|03.12.2008|Նոտարի թեկնածուների որակավորման քննություններ
03/12/2008
2008թ դեկտեմբերի 1-ին ՀՀ արդարադատության նախարարությունում տեղի ունեցան «Նոտարի թեկնածուների որակավորման» քննություններ, որի շնորհիվ հաղթող դիմորդները հնարավորություն կստանան գրանցվել նոտարների պիտանելիության ցուցակում: Ապագայում թափուր պաշտոն առաջանալու դեպքում այդ ցուցակից արդարադատության նախարարի հրամանով նրանք կնշանակվեն համապատասխան պաշտոնում: Նախորդ` հերթական քննությունը, տեղի էր ունեցել 2008թ հուլիսի 1-ին: ՀՀ կառավարության 2002թ հունիսի 6-ի 789 Ն որոշման համաձայն, հերթական քննությունները անցկացվում են երկու տարին մեկ անգամ: Այս քննությունները արտահերթ էին` համաձայն նախարարի հրամանի, քանի որ ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսվում է նաև քննությունների իրականացման նման կարգ: Դա առավելապես պայմանավորված է թափուր պաշտոնների լրացման հետ, որոնք պետք է համալրվեն մասնագետներով: Իսկ այդպիսիք ներկայումս կան Վանաձորում, Սպիտակում, Արագածում և Ամասիայում: Ընդ որում, վերջին երկուսում արդեն բավականին ժամանակ է, որ չունենք նոտար, ինչը պայմանավորված է նաև այստեղ գործերի սակավությամբ: Նոտարների որակավորման քննություններին մասնակցելու համար «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում 2008թ-ի հոկտեմբերի 15-ից տրվել են համապատասխան հայտարարություններ, որի շնորհիվ այսօր քննություններին մասնակցելու համար հայտավորվել են 15 թեկնածու և բոլորն էլ ներկայացել էին քննությանը: Նրանցից 6-ը արական սեռի ներկայացուցիչներ էին: «Նոտարիատի մասին օրենքի» 3-րդ հոդվածի համաձայն, այս քննություններին կարող են մասնակցել բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող ՀՀ այն քաղաքացիները, ովքեր մեկ տարի անցել են ստաժավորում նոտարների մոտ: Քննություններին կարող են մասնակցել նաև հավատարմագրված մասնավոր ԲՈւՀ-երի շրջանավարտները: Այս քննություններին նրանց թիվը 3-ն է: Մասնակիցներից ամենաերիտասարդը 23 տարեկան է, իսկ ավագը` 40 տարեկան: Քննությունների ժամանակ թույլատրվում է թեկանծուներին իրենց հետ բերել գրականություն, ուսումնական նյութեր, ինչպես նաև համակարգիչ: Հաշվի առնելով քննության տևողությունը` 8 ժամ, քննական հանձնաժողովը ապահովել է դիմորդներին սուրճով, թեյով և խմելու ջրով: Քննության չորս ժամը լրանալուց հետո դիմորդները հանգստանում են 45 րոպե: Չի արգելվում նաև ծխելը քննասենյակից դուրս:

