|24.06.2008| ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

24/06/2008

Հունիսի 24-ից 27-ը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Եվրոպայի խորհրդի համատեղ ջանքերով կազմակերպվեց փորձագիտական հանդիպում: Հանդիպմանը մասնակցում էին արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, նախարարության ներկայացուցիչներ, Եվրոպայի խորհրդի փորձագետներ, նախարարության քրեակատարողական վարչությունից, ՀՀ գլխավոր դատախազությունից, ՀՀ ոստիկանությունից, ՀՀ դատական դեպարտամենտից: Հանդիպմանը մասնակցում են նաև ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հիմնարկներում և մարմիններում հասարակական դիտորդների խմբի անդամներ: Հանդիպման առաջին երկու օրերը նվիրված են բանտային կառավարմանը և Եվրոպական բանտային կանոններին: Այդ ընթացքում կներկայացվեն Հայաստանի բանտային կառավարման վերաբերյալ օրենսդրությունը, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Rec (2006) 2 հանձնարարականը: Կքննարկվեն ազատազրկված անձանց տեղաբաշխման և տեղավորման, նրանց ցուցաբերվող իրավական օգնության, արտաքին աշխարհի հետ կապը պահելու, նրանց դատավճիռների պլանավորման և այլ խնդիրներ: Առանձնահատուկ քննարկման թեմա կլինի նաև քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց առողջության պահպանման խնդիրը, որի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի չափանիշները ևս մանրամասն կներկայացվեն եվրոպական փորձագետների կողմից: Քննարկվելու է նաև անչափահաս իրավախախտումների հետ կապված խնդիրներ, մասնավորապես նրանց հատուկ հաստատություններում տեղավորելու, նրանց ազատությանը նախապատրաստելու առումով հատուկ միջոցառումներ կիրառելու և պատժից ազատվելուց հետո նրանց ցուցաբերվելիք աջակցության հետ կապված: Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվելու նաև քրեակատարողական համակարգում գոյություն ունեցող այնպիսի արդիական խնդիրների, ինչպիսիք են աշխատակազմի կառավարումը, հսկողությունը և վերահսկողությունը: Հանդիպման հաջորդ երկու օրերը ամբողջովին նվիրվելու են Հայաստանի Հանրապետությունում գործող այլընտրանքային պատիժների կատարման և պրոբացիոն ծառայության գործունեությանը: Մասնավորապես հրավիրված եվրոպական փորձագետները ներկայացնելու են այլընտրանքային սանկցիաների և միջոցների կիրառման վերաբերյալ Եվրոպայի Խորհրդի չափանիշները` << Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի թիվ (92)16 հանձնարարականը` այլընտրանքային սանկցիաների և միջոցների վերաբերյալ եվրոպական բանտային կանոնների մասին, պրոբացիոն ծառայության իրավական հիմքի և այդ ծառայության կազմակերպման դրույթների մասին, ինչպես նաև դատական համակարգի` վերը նշված խնդիրներում ընդգրկվածության մասին, կխոսվի նաև պրոբացիոն աշխատակազմի հավաքագրման և ուսուցման մասին: Կներկայացվի նաև Հայաստանի Հանրապետության փորձը վերը նշված բնագավառներում: Քառօրյա հանդիպման ընթացքում կայացած քննարկումների և փորձի փոխանակման արդյունքների հիման վրա հետագայում կնախաձեռնվեն համապատասխան իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ` դրանք եվրոպական չափանիշների հետ առավել համահունչ դարձնելու ուղղությամբ: