|28.08.2006| ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ
28/08/2008
2008թ. օգոստոսի 28-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում տեղի ունեցավ «Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության» նորանշանակ պետ Արմեն Գևորգյանի առաջին հանդիպումը լրագրղների հետ: Գործակալության պետն իր համոզմունքը հայտնեց առ այն, որ իրավաբանական անձանց հիմնադրման, ռեեստրի վարման և լուծարման գործընթացը պետք է միտված լինի տարածաշրջանում գործարար և ներդրումային լավագույն միջավայրի ձևավորմանը, որի հրատապ բարելավման անհրաժեշտությունը ընդգծվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից և ընդգրկվել Կառավարության ծրագրի կատարումն ապահովող 2008-2012թթ. միջոցառումների ցանկում: Նշված ծրագրի շրջանակներում Արդարադատության նախարարությունը արդեն իսկ Կառավարություն է ներկայացրել ծրագրային առաջարկություններ, որոնք ուղղված են գործակալությունում ապահովել էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման աշխատանքները, կիրառել մեկ պատուհանի սկզբունքը, նվազագույնի հասցնել գրանցման ժամկետները և այլն: Ներկայումս մեծ ուշադրություն է դարձվում «Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության ամենօրյա աշխատանքը մինչև սույն թվականի սեպտեմբերի 1-ը` առևտրի իրականացման վայրերում գործունեություն ծավալելու համար անհատ ձեռներեցներին արագացված կարգով պետական գրանցումը կատարելու համար» Վարչապետի 2008թ. օգոստոսի 13-ի հանձնարարականի կատարման վրա, որի արդյունքում կատարվել է հսկայածավալ աշխատանք: Այսպես, եթե 2000-2006թթ. մեկ տարում գրանցվել է 7-8.000 անհատ ձեռնարկատեր, ապա միայն 2008թ. մինչև օգոստոսի 28-ը` 11.500 անհատ ձեռնարկատեր: Վերոնշյալը թույլ է տալիս փաստելու, որ Վարչապետի հանձնարարականը հիմնականում արդեն կատարված է, իսկ սեպտեմբերի 1-ին կատարված կլինի ամբողջությամբ:
