«Նուբարաշեն»-ի դատապարտյալը իր մարմնում երկա՞թ է փնտրում

20/09/2011


Աղբյուր` Panorama.am
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի երիտասարդ դատապարտյալներից Էդգար Յաղուտյանը, որ սեքսուալ գործողություններ կատարելու համար է դատապարտվել, մի քանի անգամ վնասել է ինքն իրեն: Քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ դատապարտյալն իրեն վնասել է դանակով հարված հասցնելով փայծախի շրջանում, բայց մինչ այդ, վնասվածք է հասցրել պարանոցի հատվածում: Բոլոր այդ վնասվածքների դեպքում նա տեղափոխվել է հիվանդանոց և ստացել անհրաժեշտ բուժօգնություն: Երրորդ անգամ, ըստ Ղլեչյանի, վզի շրջանում նրա հասցրած վնասավածքը թեթև է եղել և անհրաժեշտություն չի առաջացել տեղափոխել հիվանդանոց, հետևաբար բուժօգնությունը դատապարտյալն ստացել է տեղում:

Ղլեչյանն ասաց, որ Յաղուտյանն ամենևին էլ չի ցանկանում ինքնասպանություն գործել, այլ ուղղակի փորձում է այդպես ուշադրություն գրավել: Հարցին, թե ի՞նչ պահանջ է ներկայացնում դատապարտյալը, Ղլեչյանը պատասխանեց. «Ինքն անհիմն պահանջ է ներկայացնում, ասում է, որ իր օրգանիզմում երկաթի կտոր կամ օտար մարմին կա: Բայց բոլոր տեսակի բժշկական միջամտությունն արել ենք, օտար մարմին նրա օրգանիզմում չի հայտնաբերվել»:

Ըստ աղբյուրի, Յաղուտյանն այժմ ստացած վնասվածնքերի պատճառով գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում:

Էդգար Յաղուտյանը դատապարտվել է Քրեական օրենսգրքի 139 հոդվածի 3-րդ մասի «սեքսուալ բնույթի գործողություններ» հատկանիշներով և 2005-ից մինչ այժմ անազատության մեջ է: Նրա ազատ արձակվելու ժամկետը կլրանա 2012-ին կեսերին: