|18.12.2009| ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԺԱՄԱՆԱԿ» ՕՐԱԹԵՐԹԻՆ
18/12/2009
[b]ՔԿՀ-ների կառուցվածքային բարեփոխումների համար կպահանջվի 40 մլրդ դրամ[/b] -Պարոն Դանիելյան, երբ նշանակվեցիք նախարար` ի՞նչ խնդիրներ կային համակարգում, որոնք շտապ լուծման կարիք ունեին: - Նախկինում էլ եմ նշել, որ համակարգում ներդրված քաղաքականությունը եւ աշխատաոճը, ձեւավորված որոշ ավանդույթներ ինձ համար ընդհանուր առմամբ ընդունելի են եղել: Իսկ խնդիրները պայմանականորեն կտարանջատեի երկու մասի: Առաջին խմբում ներառված են այնպիսիք, որոնք թեպետ խիստ արդիական են, սակայն դրանք պարզապես չի կարելի շտապ լուծել, քանի որ անհրաժեշտ են համապատասխան ֆինանսատնտեսական պայմաններ: Իսկ երկրորդ խմբում ներառել ենք խնդիրներ, որոնք իսկապես հնարավոր եւ անհրաժեշտ էր լուծել շտապ: Ինչեւէ, ընդգծված հրատապ խնդիրներին էին դասվում հատկապես նախարարության եւ դատական համակարգի միջեւ այնպիսի հարաբերությունների ձեւավորումը, որը որեւէ կերպ չխաթարեր դատավորների անկախությունը գոնե այդ կտրվածքով, դատաիրավական բարեփոխումների այնպիսի հայեցակարգ մշակելը, որում հավասարակշռված կլինեն ոչ միայն հիմնարար սկզբունքները, այլեւ տարաբնույթ գերատեսչական շահերը (արդարադատության նախարարությունը, կենտրոնական դերակատարում ունենալով իրավաստեղծ գործունեությունում` չի կարող որեւէ գերատեսչության շահերի կրողը լինել), կարգապահության բարելավմանը եւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված իրատեսական քայլերը եւ այլն: - Ձեր նշանակվելուց հետո ՔԿՀ-ների պետերը, տեղակալները սկսեցին հաճախակի փոխվել կամ ազատվել աշխատանքից` տարբեր պատճառներով, օրինակ` «Գորիս» ՔԿՀ պետը, տեղակալը` կաշառք ստանալու փորձի փաստով. ինչո՞վ էին այդ փոփոխությունները հիմնականում պայմանավորված եւ արդյո՞ք ՔԿՀ-ների պետերի փոխատեղումներով կամ քրեական պատասխանատվության ենթարկելով որեւէ խնդիր լուծվեց կամ լուծվում է: - Փոխատեղումները դեռեւս լայն տարածում չունեն, իսկ եղածի հիմքում բացառապես ընկած է պատասխանատու պաշտոնների` համընդհանուր ճանաչում ունեցող ռոտացիոն սկզբունքը: Ինչ վերաբերում է կոռուպցիոն փաստերին, ապա դրանց արձանագրման անհամեմատ բարձր տոկոսը ներկա դրությամբ միանշանակ կարող է մեկնաբանվել ոչ միայն այդ համակարգում, այլեւ` ողջ հանրապետությունում իրականացվող նպատակասլաց հակակոռուպցիոն քաղաքականությամբ: Ցավալի է, բայց այսօր, նույնիսկ ակնհայտ աննահանջ քաղաքականության պայմաններում դեռեւս շարունակվում են կոռուպցիոն երեւույթների մեծաքանակ բացահայտումներ գործադիր իշխանության, մասնավորապես` ոստիկանության, ազգային անվտանգության, ինչպես նաեւ դատախազության, դատական եւ այլ համակարգերում: Նկատենք, որ քրեակատարողական համակարգում բացահայտումների ճնշող մասը նույն համակարգի աշխատանքի արդյունքն է. այդ համակարգի ղեկավարությունը եւս չի խորշում իր խոտանից ազատվելու ոճից: Ցավոք, ոչ բոլորն են ունակ դա հասկանալու եւ անհրաժեշտ հետեւություններ անելու, բայց դա սոսկ ժամանակի հարց է: Համոզված եմ, որ ներկայումս առկա է կոռուպցիոն երեւույթների ակնհայտ նվազման միտում, իսկ բացահայտումների կտրուկ աճը չպետք է շփոթեցնի. երկրի ղեկավարությունն իրավամբ չի խորշում «վատ» վիճակագրությունից եւ ելակետ է ընդունում այն, որ միայն համարժեք արձագանքը կարող է իրական արդյունքներ տալ, անընդունելի է համարվում «մեղմ» վիճակագրության միջոցով կեղծ բարվոք վիճակի պատրանք ստեղծելու դիրքորոշումը: Իհարկե, նաեւ այս ոլորտում կլինեն խնդիրներ, հանուն վիճակագրության օրենսդրության պահանջները խախտելու դեպքեր, սակայն դրանք վճռորոշ չեն եւ խիստ հազվագյուտ: - Ազատազրկման վայրերից` «Կենտրոն» եւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ներից վերջին մեկ տարում փախուստներ գրանցվեցին. ապրիլի 1-ին քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանի դեմ մահափորձ իրականացրած Արշակ Աղաբաբյանը («թուրք Արշակ» մականունով) փախուստի դիմեց, նոյեմբերի 27-ին` ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանը եւ Մհեր Ենոքյանը փախուստի դիմեցին: Ազատազրկման վայրերը իսկապե՞ս ոչ բարոք վիճակում են, որ հնարավոր եղավ նրանց փախուստը, թե՞ այնուամենայնիվ, ներսից օգնելու հանգամանքը շատ ավելի հնարավոր եք համարում: - Առայժմ քրեական գործ է հարուցվել պաշտոնական անփութության հիմքով, սակայն չի բացառվում, որ քննությամբ բացահայտվեն այլ շարժառիթներով ղեկավարվելու փաստեր: Իհարկե, լիարժեք անվտանգություն ապահովելու համար անհրաժեշտ է կատարել մեծածավալ ներդրումներ, ինչի հնարավորությունը, եթե հիմք ընդունենք, որ պետական բյուջեն սոցիալական ուղղվածություն ունի, դեռեւս չկա, սակայն հեռու եմ այն մտքից, որ բարեխիղճ ծառայության դեպքում հնարավոր կլինեին հիշյալ դեպքերը: Մեզ չի էլ հանգստացնում այն, որ հարեւան երկրներում փախուստի դեպքերը անհամեմատ գերազանցում են, մենք պատասխանատու ենք մեր երկրում տիրող վիճակի համար: - Վերոնշյալ զարգացումները արդարադատության համակարգի շուրջ` հնարավո՞ր է, որ ուղղված լինեն Ձեր դեմ. օրինակ` որոշ մարդիկ նախագահականում շահագրգռված լինեն Ձեզ պաշտոնանկ անելու հարցում, քանի որ նախկինում Դուք բարձր պաշտոն եք զբաղեցրել գլխավոր դատախազությունում, եւ Ձեր նշանակումը արդարադատության նախարարի պաշտոնում, կարծես, այնքան էլ դատական համակարգի սրտով չէր` այն պարզ պատճառով, որ դատական համակարգի եւ դատախազության միջեւ միշտ ինչ-որ անջրպետ եղել է, եւ փախուստները բանտից` անկախ դրանց օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներից, կարող են «բարենպաստ ֆոն» դառնալ Ձեր պաշտոնանկման համար: Այդ իմաստով փախուստներն արդյո՞ք պատահական էին (Ձեր կարծիքը): - Կարծում եմ, որ նմանաբնույթ եզրահանգումներն ուղղակի հիմնազուրկ են: Չեմ բացառում, որ, ցավոք, կգտնվեն սակավաթիվ «գործընկերներ», որոնք ջանք չեն խնայի, որպեսզի կոնկրետ պաշտոնյային աջակցելու փոխարեն, հետեւողականորեն վարկաբեկեն, սակայն Ձեր առաջ քաշված տվյալ տարբերակը, մեղմ ասած, մտացածին է ու չափազանց անլուրջ: Հավելեմ նաեւ, որ ընդհակառակը` միանշանակ զգում եմ ինչպես երկրի ղեկավարության, այնպես էլ բազմաթիվ գործընկերներիս, այդ թվում` գիտական աշխարհի ներկայացուցիչների աջակցությունը եւ ունեմ ընդունված ու գնահատված լինելու զգացում: Իսկ հարմարվողականության երբեք չեմ դիմելու, դրանով գուցե ժամանակավոր «հանգիստ» ձեռք բերեմ, սակայն ինքս ինձ չեմ հարգի: - ՔԿՀ-ներում հսկողությունն ուժեղացնելու` անհետաձգելի ի՞նչ քայլեր են ձեռնարկվել: - Առաջին հերթին առավել գործնական են դարձվել հսկողական գործառույթները, ինչն այս պահին խիստ սկզբունքային նշանակություն ունի, իսկ այլ քայլերի մասին պարզապես նպատակահարմար չեմ գտնում հրապարակայնորեն արտահայտվել. բոլոր դեպքերում արդյունքները իրենց երկար սպասեցնել չեն տա: - Որքա՞ն գումար է անհրաժեշտ` համակարգը վերազինելու, ՔԿՀ-ների պաշտպանվածությունն առավել արդյունավետ դարձնելու համար, ինչպե՞ս պետք է արվի եւ մոտավորապես որքա՞ն ժամանակ կպահանջվի: - Նախարարությունը կառավարության քննարկմանն է ներկայացրել քրեակատարողական համակարգի կառուցվածքային բարեփոխումների հայեցակարգ: Հակիրճ նկատեմ, որ առաջիկա 10 տարիների ընթացքում կպահանջվի մոտ 40 մլրդ դրամի ներդրում: Հիմնական ուղղվածությունն այն է, որպեսզի ապահովվեն կալանավորվածներին եւ դատապարտյալներին պահելու նվազագույն պայմանները եւ բարելավվի անվտանգության համակարգը: Ընդհանուր ուղղվածությունն այն է, որ խոշորացվեն հիմնարկները եւ դրանք դուրս բերվեն բնակավայրերից: - Դուք ծառայողական քննություն էիք նշանակել տարբեր խցերում պահվող ցմահ ազատազրկվածների` նույն խցում հայտնվելու կապակցությամբ. խոսքը թերթերում հայտնված այն հայտնի լուսանկարի մասին է, որտեղ «Հոկտեմբերի 27»-ի եւ «Դրոյի» գործով դատապարտվածները «Ազատամտություն» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Խաչատրյանի հետ սրճում են միեւնույն սեղանի շուրջ: Ավարտվե՞լ է, արդյոք, ծառայողական քննությունը եւ եթե այո, ապա ի՞նչ է պարզվել: - Ծառայողական քննության արդյունքների մասին արդեն իսկ եղել է հանգամանալից մամլո հաղորդագրություն: Հավելեմ միայն, որ ձեռնարկել ենք նաեւ որոշ իրավական ակտերի փոփոխություն, որպեսզի դրանցում առկա ոչ հստակ ձեւակերպումները առիթ չհանդիսանան օրենքը շրջանցելու եւ մարդկանց անհարկի տհաճություններ պատճառելու համար:
