Մեկնարկեց նոտարի թեկնածուների ուսուցման դասընթացը
31/01/2012
Հունվարի 27-ից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հաստատած ծրագրին համապատասխան «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ»-ը սկսել է նոտարի թեկնածուների ուսուցման դասընթացները:
Դասընթացներին մասնակցում են նոտարական գործունեության ստաժավորում չանցած, նոտարի որակավորման քննության որակավորման վկայական ստացած անձինք: Ուսուցման դասընթացի ընդհանուր տևողությունը 3 ամիս է: Դասընթացը բաղկացած է 120 ակադեմիական ժամից` ներառյալ պրակտիկան: Դասավանդվող առարկաների շարքում են «Նոտարական էթիկան», «Նոտարական գործունեության և նոտարի իրավական դրության առանձնահատկությունները», «Նոտարիատի վերաբերյալ օրենսդրությունը», «Վարչական օրենսդրությունը», «Քրեական օրենսդրությունը»:
Ուսուցման ավարտից հետո իրավաբանական ինստիտուտը 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին է ներկայացնելու դասընթացն ավարտած նոտարի թեկնածուների ցանկը:
Նոտարի թեկնածուներին իրավաբանական ինստիտուտի կողմից տրվելու է համապատասխան վկայագիր:
Հիշեցնենք, որ նոտարական գործունեության իրականացման հմտությունների ուսուցման կարգը հաստատել էր ՀՀ կառավարությունը 2011-ի սեպտեմբերի 29-ին: