Փոխնախարարի խոսքով, բարեփոխումների շնորհիվ նոտարների շրջանում տիրող անպատժելիության մթնոլորտը վերացել է

22/02/2012

«Եթե նախկինում նոտարները գալիս էին, կներեք, կես մետրանոց դեկոլտեով, 3 կգ ոսկեղենով, 2 կգ շպար` դեմքներին, այսօր զգալիորեն… ամեն դեպքում առավոտ ինքը ինչպես կգա գործի, ինձ հետաքրքիր չի, բայց գործը սկսելուց հետո պետք է ունենա որոշակի կոկիկ տեսք: Եվ իրականում եթե այցելեք նոտարական գրասենյակներ, այդ փոփոխությունը անզեն աչքով տեսանելի է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման պատասախանտու հայտարարությամբ հանդես եկավ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը, ով ներկայացրեց պետական ռեգիստրի և քաղաքացիական կացության ակտերի գրանցման համակարգերում կատարված օրենսդրական փոփոխությունների հիման վրա բարեփոխումների ընթացքն ու դրանց արդյունքները:

Փոխնախարարի խոսքով, բարեփոխումների շնորհիվ նոտարների շրջանում տիրող անպատժելիության մթնոլորտը վերացել է, քաղաքացիների, նաև լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ նոտարների վերաբերմունքը փոխվել է:

«Մամուլի օրինակը բերեմ: Եթե նախանցած տարի որևէ լրատվամիջոց փորձեր մտնել նոտարական գրասենյակ և այնտեղից կարողանար կենդանի ու առանց վնասվածքների դուրս գալ, ապա նա շատ բախտավոր մարդ կլիներ: Անցած տարվա ընթացքում մի շարք հարցազրույցներ են եղել, այդ թվում նաև նոտարների համար ոչ հաճելի թեմաներով, և բոլոր հարցազրույցների արդյունքում, կարծում եմ, որևէ զոհ չկա»,-ասաց Ա. Օրբելյանը:

Ինչ վերաբերում է որակական փոփոխություններին, ապա բանախոսն ասաց, որ նախկինում իրենց պարտականությունները չկատարող նոտարների գերակշիռ մասը սկսեց իր ծառայություններն իրականացնել այնպես, ինչպես պետք է կատարեր: Օրբելյանը կարևորեց նաև նոտարների նշանակման, քննության անցկացման նոր կարգերի ու ընթացակարգի ներդրումը` հասկանալով, որ նոտարը միայն կնիք դնող չէ: Փոխնախարարը նշեց, որ հայ նոտարները նաև վերապատրաստման ու փորձի փոխանակման համար կգործուղվեն նոտարական կայացած համակարգեր ունեցող երկրներ:

«Նպատակ ունենք ունենալ ոչ թե ինչ-որ քանակի տեղեկություն ունեցող մարդ, այլ մտածել կարողացող, հասկացող մարդ: Եվ դա առաջացրել էր մի շարք դժգոհություններ»,- 2000 հարց պարունակող շտեմարաններին փոխարինած նոտարների քննությունների նպատակի մասին ասաց նախարարի տեղակալը:

Այժմ էլ ձեռնամուխ են եղել օրենսդրական փոփոխություններին, «որը պետք է ապահովի նոտարի ամբողջական պատասխանատվությունը նոտարի որևէ սխալի արդյունքում հասցրած վնասի համար` անկախ իր մեղքի առկայությունից և այլն», նախատեսվում է նաև ոլորտում նոր ինստիտուտների ներդրում: