|12.01.2009| ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

13/01/2009

Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունն ու բազմաթիվ հարցումները` տեղեկացնում ենք, որ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորներ Արմեն Գևորգի Խուրշուդյանին և Գևորգ Մանուկի Մանուկյանին ծեծի ենթարկելու մասին հաղորդման առնչությամբ Արդարադատության նախարարի` ծառայողական քննություն նշանակելու մասին հրամանով ստեղծված հանձնաժողովը, պարզել է հետևյալը: Արմեն Գևորգի Խուրշուդյանը բացատրություն է տվել այն մասին, որ 2008թ. դեկտեմբերի 23-ին առավոտյան իրենց խուց են մտել նույն հիմնարկի և քրեակատարողական վարչության մի խումբ աշխատակիցներ, որոնք տեղեկացրել են, որ խցում անցկացվելու է խուզարկություն: Խուզարկությունը սկսելուց առաջ, գործող կարգի համաձայն, իրեն և խցում գտնվող ևս չորս հոգու առաջարկվել է դուրս գալ խցից, թողնելով միայն մեկ կալանավոր: Արմեն Խուրշուդյանը մի փոքր հապաղել է, որից հետո անմիջապես դուրս է եկել խցից: Դեկտեմբերի 24-ին, նախնական պայմանավորվածության համաձայն, իրեն է այցելել իր շահերի պաշտպանը, որին Ա.Խուրշուդյանը խնդրել է ձեռնարկել միջոցներ իրեն նախկին խուց տեղափոխելու նպատակով: Ա.Խուրշուդյանն իր խուցը փոխելու առիթով եղել է վրդովված և այդ պատճառով պաշտպանին պատմել է, թե քրեակատարողական ծառայողները իր հետ խոսել են կոպիտ: Ըստ Ա.Խուրշուդյանի կողմից գրված բացատրության, որևէ այլ բան փաստաբանին չի պատմել, բողոք չի ներկայացրել, առավել ևս չի ասել, որ իրեն ծեծել են: Փաստաբանը խոստացել է լուծել նախկին խուց տեղափոխելու հարցը և հեռացել: Երկու օր անց իրեն կրկին տեղափոխել են նախկին խուց, որից հետո իրեն են այցելել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները և հարցրել, թե ով և երբ է իրեն ծեծի ենթարկել: Ա.Խուրշուդյանը հայտնել է, որ որևէ մեկն իրեն չի ծեծել և զարմանք է հայտնել նման տեղեկատվության աղբյուրի մասին, քանի որ ինքը նման հայտարարություն չի ներկայացրել: Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները հայտնել են, որ Ա.Խուրշուդյանի փոխարեն իր պաշտպանն է դիմել Մարդու իրավունքների պաշտպանին, հայտնելով, թե Ա.Խուրշուդյանի նկատմամբ կիրառվել է բռնություն: Ա.Խորշուդյանն իր բացատրությամբ հայտնել է նաև, որ իրեն որևէ մեկը ծեծի չի ենթարկել, չի հարվածել, չի վիրավորել և որևէ այլ կերպ չի նսեմացրել իր արժանապատվությունը: Վերջինս ավելացրել է, որ իր նկատմամբ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից միշտ դրսևորվել է նորմալ և մարդկային վերաբերմունք: Գևորգ Մանուկի Մանուկյանն իր բացատրությամբ խնդրել է իր փաստաբանի կողմից ՀՀ արդարադատության նախարարին և այլ պաշտոնատար անձանց հասցեագրած դիմումները թողնել առանց քննարկման: Խնդրել է ժամանակ իր փաստաբանի հետ խորհրդակցելու համար: Ծառայողական քննության շրջանակներում նույնաբովանդակ բացատրություններ են տվել նաև Գ.Մանուկյանի խցում գտնվող Սարգիս Ասատրյանը, Աշոտ Նահապետյանը և Էդուարդ Այվազյանը, հայտնելով այն մասին, որ Գ.Մանուկյանը խուզարկության ընթացքում գտնվել է միջանցքում, իրենց կողքին և այդ ընթացքում վերջինիս ոչ ոք չի հրել, չի հարվածել, չի ծեծել` ոչ խուզարկության ժամանակ և ոչ էլ դրանից հետո: