05/02/2014
Հայեցակարգ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների
ՆԱԽԱԳԻԾ
արձանագրային
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԵՎ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ
ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ» ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
Հավանություն տալ «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների հայեցակարգին»` համաձայն հավելվածի:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Հավելված
ՀՀ կառավարության 2013 թվականի
....-ի ....-ի նիստի
N ... որոշման
Հ Ա Յ Ե Ց Ա Կ Ա Ր Գ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ և ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ
- I. Ներածություն
- 1. Հայաստանի ժողովրդավարացման գործընթացում կարևոր դեր ունի քաղաքացիական հասարակությունը, որն առանցքային դեր է խաղում մասնակցային ժողովրդավարության, օրենքի իշխանության ամրապնդման, որոշումների կայացման մակարդակում հասարակական տարբեր շերտերի շահերի ներկայացման գործընթացներում, որոնք կարևորագույն նախապայմաններ են հասարակության կայուն զարգացման համար: Հանրային կառավարման, դրա թափանցիկության ապահովման և զարգացման ասպարեզում քաղաքացիական հասարակության դերի կարևորությունն աճում է ամբողջ աշխարհում: Հայաստանի Հանրապետությունում անկախության տարիների ընթացքում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ձևավորման առումով լուրջ քայլեր են իրականացվել, կան ակնառու ձեռքբերումներ:
- 2. 2009 թվականի սեպտեմբերի 23-ին ՀՀ Կառավարության նիստում հաստատվեց «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նշված նախագիծը առաջ բերեց քաղաքացիական հասարակության կազմակերպությունների անհանգստությունը: Ստեղծվեց Քաղաքացիական հասարակության կառույցների նախաձեռնող խումբ՝ կազմված ավելի քանի 300 հասարակական կազմակերպություններից, որոնց համախմբվեցին օրենսդրական դաշտում ընթացող գործընթացներին արձագանքելու և մասնակցելու նպատակով:
- 3. Օրենքի այս նախագծից մշակումից հետո տարբեր կառույցների կողմից կազմակերպվեցին քննարկումներ՝ նպատակ ունենալով բարձրաձայնելու դաշտում առկա խնդիրները և առաջարկելու առավել համապարփակ և ընդունելի լուծումները: Տեղի ունեցան մի շարք հանրային քննարկումներ, որոնց ընթացքում հնչեցված կարծիքները հավաքագրվեցին և հիմք դրեցին սույն հայեցակարգի մշակմանը:
- 4. Ի հավելումն հանրային քննարկումների, իրականացվեցին մի շարք մասնագիտական հետազոտություններ և նախագծեր Քաղաքացիական հասարակության ցանցի, Հանրային խորհրդի, «Գործընկերություն հանուն բաց հասարակության», «Շահույթ չհետապնդող իրավունքի բուլղարական կենտրոնի» (BCNL/ՇՀԻԲԿ), ԵՄ Խորհրդատվական Խմբի և այլ անձանց կողմից:
- 5. ՀՀ Կառավարությունը, կարևորելով քաղաքացիական հասարակության դերը ժողովրդավարության զարգացման գործում և հիմնվելով վերոհիշյալ հայեցակարգերի, առաջարկություններ և խնդիրների վրա, առաջարկում է սույն հայեցակարգը որպես քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների ծրագիր:
- 6. Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների սույն հայեցակարգի (այսուհետ՝ Հայեցակարգ) գլխավոր նպատակն է ապահովել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայուն զարգացումը՝ գործող օրենսդրությունը ներկա պահանջներին համապատասխանեցնելու միջոցով:
- 7. Սույն հայեցակարգը կազմված է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման համար անհրաժեշտ օրենսդրական բարեփոխումների առաջնահերթություններից ելնելով՝ ՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ինստիտուցիոնալ-գործառութային իրավական կարգավորման, կամավորության ինստիտուտի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ֆինանսական կայունության և հաշվետվողականության/գործունեության թափանցիկության ապահովմանը:
- II. Առկա խնդիրները և առաջարկվող լուծումները
- 8. Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դասակարգման (տեսակների) հիմնախնդիր:
8.1. Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների առկա դասակարգումը, և առաջին հերթում դրա արդյունքում առաջ եկող սահմանափակումները առաջ են բերում մի շարք խնդիրներ: Փաստորեն օրենսդրական կարգավորման արդյունքում անհնար է լինում որոշ չափանիշներով ոչ առևտրային կազմակերպությունների հիմնադրումը: Օրինակ, օրենսդրությունը չի նախատեսում սահմանափակ մասնակցությամբ ոչ առևտրային կազմակերպությունների ստեղծման հնարավորություն, իսկ վերջիններս ոչ առևտրային գիտական, գիտահետազոտական կենտրոնների (tink tank) գործունեության համար ամենահարմար կազմակերպչական-իրավական տարբերակն են: Միևնույն ժամանակ առկա օրենսդրական կարգավորումները բավականին խիստ են, իմպերատիվ նորմերը գերակշռում են, ինչը հնարավորություն չի տալիս առավել ճկուն մշակել անհրաժեշտ կանոնադրական կարգավորումներ: Ավելին, ոչ առևտրային կազմակերպությունների առկա դասակարգման մեջ բացակայում են այնպիսի կազմակերպական իրավական ձևեր, որոնցում միաժամանակ կմիավորվեն ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք, կամ միաժամանակ կմիավորվեն և՛ առևտրային, և՛ ոչ առևտրային իրավաբանական անձինք[1]:
8.2. Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործունեության ժամանակ առկա խնդիրներով պայմանավորված և միջազգային փորձի ուսումնասիրման արդյունքում ներկայացվող բարեփոխումների շրջանակներում առաջարկվում է ՀՀ գործող օրենսդրության վերանայում, որի արդյունքում օրենսդրությունը կհամապատասխանեցվի քաղաքացիական հասարակության ներկա պահանջներին և խնդիրներին, և կխթանի քաղաքացիական հասարակության հետագա զարգացումը: Մասնավորապես, առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի գլուխ 5-ում (Իրավաբանական անձինք)՝ վերանայելով ոչ առևտրային կազմակերպությունների տեսակները, ինչպես նաև ընդունել համապատասխան հատուկ օրենսդրություն՝ առանձին կազմակերպական-իրավական տեսակների մասով: Փոփոխությունների արդյունքում օրենսդրությունը կնախատեսի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետևյալ հիմնական տեսակները.
Ա. Միավորումներ, որոնք կարող են հիմնադրվել որպես հասարակական միություն կամ սահմանափակ մասնակցությամբ ոչ առևտրային կազմակերպություն:
- Հասարակական կազմակերպություն[2]՝ շահույթ uտանալու նպատակ չհետապնդող և uտացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպության` հասարակական միավորման տեսակ է, որում իրենց շահերի ընդհանրության հիման վրա, օրենքով սահմանված կարգով, միավորվում են ֆիզիկական անձինք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, oտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք և իրավաբանական անձինք՝ իրենց ոչ կրոնական հոգևոր կամ ոչ նյութական այլ պահանջմունքները բավարարելու, իրենց և այլոց իրավունքները և շահերը պաշտպանելու, հասարակությանը, նրա առանձին խմբերին նյութական և ոչ նյութական աջակցություն ապահովելու, հանրօգուտ այլ գործունեություն իրականացնելու նպատակներով[3]: Այս կազմակերպական-իրավական տեսակի համար, ըստ էության, կարևոր է դառնում մարդու` միավորումներ կազմելու իրավունքի առավելագույն ապահովումն ու կիրառումը:
- Սահմանափակ անդամությամբ ոչ առևտրային կազմակերպություն, որում միավորվել են սահմանափակ թվով ֆիզիկական և/ կամ իրավաբանական անձինք առանց շահույթ հետապնդելու որոշակի ծառայությունների մատուցման կամ համատեղ ոչ առևտային այլ գործունեության (օրինակ հետազոտությունների իրականացում) նպատակով: Ընդ որում՝ նման կազմակերպական-իրավական տեսակի ներքո կարող են միավորվել ինչպես ֆիզիկական անձինք, այնպես էլ առևտրային և/կամ ոչ առևտրային իրավաբանական անձին, որոնք փոխադարձ համաձայնության են գալիս համատեղ կազմակերպության նպատակներին հասնելու շուրջ: Սահմանափակ ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման և դրանց նկատմամբ վերահսկողության առանձնահատկությունները սահմանվում են կազմակերպության հիմնադիր փաստաթղթերով: Այս կազմակերպական-իրավական տեսակի համար կարևորվում է ոչ թե անդամների քանակը, այլ այն փորձագիտական և մասնագիտական աշխատուժը, փորձը, որը ներգրավում է կազմակերպության կողմից աշխատանքների կատարմանը՝ առանց մասնակցելու կազմակերպության կառավարմանը: Նման կազմակերպությունները հնարավոր են դարձնում սահմանափակել այլ անձանց մուտքը դեպի կազմակերպության կառավարման մարմիններ, դրանով իսկ ապահովելով հիմնադիրների հետագա իրավասությունը կազմակերպության կառավարման գործում:
Բ. Հիմնադրամ՝ քաղաքացիների և/կամ իրավաբանական անձանց կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն, որը հետապնդում է սոցիալական, բարեգործական, մշակութային, կրթական, գիտական, առողջապահական, բնապահպանական կամ այլ հանրօգուտ նպատակներ:
- Որպես հիմնադրամների առանձնահատուկ տարատեսակ, ի հավելումն առկա հատուկ տեսակների, առաջարկվում է սահմանել անձեռնմխելի կապիտալով հիմնադրամ, որը հիմնադրամի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, և որի իրավական վիճակի և այլ առանձնահատկությունները սահմանվում են առանձին օրենքով:
8.3. Անձեռնամխելի կապիտալով հիմնադրամների՝ որպես առանձին կազմակերպական-իրավական ձևի նախատեսում և օրենսդրական կարգավորում: Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամը չի կարող բացի պետական պարտատոմսերից, անձեռնմխելի կապիտալը ներդնել այլ արժեթղթերում, այդ կապիտալի հաշվին ձեռք բերել գույք, գույքային իրավունքներ կամ նյութական և (կամ) ֆինանսական այլ ակտիվներ, այդ կապիտալի հաշվին իրականացնել ծրագրեր, ինչպես նաև չի կարող վերակազմակերպվել այլ կազմակերպության: Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամը պետք է ունենա հոգաբարձուների խորհուրդ, տնօրեն և վերստուգիչ, որոնց իրավասությունները սահմանվում են օրենքով և օրենքով նախատեսված դեպքերում՝ կանոնադրությամբ: Անձեռնմխելի կապիտալը կարող է կառավարվել բացառապես պետական պարտատոմսերում ներդրումներ կատարելու, դրանց տոկոսավճարներից և մարումից եկամուտներ ստանալու և ստացված եկամուտները օրենքով սահմանված կարգով կանոնադրական նպատակների համար օգտագործելու միջոցով:
8.4. Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամի ներդրումը հնարավորություն կտա ունենալ հավելյալ գործիք՝ ուղղված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ֆինանսական կայունության ապահովմանը: Միևնույն ժամանակ օրենսդրական մեխանիզմների հստակ կարգավորումը հնարավորություն կտա բացառել փողերի լվացումը և չարաշահումները, կապահովի թափանցիկությունը և հնարավորություն կտա խթանել քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից ֆինանսական միջոցների տրամադրումը:
8.5. Այս տեսակը համարվում է քաղաքացիական հասարակության, ինչպես նաև մշակութային և կրթական հաստատությունների ֆինանսական կայունությունն ապահովող առավել գործուն միջոցներից մեկը ողջ աշխարհում, որի ներդնումը զգալիորեն կնպաստի նաև մշակութային և կրթական կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը, քանի որ հաճախ նման կազմակերպությունների հենց ֆինանսական միջոցների բացակայությունը կամ սղությունն է առաջացնում համապատասխան կազմակերպությունների կողմից իրականացվող գործունեության պասիվություն: Նշված գործիքը կարող է նաև օգտագործվել առողջապահության ոլորտի, կրթական, համայնքային զարգացման և այլ ծրագրեր իրականացնելու նպատակով:
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների նման դասակարգման արդյունքում կլուծվեն առկա մի շարք խնդիրներ, որոնք պայմանավորված են տարբեր հասարակական կազմակերպությունների կառավարման, ինչպես նաև սպորտային ֆեդերացիաների, կրթական հաստատությունների և ստեղծագործական միությունների գործունեության առանձնահատկություններով: Արդյունքում կկանխարգելվեն և կվերացվեն անհրաժեշտ իրավական կարգավորման բացակայության պայմաններում իրականացվող ինքնակարգավորման արդյունքում կատարվող տարատեսակ իրավական հնարավոր խախտումներ և իրավական խոչընդոտներ:
- 9. Կազմակերպությունների գրանցումը և անվանումը
9.1. Չնայած վերջին մի քանի տարիների ընթացքում գրանցվել է զգալի առաջընթաց առևտրային կազմակերպությունների գրանցման ոլորտում, այդ թվում նաև ներդրվել է մեկ պատուհանի սկզբունքը և առևտրային կազմակերպությունների տիպային փաստաթղթերը պատրաստվում են Իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրի գործակալության ցանկացած գրասենյակում, ինչպես նաև վերացել է տարածքային տարանջատումը, ոչ առևտրային կազմակերպությունների զգալի մասը շարունակվում են գրանցվել միայն իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրի գործակալության Երևանի գրասենյակում, ինչը զգալի խոչընդոտներ է առաջացնում մարզերի ոչ առևտրային կազմակերպությունների զարգացման համար: Ավելին, առևտրային կազմակերպությունների համար առկա առցանց գրանցման հնարավորությունը հասանելի չէ ոչ առևտրյաին կազմակերպությունների համար:
9.2. Անհրաժեշտ է ոչ առևտրային կազմակերպությունների համար սահմանել առցանց գրանցման հնարավորություն https://www.e-register.am/ համակարգի միջոցով, ինչպես նաև ՀՀ իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրի գործակալության տարածքային ստորաբաժանումների կողմից պետական գրանցման հնարավորություն:
9.3. Բարեփոխումների առաջարկվող փաթեթով նախատեսվում է նաև սահմանել հասարական կազմակերպությունների անվանման առանձնահատկությունն ապահովող իրավական նորմ: Մասնավորապես, կազմակերպությունները չեն կարող ունենալ այնպիսի անվանում, որը շփոթության աստիճանի մոտ կլինի մեկ այլ կազմակերպության անվանմանը: Միևնույն ժամանակ, նշված նմանությունը հիմք չի լինի գրանցման մերժման համար, սակայն հիմք կլինի այլ կազմակերպության կողմից անվան փոփոխության պահանջ ներկայացնելու համար: Կազմակերպության գրանցումը կարող է մերժվել, եթե վերջինիս հիմնադիրները չեն պահպանել կազմակերպության անվանման անհատականացման օրենսդրական պահանջները:
Այսպիսով, հնարավոր է լինում պարզեցնել և հստակեցնել ոչ աևտրային կազմակերպությունների պետական գրանցման վարչարարությունը՝ գրանցվող կազմակերպություններին ազատելով ավելորդ գործընթացներից, ինչպես նաև հնարավոր է լինում կազմակերպությունների իրավունքների և անհատականացման պահանջների հանդեպ իրականացնել պետական պաշտպանություն:
10. Իրավական կարգավորումների ազատականացում
10.1. Գործող օրենսդրությունը հասարակական կազմակերպությունների կառավարման հարցում բավականին ազատական մոտեցում է դրսևորելով՝ հասարակական կազմակերպության կառուցվածքի ձևավորումը թողնելով կազմակերպության կանոնադրությանը: Նման մոտեցումը բավականին արդարացված է՝ հաշվի առնելով, որ այն թույլ է տալիս կազմակերպություններին իրենց կանոնադրության միջոցով սահմանել իրենց գործունեությանը և պահանջներին առավել համապատասխանող կառուցվածը:
Սույն Հայեցակարգով առաջարկվում է վերոհիշյալ մոտեցումն ընդլայնել և ազատականացնել օրենսդրական կարգավորումները: Մասնավորապես, առաջարկվում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից որոշումների ընդունման կարգի, ժողովներ հրավիրելու պարբերականության հետ կապված հարցերի համար սահմանել առավել ճկուն իրավական կանոնակարգում՝ վերջիններիս հստակ կանոնակարգումը թողնելով քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կանոնադրություններին:
Իրավական կարգավորումների ազատականացումը կարևոր խթան կլինի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ինստիտուցիոնալ զարգացման համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդյունքում կբարձրացվի կազմակերպությունների կանոնադրությունների դերն ու նշանակություն որպես հիմնադիր իրավական փաստաթուղթ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հնարավորություն կստանան ճկուն և ազատ օրենսդրության պայմաններում կանոնակարգել իրենց գործունեության հետ կապված կազմակերպչական մի շարք խնդիրներ՝ իրենց կարիքներին և գործունեության առանձնահատկություններին համապատասխան:
11. Հասարակական կազմակերպությունների ֆինանսական կայունության ապահովում
11.1. Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործունեության արդյունավետության առավել կարևոր նախապայմաններից է վերջիններիս ֆինանսական կայունության ապահովումը: Երկարաժամկետ ֆինանսական մուտքերի ակնկալիքի պայմաններում ոչ աևտրային կազմակերպությունները հնարավորություն ունեն կախված չլինեն առանձին դոնորներից, ազատորեն իրականացնել անհրաժեշտ բոլոր ծրագրերը, պլանավորել և կյանքի կոչել երկարաժամկետ ծրագրեր, ինչը դրանց գործունեության մեջ կստեղծի որակական փոփոխության հնարավորություն: Նշված խնդրի լուծման համար ի թիվ այլոց նախատեսվում է հետևյալ գործիքների կիրառումը՝
Ա. Ձեռնարկատիրական գործունեության հնարավորություն:
11.2. Կարևորելով անմիջականորեն ձեռնարկատիրությամբ զբաղվելու իրավունքի նշանակությունը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ֆինանսական կայունության համար` անհրաժեշտ է վերանայել «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված՝ ՀԿ-ների կողմից անձամբ ձեռնարկատիրությամբ զբաղվելու իրավունքի սահմանափակումը՝ նշելով որ նման սահմանափակում կարող է սահմանվել առաձնին տեսակների գործունեությունը կարգավորող իրավական ակտերով կամ կազմակերպության կանոնադրությամբ:
Ուղղակիորեն ձեռնարկատիրությամբ զբաղվելու իրավունքի սահմանափակման վերացումն այսպիսով որոշակիորեն կլուծի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման համար կարևորագույն խնդիրներից մեկը՝ այն է, ֆինանսական կայունության խնդիրը:
Նման մոտեցումը նաև համահունչ կդարձնի Հայաստանի ՔՀԿ օրենսդրական դաշտի կարգավորումը միջազգային լավագույն փորձին: Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներ, օրինակ, Սլովակիան, Չեխիայի հանրապետությունը, Հունգարիան, Բուլղարիան, Ռումինիան որդեգրել են ՀԿ-ներին անմիջական ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք տալու սկզբունքը:
Գ. Անձեռնամխելի կապիտալով հիմնադրամների իրավական կարգավորում:
11.3. Ինչպես նշված է վերը պետք է մշակվի անձեռնամխելի կապիտալով հիմնադրամների իրավական կարգավորումը: Քաղաքացիկան հասարակության կազմակերպությունները հնարավորություն կունենան հիմնադրել անձեռնամխելի կապիտալով հիմնադրամ, որի գործունեության արդյունքում ստացված շահույթը հնարավոր կլինի օգտագործել տարբեր ծրագրերի իրականացման համար: Անձեռնամխելի կապիտալի հիմնադրամների արդյունավետության համար անհրաժեշտ է նախատեսել հետևյալ սկբունքները և ինստիտուտները՝
Ա. Նպատակային դրամագլխի անձեռնմխելիություն և փողերի լվացման բացառում. Արգելվում է օգտագործել անձեռնմխելի կապիտալով հիմնադրամի ստեղծման և/կամ համալրման նպատակով նվիրաբերված դրամական միջոցները կամ դրանց նկատմամբ իրականացնել որևէ գործարք՝ բացառությամբ դրանից ստացվող եկամուտներից ձևավորվող միջոցների: Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամի ինստիտուտի ներդրման սկզբնական փուլում մայր գումարը կարող է ներդրվել միայն պետական պարտատոմսերում՝ լինելով պետության ուշադրության կենտրոնում և ստեղծելով «երկարաժամկետ փողի» գաղափարը:
Բ. Թափանցիկության. դրամագլխի հետ կապված բոլոր գրառումներն ու գործարքները հասանելի և բաց են դոնորների, աշխատողների, և հասարակության բոլոր հետաքրքրված անհատների համար: Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամն անցնում է տարեկան պարտադիր աուդիտ: Նվիրատուներն իրավունք ունեն անձեռնմխելի կապիտալով հիմնադրամից պաշտոնական տեղեկատվություն ստանալ դրա ձևավորման, կառավարումից ստացված եկամտի կամ վնասի չափի, կառավարումից ստացված եկամտի օգտագործման վերաբերյալ:
Գ. Հրապարակայնության. հաշվի առնելով այն հանգամանքը, որ անձեռնմխելի կապիտալով հիմնադրամն իրավունք ունի հայտարարել դրամական միջոցների հրապարակային հավաքագրման մասին, ինչպես նաև այն, որ նպատակային դրամագլխի հավաքագրումը ենթադրում է հասարակության լայն շերտերի ներգրավում կազմակերպության առաքելության իրականացման գործում՝ ուստի անհրաժեշտ է, որ անձեռնմխելի կապիտալով հիմնադրամի վերաբերյալ տեղեկությունները հասանելի լինի հետաքրքրված յուրաքանչյուր անձի համար: Յուրաքանչյուր ֆինանսական տարվա ավարտից հետո անձեռնմխելի կապիտալով հիմնադրամը պետք է սահմանված հաշվետվությունը տեղադրի իր կայքում և www.azdarar.am պաշտոնական հրապարակումների կայքում՝ կցելով նաև աուդիտի եզրակացությունը:
Դ. Ստեղծման նպատակների հստակության և անհատականացման պարտադիր պայմանի առկայության. անձեռնմխելի կապիտալով հիմնադրամի կանոնադրություն պետք է պարունակի տեղեկություններ անձեռնմխելի կապիտալով հիմնադրամ ստեղծելու նպատակների և օրենքով սահմանված այլ տեղեկություններ: Ավելին, անձեռնամխելի կապիտալով հիմնադրամի շահառուները և գործունեության նպատակները կարող են փոփոխվել միայն դատարանի որոշմամբ, և միայն նախօրոք հստակ սահմանված դեպքերում:
11.4. Անձեռնամխելի կապիտալով հիմնադրամների գործունեության արդյունավետության ապահովման համար, անհրաժեշտ կլինի կիրառել ճկուն ֆիսկալ գործիքներ: Որպես նշված գործիքներ անհրաժեշտ է նշել հետևյալը՝
Ա. Անձեռնամխելի կապիտալով հիմնադրամի համալրմանը ուղղված գումարները պետք է նվազեցվեն համապատասխան հարկային բազաներից (եկամտահարկի և շահութահարկի հարկման ենթակա բազայից), անկախ գումարի չափից:
Բ. Անձեռնամխելի կապիտալի ներդրումից ստացված եկամուտները, երբ դրանք ուղղվում են Քաղաքացիական հասարակության կազմակերպություններին համապատսախան ծրագրեր իրականացնելու համար չպետք է ավելացվեն շահութահարկով հարկման բազային
Գ. Անձեռնամխելի կապիտալից ստացված եկամուտներով իրականացվող գործարքները պետք է ազատվեն ԱԱՀ-ով հարկումից:
Նշված գործիքների՝ ուղղակիորեն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքի և անձեռնամխելի կապիտալի հիմնադրամների իրավական կարգավորման առկայության դեպքում Քաղաքացիական հասարակության կազմակերպություններին փաստորեն հասանելի կլինեն գործիքներ՝ ապահովելու իրենց ֆինանսական ինքնուրույնությունն ու կայունությունը, ինչն էլ իր հերթին կերաշխավորի վերջիններիս կողմից գործունեության կանխատեսելիությունը, հնարավորություն կտա երկարաժամկետ պլանավորման և մեծ ծրագրերի իրականացման համար, կստեղծի առավել արդյունավետ գործելու նախապայմաններ և կնպաստի կայուն աշխատատեղեր ապահովելուն:
12. Կամավորներ
12.1. Կամավորականությունը բոլոր երկրներում միշտ եղել և մնում է քաղաքացիական ակտիվության հիմնական տարրերից մեկը: Միևնույն ժամանակ կամավորականությունը, կամավորների կատարած աշխատանքը ամեն դեպքում պետք է որևէ կերպ արձանագրվեն, առավել ևս, երբ խոսքը գնում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից իրականացվող ծավալուն և հասարակական հնչեղության ծրագրերի շրջանակներում: Պետք է հաշվի առնվի, որ կամավորները միշտ չէ որ գործունեության համար ցանկանում են դրամական փոխհատուցում, սակայն համապատասխան ծախսերի (օրինակ տրանսպորտային ծախսեր և այլն) փոխհատուցումը, գործունեության ճանաչումը և պատվոգրերի, շնորհակալական նամակների տրամադրումը կարող է զգալիորեն խթանել կամավորականությունը:
12.2. Հաշվի առնելով առկա խնդիրները՝ անհրաժեշտ է, ոլորտը կարգավորման համար մշակել այնպիսի մեխանիզմ, որը մի կողմից կապահովի, որպեսզի ոչ առևտրային կազմակերպությունների կողմից իրականացվող աշխատանքներում ընդգրկված կամավորները չհամարվեն անօրինական աշխատողներ, մյուս կողմից չի առաջացնի նման իրավունքի չարաշահում գործատուների (ներառյալ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների) կողմից:
12.3. Այս նպատակով առաջարկվում է սահմանել կամավորական աշխատանքի մասին հայտարարագրելու կարգը և ժամկետները, կամավորներին[4] գործուղման ուղարկելու, ծախսերի փոխհատուցման, ինչպես նաև տարվա ավարտին այդ մասին ամփոփ հաշվետվություն ներկայացնելու և տեղեկությունները հրապարակելու կարգը, ինչպես նաև այն աշխատանքների / ոլորտների հստակ շրջանակը, որտեղ կթույլատրվի ներգրավել կամավորներ: Համապատասխան իրավական ակտով[5] կարող է կանոնակարգվել նաև այլ հարցեր, մասնավորապես, ինչ ծավալով, ինչ կարգով և որ դեպքերում կամավորները կարող են փոխհատուցում ստանալ ճամփորդական կամ այլ ծախսերի համար, ստանալ օրապահիկներ և այլն: Նշված հարցերը կարևոր են ինչպես կամավորականության խթանման, այնպես էլ ոչ առևտրային կազմակերպության հաշվապահական հաշվառումը վարելու տեսանկյունից:
Նման լուծումների շնորհիվ հնարավոր է լինում խթանել կամավորականությունը, միևնույն ժամանակ խուսափել գործատուների կողմից աշխատանքային հարաբերությունների չարաշահման, չգրանցված աշխատողներ պահելու և աշխատողների իրավունքների ոտնահարման հնարավորությունից, ինչպես նաև հնարավոր է լինում հաղթահարել հարկային, հաշվապահական խոչընդոտները և հնարավոր ռիսկերը:
13. Հասարակական կազմակերպությունների հաշվետվողականությունը և հանրային վերահսկողություն
13.1. Ի տարբերություն առևտրային կազմակերպությունենրի ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը շատ հաճախ ունենում է զգալի հասարական նշանակություն և կարևոր է հանրության համար: Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հանրային կառավարման և ինքնակառավարման մասն են կազմում, իրականացնում են պատմության կողմից պատվիրակված լիազորություններ, ակտիվ դերակատարում են ունենում մի շարք ոլորտներում (կրթություն, սոցիալական ապահովում, առողջապահություն և այլն): Նշված կազմակերպությունների գործունեությունը ունի մեծ նշանակություն հասարակության լայն շրջանակների (ոչ միայն անդամների) համար և հասարակությունը պետք է ունենա համապատասխան հնարավորություն տեղեկացված լինել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործունեության վերաբերյալ:
13.2. Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է մշակել այնպիսի հաշվետվության համակարգ, որն անտեղի բեռ չի ստեղծի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար և օգտակար և անհրաժեշտ տեղեկություններ տրամադրի հանրությանը և պետությանը: Այս տեղեկությունները պետք է արագ և հեշտ մատչելի լինեն հանրության բոլոր անդամներին, ներառյալ համացանցի միջոցով, քանի որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հաշվետվողականության նպատակներից մեկը նաև վերջիններիս գործունեության նկատմամբ հանրային վերահսկողությունն է:
13.3. Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից հրապարակման ենթակա հաշվետվությունները պետք է պարունակեն տեղեկություններ վերջինների անդամների քանակի, ծրագրերի, ֆինանսական միջոցների, ֆինանսավորման աղբյուրների, իրականացված ծրագրերի, շահառուների և դրանք խմբերի, պետական աջակցություն ստանալու կամ պետական ծրագրեր իրականացնելու և դրա շրջանակներում իրականացված ծրագրերի և օրենքով սահմանված որոշ այլ հարցերի վերաբերյալ:
13.4. Կախված կազմակերպության տեսակի ընտրության չափանիշից՝ պետք է հստակորեն սահմանվեն նաև այն հաշվետվությունները, որոնք տվյալ տեսակի կազմակերպությունը պետք է ներկայացնի: Մասնավորապես այն կազմակերպությունները, որոնք հանդիսանում են քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, պետական ֆինանսական միջոցների հաշվին ծրագրեր իրականացնող կազմակերպություններ, ինչպես նաև անձեռնմխելի կապիտալով հիմնադրամները հանրությանը ներկայացնում են առավել մանրամասն ֆինանսական հաշվետվություններ և ծրագրային տարեկան հաշվետվություններ: Միևնույն ժամանակ նշված կազմակերպությունների համար տարեկան աուդիտը դառնում է պարտադիր՝ դրանով իսկ թափանցիկության ու հաշվետվողականության լրացուցիչ պատասխանատվություն սահմանելով այն կազմակերպությունների համար, որոնք ֆինանսավորում են ստանում պետական բյուջեից կամ իրենց դրամագլխի համար ուղղակիորեն միջոցներ են ստանում հանրությունից կամ այլ աղբյուրներից:
13.5. Պետք է հստակորեն սահմանել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից ներկայացվող հաշվետվությունների ձևին, հաշվետվություններ ներկայացնելու կարգին և հաշվետվության բովանդակությանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև հաշվետվությունների ներկայացման կարգը, ժամկետները և այլն: Այսպես, սահմանված հաշվետվությունները պետք է հրապարակվեն www.azdarar.am պաշտոնական կայքի միջոցով՝ նպատակ ունենալով ապահովել քաղաքացիական հասարակության կազմակերպության գործունեության հրապարակայնությունը և թափանցիկությունը: Տարեկան հաշվետվությունները չհրապարակելն առաջին անգամ հանգեցնում է նախազգուշացման, իսկ նույն խախտումը երկրորդ անգամ կատարելը որակվում է որպես օրենքի էական խախտում և կարող է հանգեցնել քաղաքացիական հասարակության կազմակերպության հարկադիր լուծարման՝ դատարանի համապատասխան վճռի հիման վրա:
Առաջարկվող լուծումները առավել թափանցիկ կդարձնեն քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործունեությունը, կապահովեն հասարակության անդամների տեղեկացվածությունը առկա կազմակերպությունների, իրականացվող ծրագրերի, պետության կողմից տրամադրվող աջակցության մասին: Պետությունը հնարավորություն կունենա համապարփակ տեղեկություններ ստանալ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերի և շահառուների կողմից և կկարողանա առավել արդյունավետ օգտագործել տեղային միջամտությունների գործիքը, առկա ռեսուրսները առավել կենտրոնացնելով հասարակական աջակցությունից դուրս մնացած և առավել կարիքավոր ոլորտներում կամ վայրերում: Արդյունքում առավել կբարելավի թափանցիկությունը և տարբեր ոլորտներում քաղաքականության մշակման արդյունավետությունը:
- III. Առկա ուսումնասիրությունների, հետազոտությունների և հանձնարարականների ցանկ
14. Ինչպես նշվեց Նախաբանում, սույն հայեցակարգը հիմնված է մի շարք հետազոտությունների (ինչպես տեղական կազմակերպությունների կողմից անցկացված, այնպես էլ միջազգային կազմակերպությունների և փորձագետների կողմից իրականացված) վրա: Հայեցակարգը մշակելիս նաև հաշվի են առնվել միջազգային կազմակերպությունների մի շարք հանձնարարականներ (recommendations): Ստորև ներկայացնում ենք սույն հայեցակարգի համար հիմք ծառայած փաստաթղթերի ամբողջական ցուցակը՝
- Քաղաքացիական հասարակության ցանցի «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ և ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ» նախագիծ
- Հանրային խորհրդի «ՀՀ-ում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ռազմավարության հայեցակարգի» նախագիծ
- Զեկույց՝ մշակված Լյուբեն Պանովի կողմից «Շահույթ չհետապնդող իրավունքի բուլղարական կենտրոն» (BCNL/ՇՀԻԲԿ)
- The International Journal of Not-for-Profit Law; Volume 9, Issue 3; July 2007
- Comparative Overview of European Standards and Practices in Regulating Public Participation; Katerina Hadzi-Miceva-Evans, European Center for Not-for-Profit Law
- European Union Advisory Group to the Republic of Armenia; Strengthening Civil Society and its Interaction with State Institutions; Policy Paper - DRAFT FOR COMMENTS
- EUROPEAN PRACTICES ON IMPLEMENTATION OF POLICY DOCUMENTS AND LIAISON OFFICES THAT SUPPORT CIVIL SOCIETY DEVELOPMENT; Katerina Hadzi-Miceva-Evans (Senior Legal Advisor, ECNL) with research support provided by Hanna Asipovich (Project Coordinator, ECNL), Andrea Judit Toth (Program Manager, ECNL) and Fabrice Suplisson, ICNL consultant
- Guidelines for Laws Affecting Civic Organizations; Second Edition, Revised and Enlarged OPEN SOCIETY INSTITUTE
- ՀԿ-ների գործունեության իրավական դաշտի ներկայիս վիճակը Հայաստանում
- THE ROLE OF LEGAL REFORM IN SUPPORTING CIVIL SOCIETY: AN INTRODUCTORY PRIMER International Center for Not-For-Profit Law and United Nations Development Programme; August 2009
- Правовые основы деятельности некоммерческих организаций в Центральной и Восточной Европе; Дуглас Ратцен, Дэвид Мур, Майкл Дарем
- CIVICUS CSI National Implementation Team papers:
(1) Armenian civil society: from transition to consolidation. Analytical Country Report; Yerevan 2010
(2) Armenian Civil Society: from Transition to Consolidation. Policy Action Brief; Yerevan 2010
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ և ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հասարակական կազմակերպություների դաշտում առկա խնդիրներին լուծում տալուն և տվյալ ոլորտը էլ ավելի զարգացնելուն:
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
2009 թվականի սեպտեմբերի 23-ին ՀՀ Կառավարության նիստում հաստատվեց «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նշված նախագիծը առաջ բերեց քաղաքացիական հասարակության կազմակերպությունների անհանգստությունը: Ստեղծվեց Քաղաքացիական հասարակության կառույցների նախաձեռնող խումբ՝ կազմված ավելի քանի 300 հասարակական կազմակերպություններից, որոնք համախմբվեցին օրենսդրական դաշտում ընթացող գործընթացներին արձագանքելու և մասնակցելու նպատակով:
Օրենքի այս նախագծից մշակումից հետո տարբեր կառույցների կողմից կազմակերպվեցին քննարկումներ՝ նպատակ ունենալով բարձրաձայնելու դաշտում առկա խնդիրները և առաջարկելու առավել համապարփակ և ընդունելի լուծումները: Տեղի ունեցան մի շարք հանրային քննարկումներ, որոնց ընթացքում հնչեցված կարծիքները հավաքագրվեցին և հիմք դրեցին սույն հայեցակարգի մշակմանը:
Մի շարք խնդիրներ են առաջ բերում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների առկա դասակարգումը, և առաջին հերթին դրա արդյունքում առաջ եկող սահմանափակումները: Փաստորեն օրենսդրական կարգավորման արդյունքում անհնար է լինում որոշ չափանիշներով ոչ առևտրյաին կազմակերպությունների հիմնադրումը: Օրինակ, օրենսդրությունը չի նախատեսում սահմանափակ մասնակցությամբ ոչ առևտրային կազմակերպությունների ստեղծման հնարավորություն, իսկ վերջիններս ոչ առևտրային գիտական, գիտահետազոտական կենտրոնների (tink tank) գործունեության համար ամենահարմար կազմակերպչական-իրավական տարբերկն են: Միևնույն ժամանակ առկա օրենսդրական կարգավորումները բավականին խիստ են, իմպերատիվ նորմերը գերակշռում են, ինչը հնարավորություն չի տալիս առավել ճկուն մշակել անհրաժեշտ կանոնադրական կարգավորումներ: Ավելին, ոչ առևտրային կազմակերպությունների առկա դասակարգման մեջ բացակայում են այնպիսի կազմակերպական իրավական ձևեր, որոնցում միաժամանակ կմիավորվեն ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք, կամ միաժամանակ կմիավորվեն և՛ առևտրային, և՛ ոչ առևտրային իրավաբանական անձինք:
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործունեության ժամանակ առկա խնդիրներով պայմանավորված և միջազգային փորձի ուսումնասիրման արդյունքում ներկայացվող բարեփոխումների շրջանակներում առաջարկվում է ՀՀ գործող օրենսդրության վերանայում, որի արդյունքում օրենսդրությունը կհամապատասխանեցվի քաղաքացիական հասարակության ներկա պահանջներին և խնդիրներին, և կխթանի քաղաքացիական հասարակության հետագա զարգացումը: Մասնավորպես, առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի գլուխ 5-ում (Իրավաբանական անձինք)՝ վերանայելով ոչ առևտրային կազմակերպությունների տեսակները, ինչպես նաև ընդունել համապատասխան հատուկ օրենսդրություն՝ առանձին կազմակերպական-իրավական տեսակների մասով:
Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը
Հայեցակարգի ընդունման նպատակն է ապահովել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայուն զարգացումը՝ գործող օրենսդրությունը ներկա պահանջներին համախատասխանեցնելու միջոցով:
Այսպիսով ակնկալվում է առավել թափանցիկ դարձնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործունեությունը, ապահովել հասարակության անդամների տեղեկացվածությունը առկա կազմակերպությունների, իրականացվող ծրագրերի, պետության կողմից տրամադրվող աջակցության մասին:
Պետությունը հնարավորություն կունենա համապարփակ տեղեկություններ ստանալ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերի և շահառուների կողմից և կկարողանա առավել արդյունավետ օգտագործել տեղային միջամտությունների գործիքը, առկա ռեսուրսները առավել կենտրոնացնելով հասարակական աջակցությունից դուրս մնացած և առավել կարիքավոր ոլորտներում կամ վայրերում: Արդյունքում առավել կբարելավի թափանցիկությունը և տարբեր ոլորտներում քաղաքականության մշակման արդյունավետությունը:
ՏԵՂԵԿԱՆՔ N 1
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ և ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ
ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՏԵՂԵԿԱՆՔ N 2
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ և ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ
ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
[1] Այդպիսի խնդիր առաջանում է օրինակ սպորտային ֆեդերացիաներում, երբ, որոշ դեպքերում, կարիք է առաջանում միավորել ինչպես առևտրային, այնպես էլ ոչ առևտրային կազմակերպություններ (սպորտային թիմերը և ակումբները կարող են ստեղծվել ինչպես առևտրային, այնպես էլ ոչ առևտրային կազմակերպությունների ձևով):
[2] Առաջարկվում է վերացնել հասարակական կազմակերպությունների կողմից «միություն» բառի օգտագործման օրենսդրական արգելքը, ինչը նաև պայմանավորված է նրանով, որ առաջարկվող բարեփոխումների արդյունքում «իրավաբանական անձանց միություն» կազմակերպական-իրավական ձևը կդադարի գոյություն ունենալ:
[3] Շահույթ չհետապնդող կազմակերպության ներքո ֆիզիկական և իրավաբանական անձանց միավորման իրավական կարգավորումներ են գործում նաև ԵՄ մի շարք երկրներում, օրինակ, Լիտվայում (Law on associations, Law on Public Institutions), Լատվիայում (Associations and Foundations Law, Law on non-profit organizations), Բուլղարիայում (Bulgarian Non-Profit Legal Entities Act), Չեխիայի Հանրապետությունում (Act on Public Benefit Corporations), Էստոնիայում (Non-profit Associations Act) և այլ երկրներում:
[4] Սույն հայեցակարգի շրջանակներում կամավորներ հանդիսանում են այն ֆիզիկական անձինք, ովքեր չեն հանդիսանում տվյալ հասարակական կազմակերպության անդամ (վերջիններիս աշխատանքը a priori համարվում է կամավորական, եթե այլ բան չի ապացուցվում), այլ մասնակցում են տվյալ կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերին հասարակական հիմունքներով՝ սահմանված կարգի համաձայն:
[5] Կամավորության ինստիտուտը առաջարկվում է կարգավորել օրենքով: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է փոփոխություն կատարել ՀՀ աշխատանքային օրենսգրքում՝ այն առանձին օրենսդրական լուծումներին համապատասխանեցնելու նպատակով