Ծանր հիվանդության հիմքով պատժից ազատման միջնորդագիրը դատարանը կքննի անհապաղ. օրինագիծը՝ ԱԺ-ում

25/05/2020

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների օրինագիծը, որը վերաբերում է կալանավորի/դատապարտյալի՝ ծանր հիվանդության հիմքով պատժի կրումից կամ կալանքից ազատվելու ժամկետներն ամրագրելու անհրաժեշտությանը. «Մտահոգիչ է, որ հունվարին ՔԿՀ-ներում մահացության երեք դեպք է գրանցվել, որոնցից երկուսը՝ ծանր հիվանդության հետեւանքով: Ընդ որում, երկու դեպքում առկա է եղել բժշկական հանձնաժողովի համապատասխան եզրակացությունը, որով փաստվել է պատժի կրման եւ հիվանդության անհամատեղելիությունը: Եզրակացությունն ուղարկվել է ՔԿՀ, որը հանդես է եկել միջնորդագրով, սակայն անձինք մահացել են մինչեւ դատարանի կողմից դատական նիստի կայացումը: Այսինքն՝ դատարանը չի հասցրել լսել այդ միջնորդությունները»,-նշեց ՀՀ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը: Հաշվի առնելով այս խնդիրը՝ փոխնախարարը շեշտեց. «Օրինագծով առաջարկում ենք հստակ նախատեսել ծանր հիվանդության հիմքով կալանքի կրումից ազատ արձակելու հնարավորությունը, ամրագրել հսկող դատախազի կողմից միջնորդագիրն անհապաղ քննելու եւ այն բավարարելու/մերժելու վերաբերյալ որոշում կայացնելու հնարավորությունը՝ միաժամանակ նախատեսելով մերժման պարագայում դատական կարգով բողոքարկելու հնարավորություն: Օրինագծով սահմանվում է նաեւ նշյալ միջնորդագրերի քննության սեղմ ժամկետը դատարանում՝ ներկայացնելուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան հաջորդ օրը»: Հավելենք, որ օրինագիծը դեռ պետք է քննարկվի ԱԺ լիագումար նիստում:

Սկզբնաղբյուրը՝ այստեղ: