|22.10.2009| ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ
22/10/2009
Հոկտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանության գրասենյակի ղեկավար Կոնստանտին Օբոլենսկուն: Դիվանագետի այցի նպատակն էր նախարարին հանձնել Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գերատեսչության ղեկավարի և արդարադատության նախարարի համատեղ հրավերը` 2010թ. փետրվարի 18-ից 19-ը Շվեյցարիայի Ինտերլակեն քաղաքում կայանալիք համաժողովին մասնակցելու վերաբերյալ:
Համաժողովը նվիրված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի բարեփոխումներին: Հանդիպման ընթացքում նախարարը հակիրճ ներկայացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ համագործակցության ոլորտում Հայաստանի Հանրապետությունում վերջին շրջանում իրականացված աշխատանքները, ինչպես նաև այդ ատյանում բարեփոխումներ իրականացնելու որոշ դիրքորոշումներ: Նախարարը հատուկ ընդգծեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայումս առկա 110 հազար դիմումների քանակը վկայում է այն մասին, որ հիրավի անհրաժեշտ են շուտափույթ համալիր կազմակերպաիրավական միջացառումներ, և այդ նկատառումով Ինտերլակում կայանալիք համաժողովն ունենալու է արդիական մեծ նշանակություն:
Հանդիպման վերջում նախարարը Կոնստանտին Օբոլենսկուն շնորհավորեց Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական ծառայության անցնելու կապակցությամբ և մաղթեց բեղմնավոր աշխատանք ի շահ երկու երկրների բարեկամության: