|01.10.2008| ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

01/10/2008

Արդարադատության նախարարության և «Գերմանական տեխնիկական համագործակցություն» ընկերության համագործակցությամբ սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին «Մարիոտ» հյուրանոցում տեղի ունեցավ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի նախագծի որոշակի դրույթների փորձագիտական քննարկումը` Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի և Համբուրգի համալսարանի պրոֆեսոր, Արևելյան իրավունքի բաժանմունքի տնօրեն Օ. Լուխթերհանդի մասնակցությամբ: Քննարկմանը մասնակցում էին նաև այլ ներկայացուցիչներ Արդարադատության նախարարությունից, Ոստիկանությունից, Վճռաբեկ դատարանից, Կառավարության աշխատակազմից, Պետական եկամուտների կոմիտեից, հասարակական կազմակերպություններից և այլն: Հանդիպման ժամանակ նախարար Գևորգ Դանիելյանը ներկայացրեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի նախագծի հայեցակարգային հիմնադրույթները, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրության բարեփոխման անհրաժեշտությունը պայմանավորող փաստարկները` նշելով, որ օրենսդրության մեջ տեղ գտած լուրջ բացթողումները խիստ բացասաբար են անդրադառնում ինչպես մարդու իրավունքների և ազատությունների և իրավաբանական անձանց օրինական շահերի պաշտպանության երաշխավորվածության, նշված ոլորտում պետական կառավարման, այնպես էլ վարչական զանցանքների վերաբերյալ գործերով արդարադատության իրականացման արդյունավետության վրա: Պրոֆեսոր Օ. Լուխթերհանդը գոհունակությամբ ընդունեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքները: Այնուհետև նախարարը հանգամանորեն ներկայացրեց ինչպես հիշյալ նախագծի վերաբերյալ կատարվող աշխատանքները, այնպես էլ աշխատանքային խմբին հուզող մի շարք հարցադրումներ, որոնք ծագել էին նախագծի մշակման ժամանակ: Երկօրյա հանդիպման ժամանակ քննարկվեցին այնպիսի հիմնահարցեր, ինչպիսիք են իրավաբանական անձանց վարչական պատասխանատվության հիմնախնդիրը, անձի անձեռնմխելիությունը վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությունում, զանցակցության ինստիտուտը, մեղքի ձևերը, նվազ նշանակություն ունեցող զանցանքի դեպքում վարչական պատասխանատվությունից ազատելու հնարավորությունը, վարչական տույժերի նշանակման առանձնահատկությունները և վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի բնականոն ընթացքն ապահովող և անձանց իրավունքները երաշխավորող իրավական համարժեք ինստիտուտների, ինչպիսիք են վարույթի կասեցումը, նորոգումը, ներմուծման անհրաժեշտությունը և նախագծի վերաբերյալ այլ հարցեր: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը վստահեցրեց, որ պատրաստվել է միջազգային չափանիշներին համահունչ նախագիծ, իսկ պրոֆեսոր Օ. Լուխթերհանդը իր պատրաստակամությունը հայտնեց հետագա համագործակցության համար: