15/12/2005

ՀՀ կառավարության որոշումը ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման եվ համակարգի զարգացման ֆոնդի միջոցների օգտագործման կարգը հաստատելու մասին

«Վավերացնում եմ» 
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 հունվարի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 դեկտեմբերի 2005 թվականի N 2275-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՈՆԴԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների օգտագործման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության արտաբյուջետային ֆոնդը վերանվանվում է դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ, իսկ ֆինանսական միջոցները տնօրինվում են սույն կարգին համապատասխան:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. հունվարի 11
Երևան

 

 


Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 15-ի N 2275-Ն որոշման


Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՈՆԴԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

1. Սույն կարգով սահմանվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների օգտագործման կարգը:

2. Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողների նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի (այսուհետ` ֆոնդ) միջոցները գոյանում են օրենքով սահմանված կարգով ու միջոցներից և տնօրինվում են Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի կողմից:

3. Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողների նյութական խրախուսման համար նախատեսված միջոցների 90 տոկոսը բաշխվում է հարկադիր կատարման ծառայողների և ծառայությունում քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց միջև` նրանց ամսական դրամական բավարարմանը համամասնորեն, և վճարվում է յուրաքանչյուր ամիս:

Յուրաքանչյուր ամսվա համար այդ միջոցները հաշվարկվում և վճարվում են մինչև համապատասխան ամսվան հաջորդող ամսվա 15-ը` բացառությամբ սույն կարգի 8-րդ կետով նախատեսված դեպքի:

(3-րդ կետը փոփ. 19.10.06 N 1455-Ն)

4. Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողների նյութական խրախուսման համար նախատեսված միջոցների 10 տոկոսը կարող է տրամադրվել առանձին աշխատողների` որպես դրամական պարգևատրում` աշխատանքային բարձր արդյունավետության և բարդ ու ծավալուն կատարողական գործողությունների իրականացման համար:

5. Սույն կարգի 4-րդ կետում նշված միջոցների բաշխումն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի հրամանով ստեղծվում է 5 անձից բաղկացած հանձնաժողով:

6. Առանձին աշխատողների դրամական պարգևատրման վերաբերյալ առաջարկությունները Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողին են ներկայացնում կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Մինչև դրամական պարգևատրման մասին որոշման ընդունումը Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողը պետք է ստանա հանձնաժողովի եզրակացությունը:

7. Եթե սույն կարգի 4-րդ կետով նախատեսված միջոցները չեն օգտագործվում տվյալ բյուջետային տարվա ընթացքում, ապա մնացորդային գումարը բաշխվում է սույն կարգի 3-րդ կետով սահմանված կարգով և 8-րդ կետով սահմանված ժամկետում:

8. Տարվա վերջին ամսվա համար դրամական պարգևատրումները բաշխվում են տվյալ բյուջետային տարվա վերջին 5 օրվա ընթացքում:

9. Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողների նյութական խրախուսման համար նախատեսված միջոցներից չեն տրամադրվում այն ծառայողներին (աշխատողներին), ում նկատմամբ նախկինում կիրառվել է կարգապահական տույժ, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մարված կամ հանված չէ:

10. Դատական ակտերի հարկադիր կատարման համակարգի զարգացման համար նախատեսված ֆոնդի միջոցներն օգտագործվում են դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում կատարողական գործողությունների կատարման ծախսերի փոխհատուցման և համակարգի զարգացման, մասնավորապես, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության տեխնիկական վերազինման, շինությունների և տրանսպորտային միջոցների ձեռքբերման, վերանորոգման, պահպանման, վարձակալության, գույքի և այլ սարքավորումների գնման, անձնակազմին հանդերձանքով և հատուկ միջոցներով ապահովելու, ծառայության զարգացմանն ուղղված այլ միջոցառումների ֆինանսավորման նպատակով:

Ֆոնդի միջոցների հաշվին համակարգի զարգացմանն ուղղված ծախսերը՝ կապված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման հետ, կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Ֆոնդի միջոցների հաշվին կատարողական գործողությունների կատարման ծախսերը՝ կապված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման հետ, չեն համարվում պետական կարիքների համար գնումներ:

Տվյալ բյուջետային տարվա ընթացքում չօգտագործված միջոցները փոխանցվում են հաջորդ տարի` նույն նպատակով օգտագործելու համար:

11. Բյուջետային տարվա ավարտից հետո 3 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին է ներկայացնում հաշվետվություն նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների օգտագործման մասին:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան