Փոխնախարարի պարզաբանումը Հացպանյանի քննադատության վերաբերյալ
02/09/2011
«Չկա ծուխ առանց կրակի», թե՞ «Մեծ աղմուկ ոչնչից»
Վերջին օրերին Hetq.am կայքում հրապարակվել են մի շարք հոդվածներ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակի վերաբերյալ («Առողջ մարդուն մտցրու ՔԿՀ, հիվանդ դուրս կգա, հաստատ», «Քրեակատարողական համակարգը ռազմագերիների ճամբար հիշեցնող մի փակ համակարգ է»): Ողջունում ենք լրագրողական հետաքրքրությունը քրեակատարողական ծառայության նկատմամբ, քանի որ մեր նախարարությունը միշտ գնահատել է այսկերպ նախաձեռնություններով նման փակ համակարգը հասարակության համար հնարավորինս թափանցիկ դարձնելը:
Ընդունելով հանդերձ, որ ոլորտում կան շտկման կարիք ունեցող թերացումներ, որոնց մի մասը նշված է վերը բերված հրապարակումներում, այնուամենայնիվ նկատենք, որ այդ հրապարակումներում տեղ են գտել իրականությունից, մեղմ ասած, շեղված որոշ փաստարկումներ, որոնց հարկ ենք համարում արձագանքել:
Նախ նախարարության այն ռազմավարական մոտեցումների մասին, որոնք վերաբերում են քրեակատարողական հիմնարկներ ԶԼՄ-երի ելք ու մուտքին: Այս առումով հատկանշականն այն է, որ 2001 թվականից ի վեր, երբ քրեակատարողական համակարգը տեղափոխվեց ՀՀ արդարադատության նախարարության ենթակայությանը, մեր նախարարության մոտեցումները գրեթե չեն փոխվել. հազվադեպ են եղել դեպքերը, երբ մերժվել է այս կամ այն ԶԼՄ-ի ներկայացուցչի մուտքը քրեակատարողական հիմնարկ (այն էլ հիմնավոր պատճառաբանմամբ), և հետայսու էլ` ձեռնարկվելու են հնարավոր բոլոր միջոցները, որպեսզի քրեակատարողական հիմնարկները բաց լինեն հասարակության համար, քանի որ ԶԼՄ-երի այցելությունները քրեակատարողական հիմնարկներ կամ նման անդրադարձերը յուրօրինակ մի ձև են հասարակական թափանցիկության ապահովման առումով:
Պատահական չէ ասված, որ «այդ հիմնարկների պատերը կանգնած են միայն ազատազրկվածների համար, ոչ հասարակության մյուս ներկայացուցիչների», հատկապես երբ դրանք ԶԼՄ-երի ներկայացուցիչներ են:
Մեկ այլ հատկանշական հանգամանք ևս. ցանկացած առողջ դատող պաշտոնյայի համար ընդունելի և նույնիսկ ցանկալի է առողջ քննադատությունը, քանի որ նման կերպ ընդդիմախոսելը միայն օգնում է էլ ավելի զգոն լինելու և նվազեցնելու սխալվելու հավանականությունը:
Իսկ ՀՀ արդարադատության նախարարի զգոնությունը բարձր պահելու նպատակն է հետապնդել ՀՀ քրեակատարողական օրենսգրքի և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ ներդրված քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողության իրականացման ինստիտուտը (ի դեպ այն ներդրվել է առանց որևէ «եվրոպական նախապայմանի»):
Իսկ հասարակական դիտորդների այս խումբը ներկայացված է հասարակական, այդ թվում` իրավապաշտպան կազմակերպություններից: Եվ այստեղ խմբի որոշմամբ կարող է ընդգրկվել ցանկացած հասարակական կազմակերպության ներկայացուցիչ` առանց պետական մարմինների միջամտության:
Ներկայացնենք մեր մոտեցումները հրապարակումներում բարձրացված մի քանի, մեր տեսանկյունից կարևորվող, հարցերի վերաբերյալ:
1. Պատժից պայմանական վաղաժամկետ ազատում. Հարց, որը միշտ և այժմ էլ գտնվում է նախարարության ուշադրության կենտրոնում: Գործնական հարթության վրա խոսելիս, պետք է նշել, որ 2010 թվականի երկրորդ կիսամյակի համեմատ 2011 թվականի առաջին կիսամյակում 3 տոկոսով աճել է պայմանական վաղաժամկետ ազատվող դատապարտյալների թվաքանակը, այն էլ համաներման կիրառմանը զուգընթաց:
Սա խոսում է այն մասին, որ որոշակիորեն ճշգրտվել են քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի կողմից իրականացվող մոտեցումները (համապատասխանաբար մինչ համաներումը աճել էր նաև բաց տեսակի ուղղիչ հիմնարկներում պատիժ կրող դատապարտյալների թվաքանակը):
Ինչ վերաբերում է տեսական նախաձեռնություններին, ապա նշենք, որ դեռևս տարեսկզբին այդ կապակցությամբ կազմակերպված սեմինարի ժամանակ եվրոպական փորձագետների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, կատարվում են իրավական համապատասխան վերլուծություններ, որոնք մոտ ապագայում կներկայացվեն հանրության քննարկմանը:
Համապատասխան ուսումնասիրություններ են կատարվում նաև հասարակական կազմակերպության հետ համատեղ: Քննարկումների արդյունքով էլ պայմանավորված կլինեն իրավական համապատասխան կարգավորումների նախաձեռնություններ:
Այս ամենին զուգահեռ, քրեակատարողական հիմնարկների գերբնակեցման խնդրի լուծման նպատակով այս տարվա առաջին կիսամյակում իրականացվեց նաև փորձնական մի ծրագիր` նախկինի համեմատ գործնականում ավելի լայնորեն սկսվեց կիրառվել պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ինստիտուտը:
Դրական արդյունքներն իրենց երկար սպասել չտվեցին: Եվ դրան համապատասխան այժմ կա օրենսդրական նախաձեռնություն, որի նպատակն է այս ինստիտուտը ոչ մեծ ծանրության և միջին ծանրության հանցագործությունների նման (ինչպես ներկայումս նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքով) կիրառելի դարձնել նաև ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար:
«… էս դատապարտյալների հարցերը լուծելը կես ժամվա խնդիր է: Եվ այսօր մենք Հայաստանում 5200-ի փոխարեն կունենայինք 200 դատապարտյալ: Էդտեղ շատ քիչ մարդ կա, որ իրոք հանցագործ է»: Յուրօրինակ մոտեցումը բնական է, ցանկացած մարդ ինքնապաշտպանական պահերի հոգեբանական նման ռեֆլեքս դրսևորում է: Եվ դատարանների փոխարեն արդարադատություն իրականացնելու ցանկություն չդրսևորելով, հարց կարելի է բարձրացնել, արդյոք նման մոտեցումը կարդարացներ իրեն այն դեպքում, երբ ներկայումս տարբեր կերպ մոտ 600 անձ (կալանավորված անձինք այս թվաքանակում ներառված չեն) դատապարտված է միայն սպանության համար:
Հետաքրքիր է, իսկ մյուս հանցագործությունների դեպքում… Այնուամենայնիվ, այս ամենից զատ, կարծում եմ պետք է պատժի` պետական հարկադրանքի միջոցի կիրառման անխուսափելիության և մարդասիրության սկզբունքները միշտ փորձենք հավասարակշռել ոչ թե յուրովի, այլ իրավաչափ ու օրինաչափ:
Ի վերջո, գերբնակեցման խնդիրն իր պատճառներն ունի, այլ ոչ թե այն կոռուպցիոն է կամ տնտեսական, ինչպես նշված է հրապարակումներից մեկում: Պատահական չէ, որ գերբնակեցման հարցը ԵԽ անդամ պետությունների արդարադատության նախարարների վերջին խորհրդի նիստի` օրակարգի երկու հարցերից մեկն էր (ԵԽ անդամ պետությունների մեծ մասում այն առկա է):
Այո, գերբնակեցումը հանգեցնում է նաև բացասական որոշ հետևանքների, մասնավորապես, էլ ավելի է դժվարանում կազմակերպել սոցիալ-հոգեբանական աշխատանքը (ազատազրկվածների թվաքանակի աճը բերում է որակի անկմանը), կապն արտաքին աշխարհի հետ (դժվարանում են տեսակցությունների, հեռախոսազանգերի տրամադրման կազմակերպումը,) և այլն:
2. Բուժսպասարկումը քրեակատարողական ծառայությունում. Քրեակատարողական ծառայությունում բուժսպասարկման ոլորտը զգայուն է, առկա են խնդիրներ, սակայն անընդունելի է այն, որ. «Առողջ մարդուն մտցրու ՔԿՀ, հիվանդ դուրս կգա»: Ոլորտի խնդիրները մշտապես եղել են ՀՀ արդարադատության նախարարության ուշադրության կենտրոնում, դեռևս 2010 թվականին այս խնդիրներն առանձնացված ձևով քննարկման առարկա են դարձել նաև ՀՀ վարչապետի մոտ:
Ավելին, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող Դիտորդների խմբի 2010 թվականի տարեկան զեկույցը նվիրված է բացառապես քրեակատարողական հիմնարկների բուժսպասարկման խնդիրներին:
Դեռևս 2010 թվականին քրեակատարողական վարչությունում մշակվեց ոլորտի զարգացման համապատասխան ծրագիր: Գործնական հարթության վրա` էլ ավելի է հստակեցվել համագործակցությունը առողջապահական քաղաքացիական հաստատությունների հետ` հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշմամբ հաստատված «Կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկասանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու և այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը»:
Հիմք ընդունելով նույն կարգի 9-րդ կետը (Կալանավորված անձը և դատապարտյալն իրենց հաշվին և իրենց ընտրությամբ պետք է հնարավորություն ունենան օգտվել այլ բժիշկ-մասնագետների ծառայություններից), էլ ավելի կիրառելի են դարձվել կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից իրենց հաշվին և իրենց ընտրությամբ այլ բժիշկ-մասնագետների ծառայություններից օգտվելու դեպքերը: Անկեղծ ասած, քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից խոչընդոտելը (ինչպես ներկայացվում է հրապարակումներից մեկում)` ուղղակի անտրամաբանական է:
Այժմ հակիրճ անդրադարձեր` հրապարակումներում տեղ գտած որոշ հարցերի կապակցությամբ:
Ինչ արժե դատապարտյալի մեկ օրը: Իհարկե, սա վաղուց գաղտնիքների շարքին չի դասվում: Դրա համար մեծ ջանքեր պետք չեն, ընդամենն անհրաժեշտ է բացել 2011 թվականի պետական բյուջեն կարգավորող իրավական ակտերը, նայել, թե ինչքան է նախատեսված քրեակատարողական համակարգի պահպանման համար (այն նախատեսված է առանձին տողով), և այդ թիվը բաժանել դատապարտյալների ու կալանավորված անձանց տարեկան փոփոխական միջին թվաքանակի (2011 թ. առաջին կիսամյակ` մոտ 4500) և այնուհետ` տարվա օրերի քանակի` 365-ի: Ահա և պատասխանը …
«Դատապարտյալների դիմումները տեղ հասնում են: Հիմա՝ հա, առաջ՝ չէ… Իսկ զանգահարելը»: Կալանավորված անձանց և դատապարտյալների դիմումների և բողոքների` հասցեատերերին հասնելու վերաբերյալ բազմիցս են անդրադարձեր եղել մամուլում, սակայն ևս մեկ անգամ նշենք, որ այս կապակցությամբ ձեռնարկված միջոցառումները և ուշադրությունը շարունակական բնույթ են կրում: Ինչ վերաբերում է հեռախոսազանգերին. նախկինում հեռախոսներից օգտվելը էլ ավելի ազատականացված էր, սակայն գերբնակեցումը բերեց նաև նրան, որ ստիպված եղանք օրենսդրորեն որոշակի սահմանաչափեր սահմանել, ժամանակացույցեր նախատեսել և այլն: Կարծում եմ՝ մոտ ապագայում այս խնդիրն այդչափ սուր չի լինի:
Կոռուպցիոն երևույթներ. քավ լիցի, չեն բացառվում դրանք քրեակատարողական հիմնարկներում, չնայած նրան, որ նման երևույթների դեմ պայքարն ամենօրյա բնույթ է կրում: Սակայն անընդունելի ենք համարում. «… էստեղ հաշիվներ պիտի տեսնես: Տեսակցություն ուզում ե՞ս, որ ամեն օր քո մոտ անսահմանափակ մարդ մտնի…»:
Այս ամենի պատասխանը կարող է լինել հենց նույն հրապարակումներում եղած մտքերից մեկը. «Ես քանի անգամ գրել եմ, ամեն ինչ արել եմ, ու մի րոպեում մտել են, ասում եմ՝ ոնց էղավ, որ կռիվ տվինք, մտավ …»: Այո, կարծում ենք, սեփական իրավունքների իրացման համար պայքարելը, խախտումների մասին բարձրաձայնելն ավելի իրական հնարավորություն է ստեղծում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարելու համար, քան դրանց մասին սոսկ ենթադրություններ անելը:
Կարճատև մեկնումներ. ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 80-րդ հոդվածի համաձայն, անձնական բացառիկ հանգամանքների դեպքում դատապարտյալին կարող է տրամադրվել կարճաժամկետ մեկնում` մինչև յոթ օր ժամկետով:
Սակայն նման կարճաժամկետ մեկնում չտրամադրելը որևէ կերպ չի կարող դիտվել որպես «մարդու իրավունքների կոպիտ խախտում, արժանապատվության հետ են խաղ», քանի որ տվյալ իրավանորմը սահմանում է վարչակազմի` հայեցողական իրավասություն:
Ավելին, եթե վերլուծենք եվրոպական զարգացած երկրների և մեր օրենսդրությունը, ապա կհամոզվենք, որ ազատազրկվածի վարքագծից բխող նմանատիպ հայեցողություններ եվրոպական երկրների ուղղիչ հիմնարկների վարչակազմերն ավելին ունեն:
Պետք է նշել նաև, որ առկա են օրենքով սահմանված որոշակի սահմանափակումներ, որոնց դեպքում ուղղակիորեն չեն կարող կարճաժամկետ մեկնումներ տրամադրվել (առանձնապես վտանգավոր ռեցիդիվը կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելը և այլն):
Քրեակատարողական հիմնարկներում հիմնախնդիրներն ավելին են, քան արծարծվել են հիշատակված հրապարակումներում, և իհարկե մեկ հոդվածով չես կարող վերլուծել այդ ամբողջը: Սակայն ակնկալվող քննարկումներից սպասելիքը պատճառահետևանքային վերլուծական բնույթն է` լուծումներ գտնելուն ուղղված աշխատանք` ենթադրյալ փաստարկումներով քննադատության փոխարեն:
Եվ այդ կապակցությամբ, ՀՀ արդարադատության նախարարությունն իր պատրաստակամությունն է հայտնում իր իրավասությունների շրջանակում առկա ցանկացած հարցի հանրային, մասնագիտական քննարկումների անցկացման առումով (այդ թվում նաև` մամուլով):
Արդարադատության նախարարի տեղակալ Է. Բաբայան
Տես նաև՝
• Հացպանյան. «Քրեակատարողական համակարգը ռազմագերիների ճամբար հիշեցնող մի փակ համակարգ է»
• «Առողջ մարդուն մտցրու ՔԿՀ, հիվանդ դուրս կգա, հաստատ»