|24.06.08| Գևորգ Դանիելյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի օգնականի գլխավորած պատվիրակությանը
25/06/2008
2008 թվականի հունիսի 24-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար պարոն Գևորգ Դանիելյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի օգնական պարոն Դեյվիդ Կրամերի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում ընդգրկված էին նաև ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Ջոզեֆ Փեննինգթոնը և քաղաքական հարցերով պատասխանատու պարոն Դանիել Հեյստինգսը: Հանդիպման ժամանակ պարոն Կրամերը բարձրացրեց պատվիրակությանը մտահոգող մի շարք հարցեր, որոնց լուծման համար, ըստ նրա, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը կարող է իր ուրույն դերն ունենալ: Մասնավորապես, պատվիրակությանը մտահոգում էր 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքների արդյունավետության հարցը` հիմք ընդունելով ժամանակավոր հանձնաժողովի ձևավորված կազմի համամասնությունը: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը հավաստիացրեց, որ ժամանակավոր հանձնաժողովը գործող կազմով ունակ է և ունի նաև իրավական հիմքեր, ի դեմս հանձնաժողովի կանոնակարգի, արդյունավետ և անաչառ կատարելու իր առջև դրված խնդիրները` հանձնաժողովի աշխատանքներին ներգրավելով նաև այլ քաղաքական ուժերի և միջազգային փորձագետների:

