|07.07.2009| ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ

07/07/2009

Հուլիսի 5-ին մայրաքաղաքի Էրեբունի համայնքի մշակույթի տանը բացվել էր ցուցահանդես-վաճառք, որին ներկայացված էին Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում իրենց պատիժը կրող դատապարտյալների ստեղծագործական աշխատանքները: Միջոցառումը նախաձեռնել և կազմակերպել էին Քրեակատարողական ծառայությունը և «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը: Բացման արարողությանը ներկա էին Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, Քեակատարողական վարչության աշխատակիցներ և բազմաթիվ բարձրաստիճան հյուրեր: Իր ելույթում Գ. Դանիելյանը նշեց, որ ցուցահանդեսի փաստն իսկ վկայում է այն մասին, որ պատիժ կրող անձինք կտրված չեն հասարակությունից, իրականացվում են որոշակի աշխատանքներ` նրանց վերաինտեգրումը հասարակություն ապահովելու նպատակով: Նախարարը կոչ արեց ձեռք բերել ցուցադրված աշխատանքները առանց սակարկությունների, նշված գներով, քանի որ ստացված հասույթը փոխանցվելու է հենց ստեղծագործող դատապարտյալների հաշիվներին: Քիչ անց նախարարը գնեց Աստվածաշնչի հուշանվերային տարբերակը: Թվով 10 ցուցատախտակի վրա ցուցադրված էին Հայաստանի Հանրապետության 10 քրեակատարողական հիմնարկների 25 դատապարտյալի աշխատանքներ: Նկատելի էր փայտից պատրաստված իրերի բազմազանությունը (զարդատուփեր, խաչքարեր, գրչամաններ, նարդի, գրքեր և այլն), գործված թաշկինակներ, հուշանվեր խաղալիքներ և այլն: Գները տատանվում էին 500-ից մինչև 250.000 դրամ: Հիմնադրամի գլխավոր տնօրեն Կ.Թորոսյանի խոսքերով, գները սահմանվել են աշխատանքների հեղինակների կողմից` ցուցահանդեսի կազմակերպիչների կարծիքը հաշվի առնելով: Նա նշեց, թե ինչ ոգևորությամբ էին աշխատել ազատազրկվածները, պատրաստվելով հանրությանը ներկայացնելու իրենց արտադրանքը: Կ. Թորոսյանը միաժամանակ նշեց համանման միջոցառումների իրականացման կարևորությունը, ինչպես նաև այն, որ այս միջոցառումները թույլ են տալիս ուղղորդել ազատազրկվածներին դեպի դրական, կառուցողական նպատակների, այդ թվում նաև ստեղծագործական հմտությունների զարգացման: «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը լուծում է նաև դատապարտյալների զբաղվածության հարցը: Ցուցանակներից մեկում ներկայացված էին բնատնտեսական ապրանքներ, որոնցով կալանավորված անձինք ապահովում են իրենք իրենց: Դա հացամթերքն էր, բանջարեղենը, ծխախոտը: Սննդամթերքը ուներ գրավիչ ապրանքային տեսք և հաճելի համային որակներ: Հիմնադրամի աշխատակիցները օգնում էին ներկաներին ընտրել հուշանվերներ: Վաճառքը բավականին եռանդով էր ընթանում: Ցուցահանդեսի հյուրերը հաճույքով ձեռք էին բերում հուշանվերներ, հիմնականում փայտից պատրաստված իրեր: Յուրահատուկ ուշադրության էր արժանանում ցուցահանդեսում ներկայացված փայտյա առագաստանավը: Բոլորը հիացմունքով դիտում էին գեղեցկուհի-առագաստանավին, լուսանկարվում էին նրա մոտ, բայց ցուցահանդեսի առաջին օրվա վերջում այն դեռ չէր գտել իր գնորդին: