ՀՀ արդարադատության նախարարության և Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի միջև փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց

16/03/2012

Այսօր ՀՀ արդարադատության նախարարության և Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի միջև փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց մի շարք ոլորտներում կողմերի միջև համագործակցության շուրջ :
Նպատակն է՝ ապահովել «Համալսարանի ուսանողների տեսական գիտելիքների գործնական կիրառումը և մասնագիտական փորձի միջոցով կիրառական հմտությունների ձեռքբերումը», և , համագործակցելով համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ, իրավական թեմաներով ակտիվ երկխոսություն ծավալել երիտասարդ սերնդի հետ:
Հուշագրի ստորագրումից հետո ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանողներին և դասախոսներին մանրամասն ներկայացրեց համագործակցության նպատակաները: Նախարարի պարզաբանմամբ ստորագրված հուշագիրը ոչ միայն հնարավորություն կընձեռի համալսարանի մասնագետներին մասնակցելու օրինագծերի մշակման աշխատանքներին, այլ նաև ուսանողները հնարավորություն կունենան գործնական գիտելիքներ ստանալ արդարադատության նախարարությունում:
Նախարարի կարծիքով «արդյունավետ աշխատանքի պարագայում» հնարավոր կլինի արդյունավետ լուծումներ տալ նաև նախարարության, ինչու չէ՝ նաև երկրի առջև դրված խնդիրներին: «Ի վերջո բոլորիս աշխատանքի նպատակը պետք է լինի համատեղ ջանքերով լուծել Հայրենիքի առջև ծառացած խնդիրները », -ասաց նախարարը
Արդարադատության նախարարը պատասխանեց նաև համալսարանի ուսանողների և դասախոսների հարցերին, որոնք վերաբերում էին դատաիրավական համակարգում իրականացվելիք բարեփոխումներին, առկա խնդիրների լուծման անհրաժեշտությանը: Եղան նաև կոնկրետ առաջարկներ:
Հանդիպուման ավարտից հետո ՀՀ արդարադատության նախարարը պատասխանեց նաև միջոցառումը լուսաբանող լրագրողների հարցերին: