|09.10.2009| ՆԱԽԱՐԱՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
09/10/2009
2009թ. հոկտեմբերի 5-ին ՀՀ արդարադատության նախարար Գ. Դանիելյանի գլխավորած պատվիրակությունը Ստրասբուրգում Եվրոպայի Խորհդի Գրեկոյի խմբի և Եվրոպայի Խորհրդում նախագահող Սլովենիայի արդարադատության նախարարության հրավերով մասնակցել է Գրեկոյի 10-ամյակին նվիրված հոբելյանական համաժողովին: Համաժողովին մասնակցում էին պատվիրակություններ Եվրոպայի Խորհրդի անդամ բոլոր պետություններից` հիմնականում արդարադատության նախարարների և պետական քարտուղարների գլխավորությամբ, մասնավորապես ներկա էին Սլովենիայի, Խորվաթիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆինլանդիայի, Ռուսաստանի Դաշնության, Շվեյցարիայի, Թուրքիայի արդարադատության նախարարները, ինչպես նաև Գրեկոյի անդամ պետությունների արդարադատության նախարարությունների այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Հայաստանի Հանրապետությունից համաժողովին մասնակցում էին նաև ՀՀ ոստիկանությունից, ՀՀ կենտրոնական բանկից ներկայացուցիչներ և Եվրոպայի Խորհրդում ՀՀ դեսպանը: Համաժողովին բացման խոսքով հանդես եկան ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ տիկին Բուքիքյոն, Գրեկոյի նախագահ պարոն Դրագո Քոսը, Սլովենիայի արդարադատության նախարար պարոն Ալես Ազարը: Բանախոսների թվում էին Իտալիայի, Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի, Ֆինլանդիայի, Գերմանիայի և այլ ԵԽ անդամ պետությունների արդարադատության նախարարներ: Քննարկումների հիմնական թեման կոռուպցիայի հաղթահարման խնդիրն էր: Բանախոսները ներկայացրեցին կոռուպցիայի հաղթահարման հարցում իրենց պետությունների ունեցած խնդիրները, մարտահրավերները նաև ձեռքբերումները: Համաժողովի ընթացքում «Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարում կյանքի կոչված քայլերի և հակակոռուպցիոն ռազմավարության հետագա ուղղվածության մասին» խորագրով ընդարձակ վերլուծական զեկույցով հանդես եկավ նաև ՀՀ արդարադատության նախարար Գ. Դանիելյանը : 2009թ. Նոյեմբերի 6-ին տեղի ունեցավ ՀՀ արդարադատության նախարար Գ. Դանիելյանի հանդիպումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ պարոն Ժան-Պոլ Կոստայի հետ: Հանդիպմանը մասնակցում էին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր տիկին Ալվինա Գյուլումյանը, այլ դատավորներ, Եվրոպայի Խորհրդում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Զոհրաբ Մնացականյանը, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական հարաբերությունների վարչության պետ Վահե Դեմիրճյանը: Հանդիպման ժամանակ քննարկվեցին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռների կատարման, փոխադարձ համագործակցության վերաբերյալ խնդիրներ:
