ՀՀ արդարադատության նախարարը շնորհակալ է բոլոր նրանց, ովքեր գրքեր են նվիրել դատապարտյալներին
05/03/2012
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի առաջարկով 2011-ի հունվարի 11-ին, երբ մեր կայքում տեղադրեցինք ԳՐՔԵՐ՝ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ նախաձեռնության մասին հայտարարությունը, անմիջապես արձագանքներ ստացանք:
Շատերին էր դուր եկել բանտերում գտնվողներին գիրք նվիրելու գաղափարը: Մարդիկ ՀՀ արդարադատության նախարարությանն էին հանձնում տարիների ընթացքում ձեռք բերած գրականությունը:
Շնորհիվ մարդկային բարի կամքի՝ այսօր ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների գրադարանները համալրվել են 3000-ը գերազանցող բազամաժանր գրքերով:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը շնորհակալություն է հայտնում նախաձեռնությանը արձագանքած բոլոր անհատներին և կազմակերպություններին՝ Էմմա Գասպարյանին, Արևհատ Մկրտչյանին, Մարինե Մանուկյանին, Շողակաթ Ադամյանին, Սերգեյ Ամիրխանյանին, «Ամերիկյան իրավաբանների ընկերակցությանը», «Ինֆորմացիայի ազատության կենտրոնին», «Փրինթինֆոյին», «Հայաստանի Հելսինկյան կոմիտեին», «Ցմահ դատապարտյալների հարցերով զբաղվող քաղաքացիական նախաձեռնությանը», ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտին», <<Մեգապոլիս>>ամսագրին, «Ինտերնետ Գիրք մարաթոն 2011-ին», ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբին, Աշոտ Նավասարդյանի անվան դպրոցի աշակերտներին:
Նախարարը շնորհակալություն է հայտնում նաև բոլոր այն լրատվամիջոցներին, որոնք պարբերաբար լուսաբանում էին նախաձեռնության ընթացքը:
Միայն հիշեցնենք, որ ԳՐՔԵՐ՝ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ակցիան շարունակվում է, հետաքրքրվողները կարող են դիմել ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին: