Նորայր Փանոսյանի հարցազրույցը <<Հրապարակ>>-ին. Մեր երազած դատական իշխանությունը չունենք

18/08/2011

-Պարոն Փանոսյան, օրերս մեր թերթում հրապարակվեց Դատական դեպարտամենտի մի շարք ծառայողների նամակը՝ ուղղված ՀՀ արդարադատության նախարարին ու գլխավոր դատախազին: Այնտեղ ներկայացված էր Դատական դեպարտամենտում տիրող անմխիթար վիճակը, ինչպես նաեւ դեպարտամենտի ղեկավարի ու վճռաբեկ դատարանի նախագահի «առեւտրային գործունեությունը»՝ կոնկրետ փաստերով: Վերահսկողական տեսչությունը ինչպե՞ս է արձագանքելու դրան:
- Մեր տեսչությունը որեւէ կապ, վերահսկողական գործառույթ չունի Դատական դեպարտամենտի վրա: Ձեր բարձրացրած խնդիրն իմ իրավասությունից, մեր ոլորտից դուրս է: Մեր տեսչությունն իրավասություն ունի միայն դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար նյութեր պատրաստելու: Այն էլ պետք է լինի էական խախտում, կոպիտ սխալ, որի հիման վրա մենք կարողանանք կարգապահական վարույթ հարուցել, տանել Արդարադատության խորհուրդ, որտեղ խորհուրդը կորոշի՝ որեւէ պատասխանատվության ենթարկե՞լ խախտում կատարած դատավորին, թե՞ ոչ:
- Պարոն Փանոսյան, այդ դեպքում ինչո՞վ է զբաղվում վերահսկողական տեսչությունն այսօր, մանավանդ որ դատական համակարգում վերահսկողությունն իրականացնում է Արդարադատության խորհուրդը:
- Նախկինում՝ մինչեւ 2005 թվականը, մինչեւ սահմանադրական փոփոխությունները նախարարի ազդեցությունը դատական իշխանության վրա լուրջ էր, որովհետեւ նախարարն էր դատավորների պիտանելիության ցուցակը կազմում, միջնորդում դատավորների նշանակման համար եւ այլն: Այսինքն դատավորներն այս կամ այն կերպ՝ եւ իրավաբանորեն, եւ փաստացի, կախված էին նախարարից, եւ նախարարի կամ վերահսկողական ծառայության ասածն ավելի ազդեցիկ էր, որովհետեւ հենց Արդարադատության խորհրդի փոխնախագահն արդարադատության նախարարն էր: Այս իմաստով, իհարկե, մինչեւ 2005 թվականը արդարադատության նախարարությունը շատ լուրջ ազդեցություն ուներ դատական համակարգի վրա՝ դատավորների նշանակման, ազատման, լիազորությունները դադարեցնելու առումով եւ այլն: Այնուհետեւ, 2005-ից հետո, այդ լուրջ իրավասությունը վերցվեց, քանի որ խնդիր էր դրված իշխանությունները տարանջատել: Եվ դատական իշխանությանը, որպես 3-րդ թեւ, իշխանություն տրվեց:
- Կարելի՞ է ասել, որ դրանից հետո վերահսկողության տեսչությունը զուտ ֆորմալ բնույթ է կրում:
- Ոչ: Վերահսկողության տեսչությունը նոր ձեւավորված տեսչություն է, եւ մենք ունենք հստակ սահմանված գործառույթներ: Մեր վերահսկողական ֆունկցիաները հետեւյալ ուղղություններով են՝ նոտարներ, զագս, քրեակատարողական հիմնարկներ, հարկադիր կատարման ծառայություն, ռեգիստր, ոչ առեւտրային կազմակերպություններ եւ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար նյութեր պատրաստելն ու նախարարին զեկուցելը: Իմ ոլորտն ուղղված է այս թեւին, ոչ թե դեպարտամենտի վրա վերահսկողություն անելը:
- Ձեր թվարկած ուղղություններով մինչ օրս որեւէ վերահսկողական գործունեություն իրականացրե՞լ եք: Ի՞նչ արդյունքի եք հասել:
- Այո, իհարկե: Ես պատրաստվում եմ որոշակի ժամանակ անց հաշվետվություն ներկայացնել: Կտեսնեք, թե ինչ աշխատանք է տարվել: Բարդ աշխատանք է: Դիմադրում են շատ տեղեր, քարացած համակարգ է, կան ձեւավորված վատ ավանդույթներ, բայց այդ ավանդույթները կամաց-կամաց կոտրելով՝ արդեն որոշակի հաջողություններ ունենք, հատկապես նոտարների ոլորտում: Փուլ-փուլ առաջ ենք գնում: 

- Խոսեցիք դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին: Վերջերս դատավոր Սամվել Մնացականյանի նկատմամբ ոմանց կարծիքով միանգամայն անհիմն վարույթ հարուցվեց, եւ նրա լիազորությունները դադարեցվեցին: Այս դեպքն է՞լ է վերահսկողության տեսչության լիազորություններից դուրս:
- Սամվել Մնացականյանի նկատմամբ հարուցված վարույթը մեր վարույթով չի անցել: Դա վճռաբեկ դատարանի կարգապահական վարույթով է անցել:
- Իսկ Դուք ինքներդ, որպես վերահսկողության տեսչության պետ, ինչպե՞ս եք գնահատում այդ որոշումը: Գրավի որոշումը չպատճառաբանելը հի՞մք է դատավորի լիազորությունները դադարեցնելու համար:
- Գիտեք, ես իրավաբան եմ…
-Առավել եւս:
- Ես այդ վարույթի մասնակից չեմ եղել, եւ եթե կա այնպիսի որոշում, որի արդյունքում կա նաեւ նախագահի հրամանագիր՝ լիազորությունները դադարեցնելու մասին, ես վստահ եմ, որ դրա հիմքերը եղել են:
- Պարոն Փանոսյան, կխոսե՞ք դատարանների եւ գործադիր իշխանության ներկայիս կախվածության մասին:
- Կախվածություն գործադիրից այսօր համարյա չկա: Գիտեք, Գերմանիայում բոլոր դատավորների նշանակման եւ ազատման գործում մեծ դերակատարություն ունի արդարադատության նախարարը: Բայց այդ իրավաբանական կախվածությունը որեւէ կերպ փաստացի կիրառության մեջ չի մտնում, եւ այդ դատարաններն անկախ են: Բայց արի ու տես, որ մեզ մոտ իրավաբանորեն կախված չեն, բայց արդարադատություն իրականացնելիս մերոնք շատ ավելի առաջ են գնացել եւ անկախություն ասվածը բացարձակացրել են ու ոնց ուզում, ինչ ուզում՝ կայացնում են, լինեն դրանք հիմնավորված, թե ոչ: Ցավոք սրտի, մեր դատական իշխանությունն այդ անկախություն ասվածն այլ կերպ է ընկալում, քան դասական անկախ դատական համակարգերի դեպքում, որոնք գործում են այլ երկրներում: Այ սա է ամբողջ պրոբլեմը: …Այսօր դատական իշխանության հետ կապված՝ լուրջ աշխատանք պետք է տանել, որովհետեւ մեր երազած դատական իշխանությունը չէ ամեն դեպքում:
ՀԵՂԻՆԱԿ՝ Սոնա Հարությունյան