|02.06.2008| ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

04/06/2008

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ծառայության առաջին կարգի մասնագետ Հրաչիկ Գրիգորյանը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, ապօրինաբար թույլատրել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, ամբաստանյալ Տաթեւ Գասպարյանի տեսակցությունը նույն գործով վկա Դավիթ Եգանյանի հետ, որի ընթացքում Տ.Գասպարյանը դրդել է վկային գրել ակնհայտ սուտ տեղեկություններ պարունակող գրություն՝ դատարան ներկայացնելու համար: Մասնավորապես, ըստ նախնական տեղեկատվության, Հ.Գրիգորյանը, ի պաշտոնե պատասխանատու լինելով կազմակերպելու քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների եւ կալանավորների տեսակցությունները մերձավոր ազգականների եւ այլ անձանց հետ՝ ՀՀ գործող օրենսդրության պահանջներին համապատասխան, չարաշահել է պաշտոնեական լիազորությունները եւ 21.05.08թ. թույլատրել գործով վկա Դավիթ Եգանյանի ապօրինի մուտքը քրեակատարողական հիմնարկ եւ նրա տեսակցությունը՝ Տաթեւ Գասպարյանի հետ: Վկա Դ.Եգանյանը քրեակատարողական հիմնարկ մուտք է գործել եւ տեսակցել ամբաստանյալ Տ.Գասպարյանի հետ՝ վերջինիս աներորդի, Վրաստանի Հանրապետության քաղաքացի Ամիկ Հախվերդյանի հետ միասին: Տեսակցության ընթացքում Տ.Գասպարյանի սպառնալիքների ազդեցության տակ Դ.Եգանյանը գրել է Տ.Գասպարյանի կողմից հրազեն ձեռք բերելու աղբյուրի եւ պատկանելության վերաբերյալ ակնհայտ սուտ տեղեկություններ պարունակող նամակ՝ գործի դատաքննությունը վարող Հյուսիսային քրեական դատարան ներկայացնելու եւ կատարած արարքի համար Տ.Գասպարյանին պատասխանատվությունից ազատելու նպատակով: Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: