ՏԵՂԵԿԱՆՔ«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 10-ի N 413-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ
16/01/2012
Հաշվի առնելով ՀՀ կառավարության հունվարի 12-ի նիստում քննարկված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 10-ի N 413-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի շուրջ մամուլում տեղ գտած տարաբնույթ մեկնաբանությունները` հատկապես կին դատապարտյալներին տրամադրվող հիգիենիկ պարագաների քանակի ավելացման շուրջ, ներկայացնում ենք մանրամասն պարզաբանումներ:
Նախ փաստենք, որ կանանց հարցերով զբաղվող «Կանանց Ռեսուրսային կենտրոն» ՀԿ համապատասխան ուսումնասիրություններ էր կատարել ազատազրկված կանանց պահման վայրում` «Աբովյան» ՔԿՀ-ում, և վեր էր հանել որոշակի խնդիրներ` այդ մասին համապատասխան նամակով դիմելով ՀՀ վարչապետին:
ՀՀ արդարադատության նախարարությունը ՀՀ վարչապետի հանձնարարականով կատարել էր համապատասխան ուսումնասիրություններ և ՀՀ կառավարություն էր ներկայացրել համապատասխան իրավական ակտի նախագիծը, որով նախատեսվում էր կանանց հիգիենիկ պարագաների քանակը ամսեկան 5-ից դարձնել 10:
Միաժամանակ, նշված նախագծի վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարությունը տվել է հետևյալ դիրքորոշումը, որը ընդունվել է ի գիտություն.
«ՀՀ ֆինանսների նախարարությունը նախագծի վերաբերյալ սկզբունքային դիտողություններ չունի` պայմանով, որ դրանով նախատեսվող, քրեակատարողական հիմնարկներում պահվող կին դատապարտյալներին յուրաքանչյուր ամսվա կտրվածքով տրամադրվող հիգիենիկ պարագաների քանակի ավելացմամբ պայմանավորված, ՀՀ պետական բյուջեից տարեկան լրացուցիչ 460.8 հազար դրամի ֆինանսավորումն իրականացվի յուրաքանչյուր տարվա ՀՀ պետական բյուջեով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը հատկացվող ընդհանուր միջոցների հաշվին` նկատի ունենալով, որ Նախագծում նշված նպատակի հա¬մար համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսված չեն ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 7-ի` <<Հայաստանի Հանրապետության 2012-2014 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին>> N 955-Ն որոշմամբ և <<Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին>> ՀՀ օրենքով:»: Այսինքն` նշված փոփոխությամբ 2012թ. ՀՀ պետական բյուջեի վրա ծախսերի առումով լրացուցիչ բեռ չի դրվում:
Քրեակատարողական հիմնարկում անձանց պահելու պայմաններին, ներառյալ անձնական հիգիենայի պահպանմանը վերաբերող դրույթներ սահմանված են օրենքով, ՀՀ կառավարության որոշումներով և այլ իրավական ակտերով:
Մասնավորապես, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 74-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ դատապարտյալի անձնական հիգիենայի պահպանման համար անհրաժեշտ հիգիենայի պարագաների չափաբաժինները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Միաժամանակ, «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն ձերբակալված կամ կալանավորված անձը պետք է հնարավորություն ունենա մարդկային արժանապատվությունը չնվաստացնող պայմաններում բավարարել իր սանիտարահիգիենիկ պահանջները: Նույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Ձերբակալված կամ կալանավորված կանանց և անչափահասների համար ձերբակալվածներին պահելու վայրերում և կալանավորվածներին պահելու վայրերում ստեղծվում են բարելավված նյութակենցաղային պայմաններ:
ՀՀ կառավարության 2006թ. օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշմամբ հաստատված ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի 43-րդ կետի համաձայն կալանավորված անձին կամ դատապարտյալին անհատական օգտագործման նպատակով տրամադրվում են`
5) անձնական հիգիենայի պարագաներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափաբաժիններով:
Վերը նշված իրավական ակտերի հիման վրա ՀՀ կառավարության 2003թ. ապրիլի 10-ի N 413-Ն որոշման հավելված 3-ով սահմանվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց անկողնային և հիգիենիկ պարագաների չափաբաժիններն ու դրանց շահագործման ժամկետները:
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն իրավական այլ ակտերում փոփոխությունները կամ լրացումները կատարում են միայն իրավական ակտն ընդունած մարմինը կամ նրա իրավահաջորդը:
Հետևաբար, ՀՀ կառավարության 2003թ. ապրիլի 10-ի N 413-Ն որոշման մեջ ցանկացած փոփոխություն կարող է կատարվել բացառապես ՀՀ կառավարության որոշմամբ: