|25.11.2008|Թբիլիսիում տեղի ունեցավ միջազգային խորհրդաժողով
25/11/2008
2008թ. նոյեմբերի 19-20-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցավ միջազգային խորհրդաժողով` Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների մասնակցությամբ:
ՀՀ պատվիրակությունը ղեկավարում էր արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը:
Պատվիրակների կազմում կային ներկայացուցիչներ դատական իշխանության մարմիններից, դատախազությունից, փաստաբաններից, հրավիրված էին նաև երեք հանրապետությունների մարդու իրավունքների պաշտպանները: Խորհրդաժողովը վարում էր Եվրոպայի Խորհրդի նախագահի տեղակալ տիկին Բուքիքյոն:
Խորհրդաժողովի ժամանակ յուրաքանչյուր կողմ ներկայացրեց զեկույց դատաիրավական բարեփոխումների ընթացքի մասին: Խորհրդաժողովից հետո տիկին Բուկիքյոն հանդիպեց պատվիրակությունների ղեկավարների հետ և այդ հանդիպումների ընթացքում քննարկվեցին դատաիրավական բարեփոխումների ոլորտում հետագա գործողությունների մի շարք հարցեր:
Խորհրդաժողովի ընթացքում Ադրբեջանական կողմը, վերջին տարիներին իրեն հատուկ մեթոդներով, ելույթ ունեցավ Հայաստանի դեմ, ընդգծելով այն միտքը, որ ՀՀ-ի կողմից ագրեսիան խոչընդոտում է ադրբեջանական իշխանություններին իրենց երկրում ապահովել օրենքի գերակայություն:
Հայկական կողմը հանդես եկավ պատասխան ելույթով և տրվեցին մանրամասն բացատրություններ այն մասին, որ Ադրբեջանը, ամեն անգամ տարբեր խորհրդաժողովներում հանդես գալով իրեն հատուկ ձևաչափով (շաբլոնով), պարզապես խեղաթյուրում է փաստերը և նման անթույլատրելի մեթոդներով փորձում է վարկաբեկել հարևան հանրապետությանը: Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը ընդգծեց նաև, որ Ադրբեջանի ոչ միայն ագրեսիվ գործողությունները, այլև միջազգային նորմերի և սկզբունքների խախտումները բազմիցս թույլ են տրվել հենց Ադրբեջանի կողմից, մասնավորապես` իրենց տարածքում, ազգային հողի վրա զանգվածային էթնիկ զտումները, ազգերի ինքնորոշման իրավունքի կոպիտ ոտնահարումները և այլն: Եվ այժմ, երբ երկու երկրների նախագահները կատարում են լուրջ քայլեր կոնֆլիկտի ընդհանուր կարգավորման ուղղությամբ, նման մեթոդներն ու ելույթները ադրբեջանական կողմից նպաստում են երկու երկրների միջև հարաբերությունների արհեստական սրացմանը, ինչպես նաև հաստատում են այն իրողությունը, որ որոշ ուժեր Ադրբեջանում հետաքրքրված չեն հիմնախնդրի քաղաքակիրթ լուծման տարբերակին առաջնություն տալու հարցում:
Քննարկումների վերջում ընդունվեց որոշում, որ Ադրբեջանի պատվիրակության տեսակետները չեն մտցվի խորհրդաժողովի վերջնական փաստաթղթի մեջ: Կլինի միայն հղում` ադրբեջանական կողմի հատուկ կարծիքին, ուր ընդգծված է, որ Ադրբեջանի տարածքում իրականացված ագրեսիայի պատճառով բացառվում է օրենքի գերակայության հաստատման ապահովումը հանրապետությունում:
ՀՀ պատվիրակության ղեկավար, արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի պնդումով մտցվեց հղում նաև հայկական կողմի հատուկ կարծիքի վրա, ուր մանրամասն ներկայացված են հայկական կողմի վերը նշված տեսակետներն ու փաստարկները: