
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտում, հունիսի 13-ին տեղի ունեցավ «Արդարադատություն» ամսագրի շնորհանդեսը, որին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազ Հակոբ Բաբայանը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Շնորհանդեսի բացման խոսքով հանդես եկավ արդարադատության նախարարը նշելով, որ «հասարակությանն իրավական թեմաներով գիտական վերլուծություններին ծանոթանալու համար այսուհետ կօգնի նորընծա «Արդարադատություն» ամսագիրը:» նախարարի հավաստմամբ, ամսագիրը հնարավորություն կտա ընթերցողին իրավական դաշտին ավելի մանրամասն ծանոթանալու:
«Ես կարող եմ ասել, որ այն կհետաքրքրի ոչ միայն իրավական մասնագիտություն ունեցողներին, այլև նրանց, ովքեր հետաքրքրված են ոլորտով, բայց համապատասխան կրթություն չունեն»,- նշեց նախարարը:

Գևորգ Դանիելյանի հավաստմամբ, գիտական աշխատողները, որպես կանոն, փորձում են ձեռնպահ մնալ զանգվածային լրատվամիջոցներով իրենց գիտական խոսքն ասելուց, քանի որ նրանք կարծում են, որ «յուրաքանչյուր ելույթ հնչելու իր ժամանակն ու տեղն ունի»: Նախարարը նշեց, որ ամսագիրը պետք է բաց լինի բոլոր իրավաբանական կրթություն ունեցողների համար, ովքեր ցանկանում են գրել: Նա ողջունեց ամսագրի առաջին համարն ու այն հաջողված համարեց: Միևնույն ժամանակ, նա ընդգծեց, որ հետագայում այն որակապես ու բովանդակային առումով ավելի հաջողված պետք է լինի:
Ամսագրի հիմնադիրն ու հրատարակիչը «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է: Ամսագիրը լույս է տեսնելու 500 օրինակով:
Շնորհանդեսի ընթացքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը իրավական ոլորտում մեծ ձեռքբերումների ու հաջողությունների համար պարգևատրվեց «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտի» պատվավոր դոկտորի կոչումով: Այս առիթով նախարարին վկայագիր հանձնեց ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտի տնօրեն Աշոտ Հայրապետյանը: