|03.11.2008|Գևորգ Դանիելյանը հանդիպել է ցմահ ազատազրկում կրող դատապարտյալների հետ
03/11/2008
Ս.թ. հոկտեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը հանդիպել է մահապատժի դատապարտված, հետագայում մահապատիժ պատժատեսակի վերացման արդյունքում ցմահ ազատազրկում կրող Ստեփան Գրիգորյանի, Արմեն Տեր-Սահակյանի, Արմենակ Մնջոյանի և Արսեն Արծրունու հետ: Դատապարտյալները հանդիպման ընթացքում ներկայացրել են իրենց դժգոհությունները` կապված մահապատիժը ցմահ ազատազրկմամբ փոխելու հետ: Վերջիններս հայտնել են, որ իրենք վիճարկում են Հայաստանի Հանրապետության Նախագահի 2003թ. օգոստոսի 30-ի հրամանագրով իրենց ներման հիմքով ցմահ ազատազրկում սահմանելը: Ըստ դատապարտյալների, դա հանդիսացել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային փաստաթղթերի և ներպետական օրենսդրության խախտում: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, որը մինչ այդ արդեն իսկ հանգամանորեն պատասխանել էր դատապարտյալներին և բերել հիմնավորումներ, ըստ որոնց հիշյալ հրամանագիրը համարվում է իրավաչափ ակտ, hանդիպման ընթացքում, չհամաձայնելով դատապարտյալների որոշ եզրահանգումների հետ, նախ, առաջարկել է այդպիսի եզրահանգումներ անելիս և դրանք հրապարակելիս, համարժեքորեն արտացոլվեն օրենսդրության պահանջները: Նախարարը հանգամանորեն պարզաբանումներ է տվել հնչեցված բոլոր հարցերին: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրը եղել է ոչ թե օրենսդրության փոփոխության հիման վրա պատժատեսակի փոխարինման վերաբերյալ իրավական ակտ, ինչը և կլիներ անիրավաչափ, այլ դատապարտյալներին շնորհվել է ներում: Նախարարը պարզաբանեց նաև, որ դատախազը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսքրգի 52-րդ հոդվածի 2-րդ մասով, նախկինում մահապատժի դատապարտված անձանց վերաբերյալ դատական կարգով չվերանայված դատական ակտերը վերանայելու նպատակով, համապատաuխան միջնորդություն է ներկայացրել դատարան: Պարզաբանվեց նաև, որ ցմահ ազատազրկումը մահապատժի հետ համեմատ մեղմ պատժատեսակ է, ինչը հաստատվում է նաև միջազգային մի շարք փաստաթղթերով, իսկ օրենքի փոփոխությունները, որոնք հանգեցրել են պատժի մեղմացման` ունեն հետադարձ ուժ: Դատապարտյալները նախարարին ներկայացրեցին նաև մի շարք առաջարկներ` կապված քրեակատարողական հիմնարկի պայմանների հետ, որոնց վերաբերյալ նախարարը հայտնեց, որ կքննարկվեն բոլոր առաջարկները և կկայացվեն հիմնավորված որոշումներ: