|18.08.2009| Խաղողօրհնեքի արարողություն

18/08/2009

Օգոստոսի 16-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը, արդարադատության նախարարության հետ համատեղ, Աբովյանի քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների մասնակցությամբ կազմակերպել էին այդ օրը հայոց եկեղեցիներում նշվող Խաղողօրհնեքի արարողություն: Հոգևոր արարողակարգը իրականացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աբեղա Հայր Վարդան Նավասարդյանը: Միջոցառմանը ներկա էին արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի գլխավոր տնօրեն Կառլեն Թորոսյանը: Արարողակարգի ավարտից հետո Կ.Թորոսյանը հյուրերին տեղեկացրեց, որ քրեակատարողական հիմնարկում օրհնված խաղողը Մեղրիի բաց ռեժիմում պատիժ կրող դատապարտյալների խնամքի և հոգատար աշխատանքի արդյունքն է, որը հասցվել է իրենց բախտակիցներին` հայ առաքելական սուրբ եկեղեցու կողմից օրհնվելու և դատապարտյալներին բաժանվելու նպատակով: Միջոցառման վերջում արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը պատասխանեց լրագրողների բազմաբնույթ հարցերին, զրույցներ ունեցավ դատապարտյալ կանանց հետ, լսեց նրանց առաջարկություններն ու դիտարկումները, տվեց բազմաթիվ հարցերի պատասխաններ, իսկ որոշ դեռ չլուծված հիմնախնդիրների մասով տեղեկացրեց, որ նախարարությունում արդեն զբաղվում են հիշյալ հարցերի շուտափույթ լուծմամբ: