորձում էինք այն բազան, որի վրա պետք է հիմնվեինք…ցավոք սրտի, չունեինք նաև ավանդույթներ, որի վրա պետք է հիմնվեինք: 2-3 հարյուր տարվա պետականության ավանդույթներ ունեցող պետությունները սկզբնական փուլում իրենց սխալների վրա են սովորել, իսկ այս փուլում զերծ են մնում շատ ու շատ սխալներից:

Նույնիսկ ստեղծված են այնպիսի մեխանիզմներ, որոնք ֆիլտրացնում են օրենսդրությունում առկա հնարավոր հակասությունները և հնարավոր բացերը: Դե ինչ, եթե համեմատենք 20-ամյա կամ մի քիչ ավելի պատմություն ունեցողների հետ, ապա մեր օրենսդրությունը համակարգային է, պարունակում է համակարգային լուծումներ, բայց, այնուամենայնիվ, օրենսդրությունը մի ոլորտ է, որ անընդհատ կատարելագործման տեղ ունի: Մենք դեռ ունենք շատ անելիքներ, որպեսզի այդ հնարավոր հակասությունները, բարդությունները, բյուրոկրատական քաշքշուկները, կոռուպցիոն ռիսկերը, անորոշությունները հնարավորինս քչանան, հնարավորինս զրոյանան:

Mardik.am- Որքա՞ն ժամանակում այդ իրականություն կդառնա:

Հրայր Թովմասյան-Քանի որ դա անընդհատ պրոցես է, ապա անըդնհատ ձգտելու ենք դրան: Քանի դեռ կա մարդկությունը, օրենսդրությունը և պետականությունը դրան ենք ձգտելու: Օրենսդրության կատարյալ փուլը 7 սարի հետևում չէ: Մենք բարդ խնդիրներ արդեն իսկ լուծել ենք, մենք նոր ինստիտուտներ և դրանց օրենսդրության սահմանման խնդիր չունենք: Մենք ունենք դրանք կատարելագործելու, ավելի համակարգային դարձնելու խնդիր: Դրա համար մենք այսօր իրավական առումով շատ ավելի իմաստուն ենք, քան 90-ականների սկզբին:

Mardik.am-Ի վերջո, անկախությունը ՀՀ-ին ի՞նչ տվեց, ի՞նչ ունենք այսօր ընդհանուր առմամբ:

Հրայր Թովմասյան- Երբ ասում են` ի՞նչ տվեց, կներեք, ես հարցի վրա զարմանում եմ: Անկախությունը տվեց քո ճակատագիրն ինքնուրույն որոշելու հնարավորություն: Մնացածն այդ ժողովրդին է վերապահված` որքա՞ն կարողացավ նա ինքնուրույն որոշել իր ճակատագիրը: Մնացածը կախված է մեզանից:

Mardik.am- Որքանո՞վ կարողացավ:

Հրայր Թովմասյան- Կարողացանք այնքանով, որ մենք այսօր ունենք ԼՂՀ, ունենք պետականության բոլոր ինստիտուտները, միջազգգային կառույցների անդամ ենք: Բայց բնականաբար, սրանց կողքին ունենք բարդություններ, որոնց մի մասն օբյեկտիվ է, մյուս մասը` սյուբյեկտիվ: Հիմա հեշտ է այստեղ կանգնել և ասել` 90-ականների սկզբին եթե այսպես անեինք, 2000-ին այսպես անելն ավելի հեշտ կլիներ, բայց պետք է պատկերացնենք այդ մարդկանց, այդ ժամանակահատվածը, այդ իրավիճակը և հասկանալ` արդյո՞ք լավագույն լուծումներն էին, թե՞ ոչ: Իհարկե, պետք է ասել, որ ոչ միշտ են լավագույն լուծումներ տրվել: Բայց, այնուամենայնիվ, դրանք միշտ ինչ-որ քայլերով առաջ են գնացել: 2005թ.-ին Սահմանադրությունը բոլոր առումներով շատ ավելի առաջ է, քան` 1995թ.-ինը: Մեր ցանկացած օրենսդիր ակտ իր նախորդի հետ համեմատ պետք է լինի ավելի կատարյալ և իր հիմքում ունենա մարդուն, նրա իրավունքները, արժանապատվությունը որպես բարձրագույն արժեքներ: Սա անկախության ձեռքբերումն է:

Mardik.am- Մի փոքր էլ խոսենք այսօրվա կազմակերպած միջոցառումից: Սա կլինի՞ շարունակական:

Հրայր Թովմասյան-Շարունակական է լինելու: Մտածում ենք մեր օրենսդրությունն էլ ավելի մատչելի, հասու դարձնելու ավելի պարզ եղանակների մասին, որ դու քո էլեկտրոնային փոստում կարողանաս այս սկավառակի պարունակությունը ժամանակ առ ժամանակ ստանաս: Բայց քանի դեռ այդ հնարավորությունը չկա, այնպիսի խմբերի համար, ինչպիսին են ուսանողությունը, մեր համայնքները, հեռավոր շրջանի բնակիչները, սա լավ տարբերակ է: Այսինքն` 58 հազար իրավական ակտ ունենալ մեկ սկավառակում : Իրավունքի, օրենքների պահպանման առաջին կարևոր նախապայմանն այն է, որ մարդն իմանա դրա մասին: Նման միջոցառումները պարբերական են լինելու, ուղղակի այս անգամ համընկավ անկախության տոնի հետ:

Mardik.am- Հայ քաղաքացին որքանո՞վ է տեղյակ օրենսդրությունից, որքանո՞վ է կարողանում պահպանել իր իրավունքները:

Հրայր Թովմասյան- Աստիճանաբար օրենսդրությունը հանրության ավելի լայն շրջանակներում է սկսում հետաքրքրել: Սկզբնական փուլում հետաքրքրությունը շատ փոքր էր, բայց այսօր կարող ենք տեսնել կենսաթոշակառու, ով փորձում է կարդալ և իմանալ իր իրավունքները, հարկատու, ով փորձում է ծանոթանալ և հասկանալ, թե ոնց անի, որ հարկերը վճարի կամ չվճարի( ժպտում է-խմբ.), ուսանող, ով փորձում է իր իրավունքները պաշտպանել: Էլ չեմ խոսում դատավորների, դատախազների, փաստաբանների մասին: Այսինքն` պետք է նայել հետևյալ կերպ. որքանո՞վ է հետաքրքրությունը մեծանում, որքանո՞վ է այն ավելի մատչելի դառնում: Այս առումով մենք պրոգրես ունենք: Մենք օրական ունենում ենք հարյուր այցելու, ունեցել ենք նաև օրական հինգ հազար այցելու: Դրա համար կա սեզոնայնություն: Ամառային արձակուրդներին դրա թիվը նվազում է մինչև երեք հազարի, որը հետո նորից բարձրանում է:

Հարցազրույցը վարեց Սեդա Տեր-Ղազարյանը: