ՀՀ արդարադատության նախարարի Ամանորի բարեմաղթանքը

29/12/2011

Շուտով Հայաստանի երրորդ հանրապետությունը կթևակոխի իր պատմության երրորդ տասնամյակը: Ամանորն ու Սուրբ ծնունդը աշխարհի բոլոր ժողովուրդների համար նշանավորվում է երկու հիմնական սկզբունքներով, որոնցից մեկը խորհրդանշում է օրացույցային տարվա սկիզբը, իսկ մյուսը` յուրաքանչյուր մարդու հնարավորություն տալիս վերարժևորելու անցած տարին, գնահատելու իր հաջողություններն ու թերացումները: 2011-ը մեր երկրի զարգացման մի նոր փուլ էր, մեր երիտասարդ պետության համար ևս մեկ փորձաշրջան: Նոր տարին` 2012 թվականը դիմավորելու ենք նոր ակնկալիքներով, նոր հույսերով, նոր պատասխանատվությամբ, անցած տարիներից ժառանգած խնդիրները լուծելու վճռականությամբ:
Աշխարհի տարբեր ժողովուրդների մոտ ձևավորվել են Ամանորի և Սուրբ ծննդյան տոները նշելու տարբեր ավանդույթներ: Իտալիայում, օրինակ, վստահ են, որ Նոր տարին պետք է դիմավորել` ազատվելով հին իրերից և վատ ու տխուր հիշողություններից:
2012-ը` ևս մեկ փորձաշրջան է լինելու մեր երկրի, ժողովրդի համար. թե ճգնաժամի ազդեցությունը վերջնականապես հաղթահարելու, թե երկրի քաղաքական, տնտեսական կայուն զարգացում ապահովելու, թե հանրային առավել կատարյալ կանոնակարգում ներդնելու և թե Եվրոպական բարձրագույն չափանիշեերին համապատասխան ընտրություններ անցկացնելու առումով:
Ուրեմն, Նոր տարվա առաջին իսկ ակնթարթին եկեք դեն նետենք հնացած, քարացած մտածելակերպը, մասնատվածությունն ու անհանդուրժողականությունը, չափազանց վարչարարությունն ու կոռուպցիան, դրանց փոխարեն երևան բերենք մեր նախնիներին հատուկ իմաստությունն ու խոհեմությունը,արդարությունն ու արդարադատությունը, անձնազոհությունն ու «մենք»-ի գիտակցման բարձրագույն աստիճանը: Միայն այդպես մենք կունենանք ավելի հզոր ու պաշտպանված Հայրենիք, ավելի բարեկեցիկ ներկա և ավելի ապահով ու հուսալի ապագա:
Շնորհավոր Ամանոր ու Սուրբ Ծնունդ: