21/11/2014

Հայեցակարգ՝ ամուսինների համատեղ սեփականության վերաբերյալ

ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Սույն ինստիտուտի իրավակարգավորումների բարելավման համար հայեցակարգային առաջին հարցը անձի` գրանցված ամուսնության մեջ գտնվելու հանգամանքի հրապարակային և հանրամատչելի դարձնելն է:

Կարծում ենք, օրենսգրքում պետք է պահպանվի ամուսինների` ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը համատեղ սեփականություն դիտարկելու  և հավասար բաժանելու կանխավարկածը, եթե այլ բան չի ապացուցվում:

Հայեցակարգային առումով քննարկման ենթակա են հետևյալ հարցերը.

  • Համատեղ գույքը ոչ հավասար բաժանելու հնարավորությունը

 

Միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ համատեղ սեփականությունը բաժանելիս, մասնավորապես ամուսինների առնչությամբ, միշտ չէ, որ այն հավասարապես է բաժանվում: Մասնավորապես էական նշանակություն ունի հատկապես երեխաների առկայությունը, այն հարցի լուծումը, թե երեխաները ում մոտ են մնալու, ամուսիններից մեկի անաշխատունակ և գույքային վատ դրության մեջ լինելը, կենսական այլ հանգամանքներ: Նման հանգամանքները նշելու դեպքում մեծանալու է դատակայն հայեցողության շրջանակը, սակայն կարծում ենք, միանգամայն արդարացված, ելնելով պրակտիկայի սահմաններից: Խնդրո առարկա պետք է դառնա նաև թե արդյոք չափերի տարբերակումը պետք է հստակեցվի օրենքում, թե այնուամենայնիվ թողնվի դատական պրալտիկային, մասնավորապես` վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներին:

 

  • Ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը համատեղ սեփականություն չհամարելու հարցը այն պարագայում, երբ ամուսիններից մեկը հիմնավորում է, որ գույքը ձեռք է բերվել բացառապես իր մինչամուսնական գույքն օտարելուց ստացված միջոցների հաշվին:

 

  • Ամուսիններից մեկի անունով գրանցված/ձևակերպված համատեղ սեփականություն  հանդիսացող գույքն օտարելիս մյուս ամուսնու գրավոր համաձայնության պարտադիր առկայության և դրա բացակայության պարագայում կնքված պայմանագրի անվավերության հարցերը և դրա հարաբերակցությունը բարեխիղճ ձեռքբերողի ինստիտուտի հետ:

 

  • Վարկային պարտավորությունները ամուսիններից մեկի համար ծագած լինելու պարագայում, եթե հիմնավորվում է որ վարկային միջոցներն ուղղված են եղել բացառապես համատեղ գույքի ավելացմանը, կարող է արդյոք պատասխանատվությունը բաշխվել ամուսինների միջև:

 

Սույն ինստիտուտի նոր իրավակարգավորումների համար ենթադրվում են փոփոխություններ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ, 201-րդ հոդվածներում, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում` Ընտանեկան օրենսգրքում: